«Կռվի համար միշտ էլ պատճառ կգտնվի, բայց ո՞վ է ինչ շահելու եւ ո՞վ է կորցնելու»

Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուրը բազմազավակ ընտանիքների գյուղ է: Յոթ երեխաների մայր Անուշ Բաբայանի համար ամենակարեւոր խնդիրը, որի լուծմանը սպասում է ամեն օր` ջրի խնդիրն է:

Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Նոր Հայկաջուրում ջուր չկա: Ոռոգման առուներն այս ու այն կողմից թրատում են գյուղը: Տնամերձերը խնամված են, իսկ ահա խմելու համար ջուր բերում են հարեւան գյուղերից, Նոր Կարմիրավանից ու Նոր Մարաղայից:

«Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում 9 շունչ ունեցող ընտանիքի համար ամեն օր հինգ կիլոմետր հեռավորությունից ջուր բերել: Լավ է մեքենա ունենք»:

Հին Հայկաջուրում, որն այժմ գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, նույնպես ջուր չկար: Ասում են Անուշի տարեց հարեւանները: «Լավ հարուստ տնտեսություն ունեինք` Թարթառի ափին: Բայց խմելու ջրի կարոտ էինք: Մինչեւ անցած դարի 70-ականները: Հետո հարցը լուծվեց՝ գյուղի տնտեսության միջոցներով: Էն ժամանակ այլ հասարակարգ էր, հիմա այլ: Հիմա յուրաքանչյուր ընտանիք զոռով իր օրվա ապրուստն է հոգում: Էն ժամանակ….»:

Ծերունին ձեռը թափ է տալիս ու հեռանում: Հետո ասում է, որ ջահելները չեն տեսել, ոչինչ չգիտեն Հին գյուղի մասին: Դրա համար նոր տեղում հեշտ են հարմարվում: Տարիներով անլույս, անջուր մնալուց հետո, հիմա էլեկտրական հոսանք ունենալն էլ հաղթանակ են համարում:

2883

Ինքը երբեմն գնում է դեպի սահմանը: Չէ, այս ուղղությամբ չէ: Թալիշի ուղղությամբ: Այնտեղից պարզկա օրերին Հին Հայկաջուրը` Հասանղայան երեւում է: Տանիքները փայլում են արեւի տակ: Ուրեմն մնացող կա: Մարդու աչքերում կարոտ կա: Բայց չես կարողանում բացահայտել. վերջին հայտնության մասին ցավով, թե ուրախությամբ ասաց, որ տները ավեր չեն:
Ավելի շատ սիրտը չբացեց:

Անուշ Բաբայանը Հին Հայկաջուրում տուն ու տեղ թողած ընտանիքի հարս է: Նոր Հայկաջուրում 2004թվականից են բնակվում:

Ասում է, որ սկզբից շատ ծանր ու դժվար էր, առանց ջրի, էլեկտրականության: Հիմա գնալով պրոբլեմները լուծվում են, ավելի ու ավելի է հեշտանում կյանքը: Դպրոց կա, փոքր է, հարմարեցված կառույցում է, բայց կա: Լավ կլիներ երեխաների համար ժամանցի տեղ լիներ, որեւէ խմբակ, թե չէ փողոցում են ամբողջ օրը, կամ ծնողներին են օգնում դաշտ ու բանջարանոցում:

Իրենց ապրուստի միջոցը հողագործությունից ու անասնապահությունից է գոյանում: Բանջարեղեն են վաճառում, կաթնամթերք: «Այստեղ միայն այդպես աշխատելով կարող ես ապրել, եթե շատ աշխատես՝ կարող ես նաեւ շատ լավ ապրել»:

Անուշը Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղից է: «Փոքր եմ եղել: Գյուղի գրոհը, պաշտպանությունը չեմ հիշում»։ Խոստովանում է՝ պատերազմից վախենում է:

2879

Պատերազմի մասին կրակոցներն են հուշում, որ հնչում են սահմանի վրա : Չի հավատում, որ կռիվ կլինի: Չի ուզում:

Ամուսնու`Ռուդիկ Երեմյանի հետ յոթ երեխա են մեծացնում: Վեց աղջիկ, մեկ տղա: «Պատերազմ չեմ ուզում: Վատն է դա»: Գյուղացի կնոջ խոսքը կտրուկ է, անպաճույճ:

«Գիտե՞ք ինչ եմ ուզում, որ գյուղում լավ դպրոց լինի, մանկապարտեզ: Որ երիտասարդների համար այնպիսի պայմաններ լինեն, որ իմ աղջիկների նման չգնան Ստեփանակերտ սովորելու, ու չասեն`գանք գյուղ` ի՞նչ անենք»:

Ծովինար Դանիելյանի հիշողության մեջ Հին Հայկաջուրից պատառիկներ են մնացել: Հիշում է, ինչպես դուրս եկան գյուղից:

Իրենց ընտանիքը`կանայք ու երեխաները տեղափոխվեցին ՀՀ Մարտունու շրջան: Տղամարդիկ մնացին, կռվեցին: Բայց գյուղը պահել չկարողացան: Երբ Մարտակետի շրջանը սկսեց ազատագրվել՝ իրենք վերադարձան Վերին Հոռաթաղ: Ցաքուցրիվ եղած հայկաջուրցիների մնացորդները հավաքվեցին եւ Նոր Հայկաջուրը հիմանդրեցին:

2874

Գյուղի առաջին բնակիչներից էր իրենց ընտանիքը: Հայրը` Գառնիկ Նազարյանը հիմա էլ այստեղ է ապրում: Մյուս թաղամասում:

Պատերազմը, սահմանը, որ այնքան մոտ է: Դրա մյուս կողմում ապրող մարդիկ: «Մեր առօրյա կյանքի վրա ազդո՞ւմ են: Չգիտեմ».- ասում է Ծովինարի ամուսինը`38-ամյա Արթուր Դանիելյանը: «Ազդել են քսան-քսանհինգ տարի առաջ: Երբ իրավիճակը Ղարաբաղում վատացավ, Հրազդանում բնակվող նախկին չափարցի հայրս վերադարձավ գյուղ՝ կռվելու: Ես անչափահաս էի: Փախա, եկա նրա մոտ: Միանգամից մեծացանք: Երիտասարդություն չտեսանք: Պատերազմն է մեղավոր: Ես տեսել եմ այդ ամենը: Երեխաներիս համար դա չեմ ուզում: Ճիշտ հասկացեք: Պատերազմից չեմ վախենում: Մի անգամ անցանք դա: Դա խնդրի լուծում չէ, բայց որ պետք լինի, իհարկե կկռվեմ: Բա ի՞նչ եմ անելու: Չորս երեխա ունեմ: Նոր-նոր ոտք ենք բռնում: Նրանց առնեմ` ո՞ւր գնամ»:

Սահմանից այն կողմ ապրողների մասին խոսել չի ուզում: «Փոքր մարդիկ են: Ինչ ասեն` կանեն։ Կիսելու բան միշտ կգտնվի, կռվի համար միշտ էլ պատճառ կգտնվի: «Բայց ո՞վ է ինչ շահելու եւ ո՞վ է կորցնելու»:

2884

Նրա ասածներից մի պահ եզրակացնում ես, որ խոսքը հողի, տարածքի, մարդկային կորուստների մասին է: Բայց աշխատանքից հոգնատանջ, ժամանակից շուտ մեծացած այրը բոլորովին այլ ուղղությամբ է տանում զրույցը:

«Պատերազմն արժեքներ է փոխել: Բոլորը կորցրել են իրենց տեղը` չգիտես ավագն ով է, կրտսերն ով: Մեծի խոսքը հարգող չկա: Ավտոբուսում կնոջն ու տարեցին տեղ զիջող չկա»:

«Պատերազմն ի՞նչ կապ ունի»:

«Ես այդպես եմ մտածում: Այնքան զրկանքներ տեսան ծնողները, որ պատերազմից հետո երեխաներին մեծ ազատություններ տվեցին: Բայց այդ ազատությունը գնահատել չսովորեցրին: Սա է պատերազմի ամենամեծ վնասը: Նրանց մոտ էլ երեւի այդպես է»,-գլխի շարժումով դեպի սահմանն է ցույց տալիս:

Արթուրը չորս զավակ է մեծացնում: Կրտսերն ընդամենը մի քանի ամսեկան է: Ապրում են երկու սենյականոց փոքրիկ բնակարանում, որ պետական միջոցներով է կառուցվել:

2875

Նույնիսկ կիսատ հայացքով կարելի է բացահայտել, որ պայմանները, մեղմ ասած, լավ չեն: Բայց Արթուրն ու Ծովինարը չեն դժգոհում: Դիմել են, թույլտվության են սպասում, որ նոր սենյակ ավելացնեն: «Երեխաները տղա ու աղջիկ են: Առանձին սենյակներ են անհրաժեշտ»,-բացատրում է հայրը: Ասում է, որ հույս ունեն, որ պետությունը գումարով կամ շինանյութով կօգնի: Լսել են ` գյուղաբնակների համար այդպիսի ծրագիր է գործելու: «Բայց դե որ չլինի էլ` ինքս կաշխատեմ կկառուցեմ: Այստեղ միայն անբաններն ու ծույլերը չեն կարող ընտանիք պահել»:

Դանիելյանների ընտանիքը դեռեւս սեփական հողատարածք չունի: Արթուրը օրավարձու բանվոր է: Աշխատանքից չի դժգոհում: Դժգոհում է ավելի երիտասարդներից:

«Նրանց թվում է փողը երկնքից է թափվում: Ձեռները գրպանում արեւածաղիկ են չրթում, գոնե այդ արեւածաղկի փողը աշխատեք ինքներդ: Պատերազմը փչացրեց սերունդը»,-ասում է սրտնեղած:

«Դուք ձեր երեխաներին ինչպե՞ս եք դաստիարակում, հին թե նոր գաղափարներով»:

«Այնպես, ինչպես մեզ են դաստիարակել, նրանց համար միայն խաղաղություն կուզեմ, մեկ էլ ինտերնետ:Մնացածն այս ձեռքերով կստեղծեմ»։

«Ինտերնետը հին ավանդույթների փոխարեն նոր արժեքներ է բերելու: Չե՞ք վախենում, որ դրանք ավելի հզոր ու ազդեցիկ կլինեն, քան Ձեր տված դաստիարակությունը»:

«Եթե այդպես եղավ, ուրեմն` վայ մեզ: Ուրեմն ավելորդ էր եւ անցած պատերազմը, եւ այս դժվարությունները, եւ մեր` ծնողների բոլոր սպասումները: Ամեն ինչ»։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս