Պակիստանի անվտանգության ուժերը կանխել են ծայրահեղականների հարձակումները Բելուջիստան նահանգում
Պակիստանի անվտանգության ուժերը կանխել են երկրի արևմուտքում՝ Բելուջիստան նահանգի մի շարք շրջաններում զինված խմբավորումների ծրագրած հարձակումների շարքը։ Այս մասին հայտարարել է նահանգային կառավարության ներկայացուցիչ Շահիդ Ռինդը։
«Ահաբեկիչները փորձել են գրոհներ ձեռնարկել Բելուջիստանի որոշ շրջաններում, սակայն ոստիկանությունը և սահմանապահ զորախումբը հասցրել են համապատասխան գործողությունների միջոցով կանխել գրոհները»,- հայտնել է պաշտոնյան Dawn պարբերականին։
Ռինդի խոսքով՝ անվտանգության ուժերը նախկինում երկու օրվա ընթացքում նահանգում իրականացրած շրջայցերի արդյունքում ոչնչացրել են թշնամու 70 մարտիկի։
Ոստիկանությունը հայտնել է նաև Նասիրաբադի շրջանում երկաթուղային գծերի մոտ տեղադրված հակատանկային ականից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի հայտնաբերման և վնասազերծման մասին։ Նշվում է, որ երկաթուղիները հաճախ են դառնում ծայրահեղականների թիրախ։ Մասնավորապես, հունվարի 26-ին Բելուջիստան և Սինդ նահանգները կապող երկաթուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գծերից դուրս էր եկել չորս վագոն։
Հաղորդվում է նաև, որ չնայած ծայրահեղականների ոչնչացման դեպքերի աննախադեպ ավելացմանը, 2025 թվականին Պակիստանում բռնության աճ է գրանցվել, իսկ հարձակումների քանակն ավելացել է 34 տոկոսով։
