Արթուր Ղազինյան. Եկել է սեպտեմբերի 3-ի որոշումը վերանայելու ժամանակը

«Եկել է սեպտեմբերի 3-ի որոշումը վերանայելու ժամանակը»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» խորագրով կազմակերպված քննարկմանը կարծիք հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա անդրադարձավ 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը անդամակցելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ստեղծված վիճակին, Հայաստանի հնարավորություններին և նաև գործող աշխարհաքաղաքական իրադրությանը` նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները` իշխանափոխությունը և «Մայդանը» փոխեցին բոլոր ծրագրերը` կապված Մաքսային/Եվրասիական տնտեսական միության ձևավորման հետ:

«Ներկայումս մենք կանգնած ենք Խորհրդային միության փլուզումից հետո ձևավորված աշխարհակարգի և խաղի կանոնների փոփոխության փորձի առջև: Ռուսաստանը փորձում է միակողմանիորեն փոխել այդ աշխարհակարգը, դա ակնհայտ է, իսկ Արևմուտքը փորձում է դա թույլ չտալ: Հիմա արդյոք արդիական է մնում այդ որոշումը: Երկրորդը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, Հայաստանին խոստացել էին բավականին գրավիչ պայմաններ, այն է` Հայաստանում տնտեսական ներդրումներ, մասնավորապես` խոսք կար Իրանի սահմանին նավթավերամշակման գործարանի հիմնադրման, նոր ատոմակայանի կառուցման, «Նաիրիտի» վերագործարկման մասին, նաև տարածքները` մարզերն ու նահանգները միմյանց հետ կապելու մասին… Խոսում էին մինչև 20 մլրդ դոլարի ներդրումների մասին, բայց մենք տեսնում ենք, որ անցել է բավական երկար ժամանակ, և ի՞նչ 20 մլրդ: Ռուսաստանը Հայաստանում նույնիսկ 1000 դոլարի ներդրում չի արել: Եվ սպասել, որ դա տեղի կունենա, կլինի միամտություն, որովհետև տեսնում ենք, թե ինչպիսի տնտեսական և ֆինանսական մեկուսացման մեջ է հայտնվում Ռուսաստանը` հատկապես Ղրիմից հետո, և այն ներդրումները, որոնք նախատեսված էին Հայաստանում ներդրումներ անելու համար, փաստորեն, կուղղվեն դեպի Ղրիմ»,- նշեց Արթուր Ղազինյանը:

Վերլուծաբանն ասաց, թե եկել է այն եզրակացության, որ Հայաստանի «եվրո-ասոցացումը» տապալվեց ռուս-թուրքական համատեղ ջանքերով. ԵՄ ազատ առևտրի գոտի մտնելու դեպքում` Հայաստանը ԵՄ-ի հետ առևտուրը պետք է իրականացներ Թուրքիայի հետ բաց սահմանների պայմաններում, սակայն Թուրքիան, լինելով Եվրամիության մաքսային անդամ, սահմանի բացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի խնդրով, իսկ մյուս կողմից` Ռուսաստանը 4 մլրդ ԱՄՆ դոլարի համարժեք զենք-զինամթերք վաճառեց Ադրբեջանին, և Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, որում ընտրության հնարավորություն չուներ: Ընդ որում, ըստ Ղազինյանի, դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի անտարբերության և ԵՄ-ի` դրան հակազդելու անկարողության պայմաններում:

Կարդացեք նաև

«Ակնհայտ է, որ եկել է սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը վերանայելու ժամանակը: Կա դրա անհրաժեշտությունը,- ավելացրեց նա Արթուր Ղազինյանը:- Ի՞նչ էին սպասում Հայաստանը և Ռուսաստանը այս որոշումից: Ռուսները մեզնից սպասում էին ինքնիշխանության սահմանափակում, ակնկալում էին միջազգային վարկանիշի անկում, որպեսզի Հայաստանն ինքնուրույն հանդես չգար միջազգային հարթակներում և չփորձեր խոսել, և ակնկալում էին Արևելյան գործընկերության տապալում: Վիլնյուսից առաջ Հայաստանը հանելով Ասոցացման համաձայնագիրը ստորագրող պետությունների թվից` Ուկրաինան հայտնվելու էր ծանր իրավիճակում: Բայց տեսանք` ինչ տեղի ունեցավ. Ուկրաինան հրաժարվեց դա ստորագրելուց: Նաև էֆեկտը հոգեբանական էր, որ Արևելյան գործընկերությունը մազից է կախված: Ի՞նչ էր սպասում Հայաստանն այդ ամեն ինչից, մի խոսքով` էժան գազ, չնայած թե ո՞ւմ համար էր, ի վերջո, էժան այդ գազը, ոչ ոք չհասկացավ, որովհետև ոչ մեկի համար այն չէժանացավ: Ընդամենը Գազպրոմ ընկերությունը սկսեց իր դուստր ձեռնարկությանը ավելի էժան գնով գազ վաճառել: Շարքային բնակչի համար ոչինչ չփոխվեց: Այսինքն` այս ամենի արդյունքում մենք միայն կորցրեցինք»:

Նշենք, որ քննարկումը կազմակերպել էին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:

Տեսանյութեր

Լրահոս