«Փաշինյանն այլևս չի թաքցնում, որ Արցախի հարցն իր համար փակ է, քանի որ նրան 2018թ.ն հենց դրա համար են դրսի ուժերը բերել իշխանության». Քաղտեխնոլոգ

«2018 թվականին Հայաստանում հեղափոխություն չի եղել, ժողովուրդն այդ իրադարձություններում «մասսովկայի» դեր է կատարել՝ տեղի ունեցածը կապ չունի ժողովրդի հետ։ Նիկոլ Փաշինյանն է այդպես ներկայացնում, թե Հայաստանում տեղի ունեցածը ժողովուրդն է արել»,- 168.am հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին, որ, եթե «Ժողովուրդը դեմ է Ղարաբաղի շարժումը չշարունակելու իր քաղաքականությանը, ապա կարող է հեղափոխություն անել»։

Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում ժողովուրդը սկսած 1995 թվականից փողոցում հեղափոխություն չի արել, այս ամենը լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ վստահ նման հայտարարություններ է անում։

«Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը լավ տեսնում են, որ այս պահին փողոցում հեղափոխություն անելու պոտենցիալ չկա։

Փողոցով կարող ենք հեղափոխություն անել միայն մեկ դեպքում, եթե դրա համար միլիոնավոր դոլարներ դնեն, սակայն դա Հայաստանի դեպքում իրատեսական չէ՝ պետական ողջ ապարատն այս պահին հենց դրա դեմ է պայքարում, որ ֆինանսական ներդրում չլինի հեղափոխության վրա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գաղափարական ռեսուրսին, ապա շատ-շատերը վերջին մի քանի տարիների ընթացքում ուղղակի հեռացան Հայաստանից, Հայաստանում շատ քիչ գաղափարական ռեսուրս է մնացել»,- հավելեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի թաքցնում, որ Արցախի հարցն իր համար փակ է, քանի որ նրան 2018 թվականին հենց դրա համար են դրսի ուժերը բերել իշխանության։

«Բնականաբար, Արցախի հարցի համար են իրեն 2018 թվականին բերել արտաքին ուժերը, հենց այդ քաղաքականությունն է նա 2020, 2021, 2022, 2023 թվականներին իրականացրել։ Իսկ այս պահին նա առհասարակ փակված է  համարում այդ հարցը։

Նրա այս հայտարարություններն ուղղված են և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին, պարզ ասում է՝ իր վարած քաղաքականությունը շարունակելու է։

Նրա այս հայտարարությունը միայն արցախահայերին չի վերաբերում, նրանք այս պահին այնքան են տուժած, որ չեն կարող որևէ բան անել։ Եթե այս հարցը պետք է թողնենք միայն նրանց ուսերին, ապա ոչինչ էլ չեն կարող անել։ Պոտենցիալ ունեին այն ժամանակ, երբ կար Արցախը, կար Արցախի նախագահ։

Ժողովուրդը հնարավորություն ուներ այս հարցն օրակարգում պահել 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց, կարող էր ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց գրեթե չարվեց։ Սակայն սա չի նշանակում, որ ժողովրդի համար Արցախի հարցը փակվել է, չի փակվել։ Ժողովուրդն իր պոտենցիալը կարող է ցույց տալ առաջիկա ընտրություններում՝ հունիսին։ Պետք է քվեարկի այն ուժի օգտին, որն Արցախի հարցում կդրսևորի այլ մոտեցում։

Իշխանությանը հեռացնելու տարբերակներից են ընտրությունը և ՀՀ սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանը նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը և հայտարարությունները կանխելու մեկ ճանապարհ կա՝ երբ նա այլևս չլինի վարչապետի աթոռին։

«Մեր քաղաքական էլիտան պետք է այնքան հզոր լինի, որպեսզի կարողանա նրան այդ աթոռից հեռացնել, չհեռացրեց՝ նրա այդ քաղաքականությունը շարունակվելու է»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր.

«Իմ Ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ»՝ ես էլ եմ այդ խոսույթն ունեցել, դա աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Կարծում եմ՝ այս թեման մենք մեկընդմիշտ պետք է փակենք, որովհետև մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորվել ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է։ Ես էլ հայ ժողովրդին ուղիղ ու հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և այդ գիծը տանելու եմ։ Եթե քաղաքացիները գտնում են, որ ես սխալ եմ, անհամաձայնություն ունեն այս քաղաքականության հետ՝ կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն»։

Տեսանյութեր

Լրահոս