ԱԼԻԵՎԸ ՄԵԿ ԳԻՇԵՐՈՒՄ ՓՈԽՎԵ՞Լ Է, ԱԼԻԵՎԻ ԱՉՔԵՐՆ Ի՞ՆՉՆ Է ԲԱՑԵԼ. ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ՝ ԲԵՌՆԵՐԸ ՈՆՑ ԷԻՆ ԹԱԼԱՆՈՒՄ. ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն պնդմանը, թե «Ղարաբաղի շարժում այլևս չի լինելու», Թևան Պողոսյանն ասում է, որ չի հետևում ոչ լեգիտիմ իշխանությունների ելույթներին ու հայտարարություններին, և ընդգծում՝ Արցախի հարցը փակված չէ, քանի դեռ աշխարհում կա գեթ մեկ հայ, որի սրտում, հոգում և մտքում կա Արցախը։

«Կապ չունի՝ ով է դա ասում։ Վաղը Թրամփն ասի՝ հավատալո՞ւ եք։ Մենք պետք է հասկանանք, որ դժվարությունները մեր առջև են լինելու, իսկ մենք ինչի՞ն ենք պատրաստ»,- հավելեց Թևան Պողոսյանը։
Այս համատեքստում էլ նա խոսեց հունիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին՝ ընդգծելով. «Եթե ես հունիսին գնացի և ընտրություն կատարեցի, բայց տեր չկանգնեցի ընտրությանը, ապա ո՞ւմ պետք է մեղադրեմ»։
Թևան Պողոսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ արդյո՞ք դա ընտրություն է լինելու, թե՞ լինելու է դրսի ուժերի կողմից ապահովված սցենար։
«Երբ հարցնում եք՝ ինչպե՞ս են անցնելու ընտրությունները, կախված է նրանից, թե ինչպես են տեր կանգնելու քվեին։ Դուք կարող եք ընտրություններ անցկացնել, բայց քվեին տեր կանգնելու խնդիրն է լինելու։ Իսկ երբ ասում եք՝ արտաքին աջակցություն, արդեն հասկանալի է, չէ՞, ինչ է լինելու։ Մենք տեսել ենք, չէ՞, այդ արտաքին աջակցության հետևանքներն այլ երկրներում։
Անցած տարվա հունիսյան դեպքերը, երբ ԱԺ-ի մոտ կրակեցին մարդկանց վրա, մեկնումեկն ուշադրություն դարձրե՞ց։ Դրա համար էլ ԹՐԻՓՓ կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգնե՞րը պետք է Հայաստանի մասին հոգ տանի։ Այնպես որ, մի՛ զարմացեք, որ այսօր չկան հայտարարություններ։ Այդ երկրները գնում են իրենց շահերի հետևից, գնում է աշխարհաքաղաքական պայքար Ռուսաստանի, Իրանի դեմ, դրա համար նույնիսկ փողոցում կտեսնեք՝ ոստիկանը մեկին սպանի, իրենք ձայն չեն հանելու։ Մենք այդ դասը չենք հասկացել»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Իսկ թե ովքե՞ր են այդ «մենք»-ը՝ Թևան Պողոսյանը պարզաբանում է. «Երբ ասում եմ՝ «մենք», այդ «մենք»-ի մեջ այն գաղափարի մարդիկ են, ովքեր ասում են՝ ես հայ եմ, Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է նրա համար, որ մեր պապերի իղձերը կատարվեն՝ օրինակ, հիմնվելով մեր Անկախության հռչակագրի բոլոր ձևակերպումների վրա։ Ես ուզում եմ՝ իմ երեխաներն ապրեն այն Հայաստանում, որը մտածում է հայերի մասին։ Հայաստանի Հանրապետությունը հենց «մենք»-ի մասին է։ «Ցավդ տանեմ»-ի մասին է «մենք»-ը, իսկ դա արդեն չկա, դրա համար պետք է ստեղծել»։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մասին Թևան Պողոսյանը նշեց՝ Ադրբեջանը հայտարարում է, թե պատերազմն իր համար ավարտվել է, քանի որ գտել է մոդել՝ ինչպես հայերին հանել Հայաստանից.
«Երբ Ձեր ասած առաջին դեմքերը միայն «շնորհակալություն» են հայտնում թշնամիներին կախվածության մոդելներ ձևավորելու համար, էլ ի՞նչ ասես։ Կախվածություն է, չէ՞, ձևավորվում երկաթգծի այդ ճանապարհով։ Ինչո՞ւ հենց սկզբից ոչ մի ապրանք չէր գալիս։ Հենց այնպե՞ս է եղել։ Խորհրդային Միության ժամանակահատված՝ 1988 թվական, երկրաշարժ։ Արցախյան շարժումն էլ մի կողմ եմ դնում, Սումգայիթն էլ մի կողմ եմ դնում։ Երկրաշարժից հետո չէ՞ր, որ բեռների մի մասը Բաքվի միջոցով գալիս էր, երբ երկաթգիծը դեռ աշխատում էր։ Նույն պետության մեջ էինք, նույն օրենքներով։ Մոռացե՞լ եք՝ երկրաշարժի համար ուղարկվող օգնությունը ոնց էր թալանվում Բաքվում»։
Փաշինյանի՝ «Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը» արտահայտության առնչությամբ Պողոսյանն ասում է. «Ձեզ ի՞նչ է թվում, Ալիևը մեկ գիշերվա ընթացքում փոխվե՞լ է, Ալիևի աչքերն ի՞նչն է բացել»։
Թևան Պողոսյանը կարևոր նշանակություն է տալիս փետրվար ամսվա խորհրդին և փետրվարին սպասվող տարեդարձներին ու տարելիցներին՝ Արցախյան շարժման սկիզբ, Սումգայիթի ջարդեր։
«Հիմա հիշելո՞ւ ենք, թե՞ ասելու ենք՝ չէ, չխոսե՛ք հանկարծ։ Գնալո՞ւ ենք Արցախի ներկայացուցչություն։ Չէ՞ որ այդ շարժումը եղավ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքը»,- հարց է բարձրացնում զրուցակիցը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ փետրվարը շատ հետաքրքիր ամիս է լինելու նաև 2026-ի ընտրություններին ընդառաջ, քանի որ բոլոր քաղաքական միավորները սկսելու են խոսել իրենց նախընտրական ծրագրերի ձևավորման և առաջարկների մասին։ Պողոսյանի տպավորությամբ՝ փետրվարը կարող է կարևոր պրոցեսների մեկնարկ դառնալ:

«Տեսնենք, լսենք, նայենք, հասկանանք՝ արդյոք կլինե՞ն այն հիմքերը, որոնց կողքին այդ «մենք»-ի ձևավորման գաղափարով կսկսի ինչ-որ մի բան աշխատել։ Փետրվարին կտեսնենք։ Դրա համար եմ ասում՝ հաշվարկե՛ք Ձեր ամեն ինչը»,- հավելեց քաղաքագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
