Ռազմական ոստիկանության ծառայողներն առավոտ շուտ եկեղեցի՞ էին գնացել
Սուրեն Պապիկյանի հայտնի «կոնդակից» հետո, երբ միակողմանի լուծարվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն ահազանգեց՝ առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում եկեղեցու մոտ։
«ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել էր եկեղեցու հոգևոր հովիվը՝ իրավիճակը փաստող լուսանկարներով։
Ի դեպ, ՌՈ՝ ծառայություն իրականացնող աշխատակիցները հրաժարվում էին մեկնաբանել, թե ինչու են այնտեղ, բայց և արձանագրենք՝ մինչ այս պահը խոչընդոտման փորձ չի եղել։
168.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ ահազանգով է Ռազմական ոստիկանությունն առավոտից Սուրբ Աստվածածնի բակում։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ի պատասխան՝ վստահեցրեց․ «Բնականոն ծառայություն է․ Երևանի այդ վարչական շրջանում մի քանի զորամաս կա տեղակայված»։
Նկատենք, սակայն, ըստ մեր տեղեկությունների՝ բնականոն ծառայություն իրականացնող ՌՈ ներկայացուցիչները երբեք այդքան մոտ չեն իրականացրել գործառույթները, այսինքն՝ երբեք մեքենան չեն կայանել հենց եկեղեցու դռների մոտ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը՝ նշելով, թե որոշումը հրապարակում է «տարընթերցումներից զերծ մնալու նպատակով»։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով սույն թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։
Քննարկվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոնների ստեղծումը, որոնց համար պարտադիր պայման պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը»։
Պետք է ուշադիր նայել Սուրեն Պապիկյանի հրամանի հետևյալ դրույթի ձևակերպմանը՝ «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն». ենթադրում է, որ Զինված Ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, որտեղ ներգրավվելու համար պարտադիր չէ լինել «հոգևորական», բավարար է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը:
Ասել է թե՝ նրանց մեջ կարող են լինել նաև ոչ հոգևորականներ, նաև՝ կարգալույծ քահանաներ։
Նկատենք՝ Պապիկյանի այս որոշումը հաջորդել էր մամուլի այն հրապարակումներին, որոնցից տեղեկանում էինք՝ գնդերեցները ենթարկվում են ճնշումների, քանի որ չեն միացել Փաշինյանի՝ «բարենորոգման» օրակարգին։
