ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին «պրոֆեսիոնալ» կերպով անցկացնել զորավարժությունները Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ ԶՈՒ մոտակայքում
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Իրանին կոչ է արել Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ զինված ուժերի մոտակայքում, երկօրյա ռազմածովային զորավարժություններն անցկացնել «պրոֆեսիոնալ» կերպով։
Ըստ CENTCOM-ի հայտարարության, ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում անցկացնում է մարտական հրաձգությամբ երկօրյա ռազմածովային զորավարժություններ, որոնք պետք է սկսվեն կիրակի։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) կոչ է անում ԻՀՊԿ-ին հայտարարված ռազմածովային զորավարժություններն անցկացնել անվտանգ, պրոֆեսիոնալ կերպով և խուսափել միջազգային ծովային փոխադրումների նավարկության ազատության համար ավելորդ ռիսկերից։ Հորմուզի նեղուցը միջազգային ծովային անցում է և առևտրային կարևոր միջանցք, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը։ Օրական աշխարհի մոտ 100 առևտրային նավ է անցնում այդ նեղ նեղուցով։ ԱՄՆ զինված ուժերը ճանաչում են միջազգային օդային տարածքում և ջրերում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու Իրանի իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ ցանկացած «անապահով և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ» ԱՄՆ զինված ուժերի, տարածաշրջանային գործընկերների կամ առևտրային նավերի մոտակայքում «մեծացնում է բախումների, էսկալացիայի և ապակայունացման ռիսկը»։
«CENTCOM-ը կապահովի Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան անձնակազմի, նավերի և օդանավերի անվտանգությունը։ Չենք հանդուրժի ԻՀՊԿ-ի վտանգավոր գործողությունները, այդ թվում՝ թռիչքային գործողություններ իրականացնող ԱՄՆ ռազմական նավերի վրայով թռիչքները, ցածր բարձրության վրա կամ ԱՄՆ ռազմական օբյեկտների վրայով զինված թռիչքները, երբ մտադրությունները պարզ չեն, արագընթաց մոտորանավակների մոտեցումը ԱՄՆ ռազմական նավերին հանդիպակաց ուղղություններով կամ զենքի կիրառման պատրաստվածությունը։
ԱՄՆ զինված ուժերն ունեն աշխարհի ամենաորակյալ ու մահաբեր ուժերը և կշարունակեն գործել պրոֆեսիոնալիզմի բարձրագույն մակարդակով ու հավատարիմ մնալ միջազգային նորմերին։ Իրանի ԻՀՊԿ-ն պետք է նույնն անի»,- ընդգծված է հայտարարության մեջ։
