Ն. Փաշինյանը Հայաստանի վարած քաղաքականությունը համեմատեց մերկասառույցի վրա կտրուկ արգելակած «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի հետ
«Եթե Հայաստանի` վերջին տարիների արտաքին քաղաքականությունը բնորոշենք կոնկրետ տերմիններով, կարծում եմ` կարելի այդ քաղաքականությունը բնորոշել որպես ցայտնոտային»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» խորագրով քննարկումը կազմակերպել էին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, իսկ ելույթ ունեցող քաղաքական գործիչները մի քանիսն էին` Հանրապետական կուսակցություն ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ով նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է: Փորձագիտական վերլուծություն ներկայացրեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է գործող իշխանության արտաքին քաղաքականությունն անվանում ցայտնոտային.
«Հիշենք Հայաստան վերադառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանի` Մոսկվայից արված հայտարարությունը` «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկի մասին, հիշենք հաջորդ հայտարարությունը, երբ նա ասաց, որ պատասխան այցով Թուրքիա կգնա միայն բաց սահմանով, բայց արդյունքում` Թուրքիա գնաց փակ սահմանով: Հիշենք Եվրամիության հետ եռամյա բանակցությունները՝ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին, և այդ ճանապարհին արգելակումը ամենավերջին պահին:
Հիշենք Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտարարությունը, հետո դրան հետևած այն հայտարարությունը, թե Հայաստանը Մաքսային միությանը չի անդամագրվելու, միանգամից անդամագրվելու է Եվրասիական միությանը, և արձանագրենք, որ այնքան էլ հասկանալի չէ, թե երբ, որտեղ, ինչպես է ձևավորվելու Եվրասիական միությունը և ինչ է այն իրենից ներկայացնելու:
Ես սա ասում եմ` ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանի իշխանավարության ընթացքում տեղի ունեցած բոլոր քայլերն իրենց խորքում ունեն ցայտնոտ: Դրանք մանրամասն պլանավորված, հետևողականորեն մինչև վերջ մտածված քայլեր չեն, շատ դեպքերում դրանք իրավիճակից բխող քայլեր են:
Եվ քանի որ կազմակերպիչները հարմար են համարել ճանապարհային այլաբանություն, ես նույնպես ինձ թույլ կտամ իրավիճակը ներկայացնել երթևեկության ճանապարհային այլաբանությամբ: Երբեմն ես Հայաստանի վերջին տարիների վարած քաղաքականությունը նմանեցնում եմ մերկասառույցի վրա կտրուկ արգելակած «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային: Նրանք, ովքեր երբևէ բախտ են ունեցել այդպիսի ավտոմեքենա վարել, գիտեն, որ այդպիսի արգելակման դեպքում մեքենան անկանոն և անկառավարելի շարժումներ է անում, և բոլոր նրանք, ովքեր երբևէ այդպիսի իրավիճակում գտնվելու դժբախտություն են ունեցել, գիտեն, որ այդ իրավիճակից հետո առաջին բանը, որ պետք է անել, նախ մի պահ կանգ առնել, հետո շունչ քաշել, հասկանալ տեղի ունեցածի պատճառները և համապատասխան ռազմավարությու ունենալ` նույն իրավիճակում չհայտնվելու համար:
Կարծում եմ` հիմա Հայաստանի արտաքին քաղաքականության համար ճիշտ ժամանակն է, եթե մի բան էլ չի անցել, կանգ առնել և ճշտել սեփական կոորդինատները` արտաքին քաղաքական իմաստով, և այն նպատակակետերը, որոնց ուզում ենք հասնել, հասկանալ` որո՞նք են, ի վերջո, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Իմ կարծիքով, որպես առաջնահերթություն` կարելի է ձևակերպել հետևյալը, որ մենք կարիք ունենք մշակելու հստակ ռազմավարություն, որի նպատակը պիտի լինի արտաքին քաղաքական կախվածությունների հավասարակշռումը»:
Փաշինյանն ավելացրեց` այս իմաստով երկու լուր ունի, մեկը` լավ, մյուսը` ոչ այնքան. «Լավ լուրն այն է, որ տեսականորեն այսպիսի ռազմավարություն հնարավոր է, այսինքն` աշխարհաքաղաքական դասավորությունը և գործընթացները նման ռազմավարության ունենալու և իրագործելու հնարավորություն տալիս են, երկրորդը` վատ լուրն այն է, որ Հայաստանը, ըստ էության, գտնվում է աշխարհաքաղաքական մի քանի թակարդների, որոգայթների մեջ, և այստեղ կտրուկ շարժումները կարող են լրջորեն վնասել Հայաստանի ռազմավարական շահերին: Այստեղ ուզում եմ արձանագրել, որ, իմ կարծիքով, Հայաստնի արտաքին քաղաքականության հենքը պետք է լինի տարածաշրջանային քաղաքականությունը, նկատի ունեմ հատկապես Իրանի և Վրաստանի հետ նոր հարաբերությունների հաստատումը, որի վրա հենվելով` պետք է փորձենք նոր հարաբերություններ կառուցել աշխարհի հետ»:
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հակառակն է կարծում: Ըստ նրա` Հայաստանը, երկու կողմից լինելով շրջափակված և նաև տրանզիտ կախվածություն ունենալով Իրանից և Վրաստանից, ավելի իրատեսական, ավելի կիրառական և արդյունավետ տնտեսական հարաբերություններ կարող է իրականացնել Եվրասիական տնտեսական տարածքում:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, Զաքարյանը նշեց, որ իր կուսակցությունը շատ է կարևորում ԵՄ-ի հետ համագործակցությունը, բայց թե ինչ ձևաչափով այն կլինի, ժամանակը ցույց կտա:
«Օգտագործելով առիթը, քանի որ ներկա են նաև Եվրամիության անդամ երկրների հարգարժան դիվանագետները, շնորհակալական խոսք պիտի ասեմ երկարատև և հետևողական աջակցության համար, որ եղել է նախորդ տարիների ընթացքում Եվրամիությունից և, վստահ եմ, լինելու է նաև հետագայում, որովհետև դա իրոք մեզ հնարավորություն է տվել, որպես պետականություն և արդյունավետ կառավարման ռեսուրսներ ունեցող պետականություն, ավելի շիտակ և ավելի ամուր դիրքերից խոսելու: Այս առումով` մենք, որպես պետություն, որպես քաղաքական ուժ, հանձնառու ենք նախևառաջ մեր հասարակության առջև այդ զարգացումներն առաջ տանելու և մեր գործընկերների առջև մեր ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար: Դրա համար մենք շարունակում ենք կարևորել Արևելյան գործընկերությունը: Ոչինչ, որ Վիլնյուսում չստացվեց այն, ինչ նախատեսված էր: Ըստ էության` դա ևս ժամանակի պահանջի դրսևորման մի ձև էր: Բայց Վիլնյուսից հետո կլինի Ռիգա, Ռիգայից հետո կլինեն այլ համաժողովներ, տարբեր ձևաչափեր, և մենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք` ի շահ երկուստեք հարաբերությունների զարգացման և խորացման, ի շահ մեր հասարակության, մեր պետության»,- ասաց Արտակ Զաքարյանը: