Քանի քեռին սաղ ա…
«Միտքն անհեթեթ է ինձ համար, որ Սերժ Սարգսյանն իր բարձր պաշտոնն ապահովելու համար է անում դա: Չեմ կարող հասկանալ` տրամաբանորեն որտեղ եք տեսնում: Քանի դեռ ՀՀԿ-ն կա, Սերժ Սարգսյանն իր մեծ դերակատարումը կունենա: Ի վերջո, ՀՀԿ-ն պետք է ընտրություններին մասնակցի, և ամենամեծ ուժն է, կարծում եմ, ոչ թե սպառվում է, այլ ավելացնում է իր դերը, ու Սերժ Սարգսյանի դերակատարումը ՀՀԿ-ում միշտ բարձր է լինելու»,- երեկ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին և հնչող այն գնահատականներին, որ դրա նպատակը գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2018 թվականից հետո իշխանությունը պահպանելն է:
Այս հայտարարությունն, իհարկե, արժեքավոր է նրանով, որ միտք է պարունակում, ինչը եզակի դեպք է Գալուստ Սահակյանի պարագայում: Թվում է, թե սա Գալուստ Սահակյանի հերթական հայտարարությունն է, որն, ի տարբերություն մյուսների, ավելի հասկանալի է դարձել: Իրականում, սակայն, այս գաղափարն իշխանության կողմից նախագծվող հիմնական սցենարի բաղադրիչն է, որը տեղ է հասցվում ամենատարբեր խողովակներով: Իսկ դրա իմաստն այն է, որ Հայաստանում իշխանությունը պատկանելու է ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանին: Ֆորմալ առումով Սերժ Սարգսյանը կարող է նաև 2018 թվականից հետո իշխանություն չունենալ, բայց նրանը կլինի այն կուսակցությունը, որ կունենա իշխանություն: Ժողովրդավարական փաթեթավորմամբ, սակայն գործնականում` անձի պատկանող իշխանություն:
Քանի որ իրականում Հայաստանում ոչ թե իշխանությունը պատկանում է կուսակցությանը, որն ունի նախագահ, այլ, ինչպես նշեցինք` պատկանում է Սերժ Սարգսյանին, ով ունի կուսակցություն: Որովհետև Հանրապետական կուսակցությունը, ինչպես, ի դեպ, մյուս կուսակցությունների գրեթե մեծ մասը, ոչ թե գաղափարների, արժեքների հիման վրա մարդկանց միավորում է, որն ունի նաև ղեկավար, այլ մարդկանց հավաքակազմ է, որոնք պատրաստ են ոտնահարել ցանկացած գաղափար, արժեք, սկզբունք` հանուն ղեկավարի:
Որովհետև ղեկավարի իշխանությունն ապահովում է իրենց անիշխանությունը: Եվ` հակառակը: Սովորաբար ընդունված է մարդ-կուսակցություն անվանել փոքր, որևէ կշիռ չունեցող կուսակցություններին: Իրականում նույն սկզբունքը գործում է նաև իշխանության դեպքում` ավելի մեծ, ավելի գլոբալ դրսևորումներով:
Այնպես որ, քանի դեռ «ՀՀԿ-ն կա, Սերժ Սարգսյանը մեծ դերակատարում կունենա» արտահայտությունը մոտավորապես նույնն է, ինչ ասել` քանի դեռ ԱԺ նախագահի աթոռը կա, Գալուստ Սահակյանը մեծ դերակատարում կունենա: Աթոռը ցանկացած պահի կարելի է փոխել: Հատկապես, եթե այդ աթոռին նստում են ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու ու ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար, այլ քաղաքականությամբ են զբաղվում, որպեսզի նստեն այդ աթոռին: