Բաժիններ՝

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին. Լսելի դարձրեք հասարակության ձայնը

Շուրջ կես ամիս առաջ Հայաստանի Կանաչների միությունը նամակ էր ուղարկել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները: Սակայն, ինչպես «168 Ժամին» հայտնեց միության նախագահ Հակոբ Սանասարյանը, նամակն այդպես էլ չի հասել վարչապետին: Հ.Սանասարյանին մի հեռախոսահամար են տվել, որով նա, իբրև թե, պետք է կարողանար տեղեկանալ նամակի ճակատագրի մասին, բայց հեռախոսազանգերին պատասխանող չի եղել: Վերջապես, մայիսի
12-ին Հ.Սանասարյանին հաջողվել է կապ հաստատել, և պարզվել է, որ նամակը դարակում դրված է, վարչապետին ցույց չեն տվել:

«Այս գործելակերպը կառավարության համար նորություն չի. 2008-ին ԱԷԿ-ի և Թեղուտի վերաբերյալ 2 նամակ հանձնեցի վարչապետին, նա փոխանցեց այն ժամանակ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ու հանձնարարեց շտապ ընթացք տալ: 1.5 ամիս անց մեկ այլ գործով վարչապետի մոտ էի, հետքրքրվեցի նամակների մասին, Դավիթ Սարգսյանն ասաց, թե ուղարկել են Էներգետիկայի նախարարություն, պատասխան չկա: Մյուս օրն ինձ կանչում են նախարարություն, ու պարզվում է՝ նամակն ընդամենը 1 օր առաջ է մակագրված Դավիթ Սարգսյանի կողմից: Ես թողնում եմ իրենց խղճին՝ դա ներքին կարգադրությո՞ւն է, թե՞ կա մեկ այլ մաֆիա, որը ցածր պաշտոն ունեցողների միջոցով կառավարության ֆունկցիան իր վրա է վերցրել: Թող իրենք լուծեն: Անցած տարի էլ հոկտեմբերին նորանշանակ գլխավոր դատախազին էինք դիմել, որևէ պատասխան չստացանք»,- ասաց Հ.Սանասարյանը:

Հ.Սանասարյանը «168 Ժամ»-ին տրամադրեց Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակը՝ հույս հայտնելով, որ գոնե թերթում հրապարակումը կգրավի վարչապետի ուշադրությունը.

«ՀՀ մեծարգո վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Կարդացեք նաև

Մեր երկրում հանքավայրերը շահագործվում են առանց կշռադատության` հաշվի չառնելով ժողովրդի ու պետության շահերը: Այս ոլորտի կողմից տնտեսությանը հասցվելիք վնասները քողարկվում են հարկային արտոնություններով, որի հետևանքով մետաղական հանքերևակումները շահագործվում են հանքավայրերի անվան տակ, երբ օգուտ-վնասների անկողմնակալ հաշվարկների դեպքում դրանք նույնիսկ ծախսածածկող էլ չեն: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերությունից մեր տնտեսությանը հասցվող վնասները բազմապատիկ անգամներ գերազանցում են օգուտներին:

ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվողներին տրված են հետևյալ չհիմնավորված արտոնությունները.

1. Հանքարդյունաբերության հետևանքով ՀՀ հողին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին հասցրած վնասը նախագծերում հաշվարկվում է, սակայն չի վճարվում: Թեպետ վնասի հատուցումը չի կատարվում, այդուհանդերձ, տնտեսական վնասի գնահատումը արվում է թերհաշվարկներով, որպիսզի այն փոքր երևա: Օրինակ, «Թեղուտ» հանքավայրի շահագործման հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցվելիք գումարային վնասը, ըստ Նախագծի` կազմում է 2,07 մլրդ դրամ (4,6 մլն դոլար, Նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է): Վնասվող, աղտոտվող և ոչնչացվող հողատարածքը 1491 հեկտար է:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով` անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, 1 հեկտարին` 100 մլն դրամ (անծայրածիր հողատարածք ունեցող Ռուսաստանում` յուրաքանչյուր հեկտարի հաշվով` 2,6 մլն դոլար է, այսինքն, 10 անգամ ավելի շատ, քան սակավահող ՀՀ-ում): Եթե անգամ հողի աղբակալման սակագնով հաշվարկենք 1491 հեկտարին հասցվելիք վնասը, ապա այն կկազմի 149,1 մլրդ դրամ (100 000 000 X 1491) կամ 372 մլն դոլար, իսկ ՌԴ համեմատությամբ` 3,876 մլրդ դոլար:

Այս 1491 հա տարածքի զգալի մասը հավերժորեն մնալու է ծանր մետաղներ և թունավոր այլ նյութեր պարունակող պոչանքի և «դատարկ» ապարների տակ, իսկ 240 հեկտար բացհանքի տարածքը դառնալու է հարյուրավոր մետրերի խորության անդնդախոռոչ: Փորձը ցույց է տալիս, որ այդ 1491 հեկտարը դառնալու է անօգտագործելի և շրջակա տարածքների համար թույն սփռող օբյեկտ: Հողատարածքի ոչնչացման համար հատուցվելիք գումարը առայժմ որևէ օրենքում չենք գտել, հետևաբար և հնարավոր չէ ոչնչացվելիք տարածքների հետևանքով Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասի անգամ մոտավոր հաշվարկ կատարել:

2. Հանքարդյունաբերությամբ զբաղվողներն ազատված են մակաշերտը, «դատարկ» ապարները և պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց հարկ վճարելուց (2011 թ. ընդունված «Ընդերքի օրենսգրքում» պոչամբարները համարվեցին «տեխնածին հանքեր» և այս ճանապարհով նորից արտոնվեց պոչանքի համար հարկ չվճարել, ինչը ակնհայտ աչքակապություն է: Հանքշահագործողները պետք է օգտակար տարրերի կորզումը կատարեն, ինչքանով թույլ են տալիս տեխնոլոգիաները, քանի որ պոչամբարների վերամշակումը շրջակա միջավայրի աղտոտման նոր խնդիրներ է առաջացնում, օրինակ` նոր պոչամբարների կառուցումը):

Նույն «Թեղուտ» հանքավայրի Նախագծով, 25 տարիների ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար: Մակաբացման գործակիցը` 0,664 խմ/տոննա է, այսինքն, յուրաքանչյուր տոննա հանքաքարի հաշվով առաջանալու է 1,66 (0,664 X 2,5) տոննա թափոն` մակաշերտ և «դատարկ» ապարներ: Հետևաբար` թափոնները կկազմեն 290 (175 000 000 X 1,66) մլն տոննա: Նաև` վերամշակվելիք 175 մլն տոննա հանքաքարից, ըստ Նախագծի, կառաջանա 172,8 մլն տոննա պոչանք: Ծանր մետաղների բարձր պարունակությամբ պոչանքը պետք է համարվի վտանգավորության առաջին, իսկ «դատարկ» ապարները` երրորդ դասի թափոն («Թափոնների մասին» ՀՀ օրենքում հանքարդյունաբերական այս թափոնները միտումնավոր արտացոլված չեն, որպեսզի այդ թափոնները հարկման չենթարկվեն):

Առաջին դասի վտանգավորության թափոնի մեկ տոննան շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց սահմանված է` 48 000, իսկ երրորդինը` 4800 դրամ հարկ (1 տոննա պոչանքի դիմաց պահանջվող 48 հազար դրամ հարկը շատ փոքր է, քանզի ծանր մետաղներ պարունակող այդ փոշին, շրջակա միջավայրից մեկուսացնելու և հավանական վթարները վերացնելու համար հազարավոր տարիներ ֆինանսական ծախսեր է պահանջվելու: Նախագծերից մեկում նշված էր, որ փակված` ռեկուլտիվացիայի ենթարկված պոչամբարներում յուրաքանչյուր տոննա պոչանքի պահպանության համար միջին հաշվով տարեկան պահանջվում է 1,4 դոլար):

172,8 մլն տոննա պոչանքը ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց հարկը կկազմի 8,294 (172 800 000 X 48000) տրիլիոն դրամ կամ 20,73 մլրդ դոլար, իսկ 290 մլն տոննա թափոնից եթե 200 մլն տոննան համարենք «դատարկ» ապարներ, իսկ 90 մլն տոննան` ոչ վտանգավոր թափոն (յուրաքանչյուր տոննայի համար 600 դրամ), ապա պետությանը մուծելիք հարկը կկազմի 1,014 (200 000 000 X 4800 և 90 000 000 X 600) տրիլիոն դրամ կամ 2,53 մլրդ դոլար: Այսինքն, միայն երեք տեսակի թափոնների (պոչանք, «դատարկ» ապարներ, մակաշերտ) դիմաց Vallex ընկերության վճարելիք հարկը կազմում է ավելի քան 9,3 տրիլիոն դրամ (23,26 մլրդ դոլար):

Այն դեպքում, երբ, ըստ Թեղուտի Նախագծի, այդ հանքավայրի շահագործման արդյունքում «Vallex» ընկերության մաքուր շահույթը կարող է կազմել 406,2 մլն դոլար, իսկ ՀՀ վճարելիք շահութահարկը` 101,7 մլն դոլար: Այստեղ ՀՀ կառավարության և Vallex ընկերության երկխոսությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ` «տուր ինձ 101,7 մլն դոլարի խոստում և իմ տնտեսությանը հասցրու հազարավոր միլիարդ դոլարների անվերականգնելի վնաս»: Եթե պայմանականորեն ընդունենք, որ ծանր մետաղներ պարունակող պոչանքն ու «դատարկ» ապարները նույնպես հարկվեն որպես ոչ վտանգավոր թափոններ, ապա նույնիսկ այս դեպքում պետությանը մուծելիք հարկը կկազմի 278 (462 800 000 X 600) մլրդ դրամ կամ 694 մլն դոլար:

Մեկ այլ օրինակ: Շահագործման իրավունք ստացած Մեղրու տարածաշրջանի Այգեձորի «Թխկուտ» տեղամասի պղնձամոլիբդենային հանքավայրում առկա է 13,48 մլն տոննա հանքաքար`պղնձի հաշվարկային պաշարը 21890,7 տոննա է, իսկ մոլիբդենինը` 5389 տոննա: Մակաբացման միջին գործակիցը` 7,88 խմ/տ, հետևաբար, հանքաքարի յուրաքանչյուր տոննայի հաշվով առաջանալու է 23,4 տոննա (7,88 X 2,97) «դատարկ» ապար և լեռնային զանգված: Հետևաբար, 13,48 մլն տոննա հանքաքար հանելիս առաջանալու է է 315 (13 480 000 X 23,4) մլն տոննա թափոն: Նաև` 13,48 մլն տոննա հանքաքարի վերամշակումից կառաջանա 13,32 մլն տոննա պոչանք, որի պետական հարկը կկազմի 639 (13 320 000 X 48000) մլրդ դրամ կամ 1,59 մլրդ դոլար: 315 մլն տոննա թափոնից մոտ մեկ միլիոն տոննան մակաշերտն է, իսկ 314-ը հանքաքարը պարփակող ժայռային ապարներ են, այսինքն` «դատարկ» ապարներ: Այս երկու թափոնների դիմաց հարկային վճարումը կկազմի ավելի քան 1,5 (314 000 000 X 48000 և 1000 000 X 600) տրիլիոն դրամ կամ 3,75 մլրդ դոլար: Այսինքն, միայն պոչանքի և նշված թափոնների համար վճարելիք հարկը կկազմի 2,139 տրիլիոն դրամ (5,34 մլրդ դոլար), այն դեպքում, երբ պղնձի և մոլիբդենի 75%-ով կորզման դեպքում, հանքավայրի շահագործման իրավունքը ստացած «Թաթսթոուն» ընկերության եկամուտը, պղնձի և մոլիբդենի այսօրվա գներով, կկազմի մոտ 200-210 մլն դոլար:

Հանքարդյունահանման հետևանքով առաջացած մակաշերտը, «դատարկ» ապարները և պոչանքը հարկման չենթարկելն է պատճառը, որ հանքատերերը չեն ցանկանում հանքավայրերը փակ եղանակով շահագործել և փակ եղանակով շահագործվող հանքավայրերն էլ դարձնում են բաց հանք: Օրինակ, թունելային և բաց եղանակով շահագործվող Սոդքի ոսկու հանքավայրում ոչնչացրել են նախկինում շահագործված թունելները, միլիոնավոր տոննա թափոնները սփռելով Սևանա լճի ավազանի և Արցախի տարածքներում:

3. Հանքավայրերի շահագործման իրավունք ստացած ընկերությունները պետական գանձարան չեն մուծում այդ հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրության համար նախկինում կատարված ծախսերը, երբ յուրաքանչյուր մետաղական հանքավայրի ուսումնասիրության համար հսկայական գումարներ են ծախսվել: Օրինակ, Շահումյանի ոսկու հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության վրա ծախսվել է 160 մլն ռուբլի (ավելի քան 170 մլն դոլար): Այդ գումարները պետության-ժողովրդի միջոցներից են ծախսվել և պետք է հետ վերադարձվեն:

4. Հանքարդյունահանող ընկերությունների կողմից անդրսահմանյան հողի, ջրի աղտոտման և բուսական ու կենդանական աշխարհին հասցրած վնասի հատուցումը կատարելու են ոչ թե աղտոտողները` հանքշահագործողները, այլ ՀՀ-ն, ի՞նչ առողջ տրամաբանությամբ` անընկալելի է:

5. Հանքարդյունահանող ընկերություններին արտոնված է իրենց կողմից օգտագործվող տեխնիկական ջրի համար վարձ չվճարել:

6. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ… հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասնահատումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն… Այս ճանապարհով մեծանում է ընկերությունների ազդեցությանը համայնքների վրա: Պետությունը իր ֆունկցիան չպիտի հանձնի հանքատերերին:

7. Հանքարդյունաբերությունից առաջացած գերշահույթը հիմնականում բաժին է դառնում հանքշահագործողներին, երբ այդ գերշահույթն առաջանում է ժողովրդի-պետության սեփականության շահագործումից:

8. Հանքարդյունաբերողներին ներմուծման և արտահանման արտոնություններ են տրված և այլն:

Վերը բերված մոտավոր և ոչ ընդգրկուն հաշվարկներից երևում է, որ օրինակ, Թեղուտի և Թխկուտի հանքավայրերը ոչ թե հանքավայրեր են, այլ հանքերևակումներ, որոնց հանքանյութերում օգտակար տարրերի պարունակություններն այնպիսին չեն, որ նույնիսկ ծախսածածկող լինեն: Դժբախտաբար, մեր երկրում հարյուրավոր հանքերևակումներ կան, որոնք արհեստականորեն հանքավայր են կոչվում, որոնցից տասնյակների համար արդեն ուսումնասիրության և շահագործման իրավունք է տրված:

Միաժամանակ, համացանցով և այլ ճանապարհներով գովազդվում են հանքերևակումները որպես մետաղական հանքավայրեր և Հայաստան հրավիրվում օտարերկրյա նորանոր ընկերություններ:

Դիտարկումները ցույց են տալիս, որ միջազգային շուկայում մետաղների գները ցածր են, քան նրանց իրական ինքնարժեքները, ինչը հավանաբար կանխամտածված է և հեռահար նպատակ է հետապնդում:

Տարիներ առաջ Կանաչների միությունը հանքարդյունաբերական թափոնները հարկման դաշտ բերելու հարցով դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին: 2008 թվականի հունիսի 20-ին նրա մոտ կայացած խորհրդակցության արձանագրության (N 50-88) զ) կետում գրված է. «Քննարկել Հ. Սանասարյանի Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ առաջարկությունը և հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկներ»:

Նույն տարվա սեպտեմբերին վարչապետը նորից անդրադարձել է այդ խնդրին և տվել է հետևյալ հանձնարարությունը. «6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանի, էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի հետ համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն» (արձանագրություն N 88-180, 12.09.2008 թ.): Ցավոք այդ նախաձեռնությունը ընթացք չստացավ:

Մինչ այսօր արտոնագիր ստացած բոլոր հանքավայրերի շահագործման դեպքում ՀՀ-ում չթունավորված գետ չի լինելու` թունավորվելու է ոչ միայն ոռոգման համակարգը, այլև վարելահողերը, արոտավայրերը, խմելու ջուրը…
Հանքարդյունաբերությունը արհեստականորեն դուրս են հանել տնտեսվարման կանոններից և դարձրել Հայաստանը համատարած ամայացնող գործոն: Փաստորեն, ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում վարվող քաղաքականությունը շահեկան է միայն մի քանի ընտանիքների և ուղղված է ՀՀ հետագա գոյության դեմ:

Պահանջում ենք` հանքարդյունաբերության թափոնները հարկման դաշտ մտցնել, հանքարդյունաբերությամբ զբաղվողներին զրկել վերոհիշյալ արտոնություններից, կասեցնել ընդերքի հարստությունների կողոպուտը, հանքարդյունաբերության ոլորտում վարվող քաղաքականությունը արմատապես վերանայել և համապատասխանեցնել ժողովրդի ու պետության շահերին:
Ժամանակն է անհապաղ կասեցնել Հայաստանի կործանումը»:

Հակոբ Արբակի Սանասարյան
Հայաստանի Կանաչների միության նախագահ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս