Ամենաուշը հունիսի 8-ին ա՛յս իշխանությունը չի լինելու. իրենց գնացքը գնացել է. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ պրոցեսների, Սամվել Կարապետյանի իզոլացման նպատակների, ամեն տեղ հիբրիդային գործակալներ փնտրելու իշխանական ջանքերի ու նախընտրական եռուզեռի մասին է ծավալվել 168TV-ի՝ «Զառան հարցեր ունի» հաղորդաշարի նոր զրույցը։ Հյուրը ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Դավիթ Ղազինյանն է։

– Պարո՛ն Ղազինյան, մեր զրույցն այսօր սկսենք Սամվել Կարապետյանի վերջին հայտարարության արձանագրումով առ այն, որ ՀԷՑ սեփականազրկման վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշմամբ պարտադիր ուժը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է հաջորդեր սրան, եթե գործ ունենայինք հենց որոշման կատարման հետ, որովհետև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը՝ Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ամերձ շրջանակները պնդում են, որ արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները։

– Հերթական ապատեղեկատվություն, մեղմ ասեմ, եթե ոչ՝ սուտ և կեղծիք։ Արտակարգ արբիտրի այդ միջանկյալ միջոցը, որը պետք է վաղուց կատարված լիներ Հայաստանի Հանրապետության կողմից, սակայն չի կատարվել, քննություն կատարող կազմը վերահաստատել է՝ պարտադիր կատարման ենթակա է: Եվ Հայաստանի ու Կիպրոսի միջև համաձայնագրի չկատարվածի հետևանքները լինելու են Հայաստանի Հանրապետության վրա, իշխանությունների վրա։

– Պարզ ասած՝ ի՞նչ պիտի լինի, որ չի լինում։

Կարդացեք նաև

– Պետք է հենց էդ պահին որոշումը կասեցվեր․ Ժամանակավոր կառավարիչը, իհարկե, արդեն նշանակված էր, բայց նրա բոլոր գործողությունները, բոլոր գործառույթները պետք է կասեցվեին մինչև վեճի քննության ավարտը։

Վերջինը շատ տրամաբանական է, որովհետև եթե վեճի քննության ավարտին պարզվի, որ տեղի է ունեցել անօրինական գործընթաց, իսկ ես համոզված եմ դրանում, ու ընդունենք՝ այդ ընթացքում կառավարիչը շատ լուրջ վնաս պատճառած լինի իր գործողություններով (ինչը և վկայում է այսօրվա իրական վիճակը), ո՞վ է փոխհատուցելու, ինչպե՞ս է ընդհանրապես կարգավորելու այդ խնդիրը։

– Դա վատթարագույն սցենա՞րն է, որին սպասում եք, և ո՞րը կլիներ լավագույն լուծումը հենց այս փուլում` կարճաժամկետ կտրվածքով։

– Ընդհանրապես, լավագույն լուծումը, ըստ իս, Սահմանադրական դատարանի արդարացի որոշումն է՝ Էներգետիկայի մասին օրենքում փոփոխությունները համարել հակասահմանադրական, և ընդհանրապես պրոցեսը վերադարձնել ստատուս-քվոյի: Բայց այս իշխանությունների կողմից չեմ սպասում այդպիսի բան։

ՀԷՑ-ի շուրջ կատարվողին զուգահեռ՝ հնչեցին հայտարարություններ միջուկային էներգետիկայի ոլորտում հեռանկարների համագործակցության մասին, նաև խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացիայի մասին: Որպես ոլորտի փորձառու մասնագետը՝ ինչպե՞ս եք վերաբերվում այսպիսի հայտարարություններին, ըստ ձեզ՝ ի՞նչ է հաջորդելու սրան, Հայաստանի Հանրապետության համար սա ի՞նչ հեռանկարներ է ստեղծում, դրանք դրակա՞ն են, թե՞ բացասական։

– Կոնկրետ էներգետիկայի մասով ասեմ․ ընդհանրապես, կոմունիկացիաները շատ լինելու հանգամանքը էապես նպաստում է տնտեսության զարգացմանը, բայց այս պարագայում` խոսել թշնամական պետության հետ անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկի շուրջ համագործակցելու հեռանկարի մասին, միասնական համակարգի մասին, անհեռատես քայլ է։

Երբ կլինի արժանապատիվ իրական խաղաղություն, խաղաղության պայմանագիր՝ գերտերությունների երաշխավորմամբ և այլն, այդ պարագայում միգուցե հնարավոր լինի խոսել, բայց այս պահին դրա մասին խոսելը հերթական դավաճանական քայլ է, իմ կարծիքով։

– Փաշինյանի կողմից էներգետիկ համակարգերի միավորման մասին հայտարարության համա՞ր էր արդյոք նաև, որ ՀԷՑ-ը, կարծեք, զոհաբերվեց։

– Ես միշտ նշել եմ, որ ՀԷՑ-ը «խլելու» նպատակները մի քանիսն են․ առաջին հերթին՝ Սամվել Կարապետյանին ստիպել, որպեսզի գա բանակցությունների, հրաժարվի երկրի վիճակի հետ կապված իր տեսլականից։

Երկրորդ նպատակը՝ ՀԷՑ-ը քաղաքականացնելն է, որովհետև մեծ ռեսուրս ունեցող կառույց է, ինչն իրենց է պետք, և դա ևս հաստատվեց իրենց կադրային նշանակումներով։

Եվ գուցե թաքնված նպատակ կար նաև, որպեսզի ՀԷՑ-ը ներգրավվեր այս «բարեկամական» պրոցեսներում, բայց ՀԷՑ-ը բաշխողն է․ պետական ընկերությունն է արտերկրի հետ կապերը պահում՝ հոսանքի ներմուծման և արտահանման առումով։ Բայց, ամեն դեպքում, իրենց տեսակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ դա էլ կարող է լինել։

Խոսեցիք կադրերի մասին, պարբերաբար հրապարակումներ են լինում, որ յուղոտ պաշտոններ են տրվում իրենց շրջապատին, բայց մյուս կողմից էլ՝ նշում են, որ կադրային ջարդի ենթարկված տարբեր անձինք դիմել են դատարաններ, շահել են գործեր։ Ես հիշում եմ, որ առաջինն իրավական պրոցես մեկնարկածներից մեկը նաև Դուք էիք նախ՝ ձեր գործին անդրադառնալով՝ ի՞նչ փուլում է, և իրավական պրոցեսներին անդրադառնալով՝ ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում նաև ձեր նախկին գործընկերների աշխատանքի վերադարձի և այլնի հետ կապված։

– Տեսե՛ք, առաջին ատյանում ես 2 հայց ունեի․ առաջինն աշխատանքից ազատելու և վերականգնելու հետ էր կապված, 2-րդ-ը՝ դիմել էինք կորպորատիվ հայցով, քանի որ կառավարիչը չէր կատարել տնօրենների խորհրդի որոշումը, ըստ որի՝ գլխավոր տնօրենների տեղակալներին ազատելուց պետք է հաշվի առնի կամ հարցնի տնօրենների խորհրդի կարծիքը։

Առաջին հայցով՝ վերականգնման, հաղթել եմ առաջին ատյանում, բայց մասամբ։ Այսինքն՝ վերականգնումը դատարանը համարել է ոչ հնարավոր՝ նշելով, թե ճգնաժամ կա կառավարիչի և իմ հարաբերություններում, բայց ֆինանսական փոխահատուցում է տրվել բավականին մեծ։ Երկրորդ հայցը դեռևս քննվում է:

Մեր ազատված աշխատակիցների մասով՝ գրեթե բոլորը, ինչքան որ այս պրոցեսն ընթանում է, հաղթում են, և նույն այդ տարբերակով, այսինքն՝ ֆինանսական փոխհատուցում, բայց ոչ վերականգնում։

Բայց շատ հետաքրքիր հանգամանք՝ վճռի մեջ գրված է, որ հրամանն օրինական չէ։ Դատարանի դիտարկմամբ՝ հրամանը ճիշտ չէ, այսինքն՝ միանշանակ կառավարչի սխալն է։ Հիմա կառավարչի սխալ հրաման տալու պատճառով քմահաճույքի համար ՀԷՑ-ը պետք է մեծ փոխհատուցում տա, ինչն էլ արդեն նշանակում է, որ սակագնի մեջ պետք է մտնի, և բոլորս պետք է վճարենք սխալների համար։

– Պարո՛ն Ղազինյան, գալով նաև այս տնտեսական, քաղաքական հարցերի պիկին՝ սպասվող ընտրություններին՝ պատրաստվում են գրեթե բոլոր ուժերը, նաև այն ուժը, որին անդամակցում եք՝ «Մեր ձևով» շարժումը, ասացին, որ փետրվարին կլինի արդեն թեկնածուի անունը։ Դուք մի փոքր փակագծեր կբացե՞ք չեմ ակնկալում, որ անունը կհնչեցնեք, ամեն դեպքում, ինչպիսի՞ առաջնորդի մասին է խոսքը և ո՞ւմ ակնկալենք տեսնել։

– Որպեսզի ճիշտ ստացվի, ունենք էսպիսի որոշում, որ փետրվարի 12-ին պարզ կլինի անունը, և համոզված եմ, որ բացարձակ մեծամասնությանը շատ հաճելի և իրենց համար ցանկալի թեկնածու կլինի։

– Մեզ ծանո՞թ արդեն։

– Բազմաթիվ հարցերի դեպքում կարող եք անգամ գուշակել, դրա համար չպատասխանեմ։

– Շատ լավ, Սամվել Կարապետյանի դերակատարումը ո՞րն է լինելու այդ պարագայում։

– Ամբողջական․ ամբողջական պատասխանատվությունն ու դերակատարումն իրենն է։ Սամվել Կարապետյանն է գարանտը։ Ինքն է ամբողջ պրոցեսը գեներացրել և իր անձի շուրջ է ձևավորվել կոնսոլիդացիան։

– Լինում են մարզային այցեր ձեր ուժի կողմից, լինում են քաղաքում համայնքային այցեր, տպավորությունը ո՞րն է, ինչպե՞ս եք գնահատում ձեր ուժի շանսերը, և, առհասարակ, ընտրությունների միջոցով իշխանափոխության հեռանկարն իրատեսակա՞ն է, որովհետև հաճախ ասում են՝ նախորդող տարիները ցույց են տվել, որ, համենայն դեպս, Փաշինյանը չհեռացավ ընտրության արդյունքում։

– Քանի որ նոր ուժ ենք, նոր ենք մտել քաղաքականություն, թույլ տվեք գնահատական չտալ անցած ժամանակվա պրոցեսներին։ Ունեմ համոզմունք, որ ամենաուշը հունիսի 8-ին ա՛յս իշխանությունը չի լինելու։ Ինչպես նշեցիք, մենք շատ մարզային այցելություններ ենք կատարում, վերջին հաշվով, այսօր իրենք էլ են ընդունում, որ մենք ենք, գոնե իրենց ասածով, ընդդիմադիր առաջին ուժը։ Իսկ եթե մի քիչ խիզախություն ունենան, կասեն՝ ընդհանրապես առաջին տեղով գնացող ուժը, եթե այս կիրակի տեղի ունենան ընտրությունները։

Եվ անընդհատ թիրախավորելով մեր ուժը, մեր ղեկավարին, մեր ընկերոջը՝ Նարեկին Կարապետյան, իրենք իրենց թուլությունն են ցույց տալիս․ նյարդայնանում են, որ դեռևս չստեղծված կուսակցությունն արդեն ընդդիմադիր առաջին տեղում է։ Պատկերացրեք՝ քաղաքական ճանապարհը բռնելուց ինչեր կկատարվեն:

Ուժեղ իշխանությունն ընդհանրապես իրեն այսպես չի պահում․ ուժեղ իշխանությունը չի բանտարկում, ուժեղ իշխանությունը չի նյարդայնանում նոր կուսակցության ստեղծումից՝ անկախ նրանից, թե այդ կուսակցությունն ով է ստեղծում, և այլն։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ իրենք էլ են հասկանում արդեն, որ իրենց գնացքը գնացել է։

– Իր նախընտրական եռուզեռը մեկնարկել է, տեսնում ենք, որ իշխանությունները նոր քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառում՝ սրտիկների, երգերի տեսքով, ինչ-որ համերգներ են կազմակերպում, իսկ Դուք ավելի դասական նախընտրական արշավի փուլում եք։ Հնարավո՞ր է, որ ձեր տեխնոլոգիաներն էլ փոխվեն, և մի օր տեսնենք՝ դուք էլ եք երգում, դուք էլ եք ձեր «սերն արտահայտում» ժողովրդի հանդեպ։

– Անկեղծ ասած, եթե սեր արտահայտելն ամեն օր ինչ-որ տարբեր երաժշտությունների ներքո սրտիկ անելն է․․․ մենք գործի մարդ ենք․ եթե երկրում կա խնդիր, մենք չենք զբաղվում դիսկոտեկներ կազմակերպելով, մենք զբաղվում ենք խնդիրներով։ Ուզում եմ իրականում գանք-հասնենք մի իրավիճակի, որ և՛ սրտիկ անենք, և՛ ուրախ լինենք բոլորս, և՛ ունենանք նորմալ երկիր, ունենանք չստող իշխանություն, ունենանք ժողովրդի մասին մտածող իշխանություն, ունենանք կուշտ իշխանություն, որը բյուջեի կողմն անգամ չի նայելու։ Այո, ունենանք վարչապետ, որը տարին 1 դրամ է ստանալու, ինչքան ուզում է փորձեն ժողովրդի մեջ մտցնել, իբրև թե թալանելու են, դրա համար՝ 1 դրամ․․․ Ախր, իրենք նյարդայնանում են, քանի որ չի աշխատում: Ոչինչ, թող նյարդայնանան, շատ չի մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս