Հայտնի է՝ ինչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանն ու ևս 6 անձ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևան քաղաքում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք՝ որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն:

Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:

Այուհետև, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք և խարդախություն կատարելով ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով:

Իրենց հերթին հանցավոր կազմակերպության մասնակիցները գիտակցելով, որ վերը նշված հողատարածքները ձեռք են բերվել մի շարք հանցանքների կատարման արդյունքում և դրանք ունեն հանցավոր ծագում, ի կատարումն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից տրված հանձնարարականների, ձեռնամուխ են եղել հանցավոր կազմակերպության վերջնական նպատակին հասնելուն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ:

6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 4 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

7 անձ ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

168.am- Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ 2024 թվականի փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Վահան Քերոբյանը պաշտոնից ազատվել էր փետրվարի 14-ին՝ Փաշինյանի առաջարկությամբ․ Քերոբյանն ինքը բարձրաձայնել էր Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնությունների մասին։

Պաշտոնից ազատումը, սակայն, տեղի էր ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որում հայտնվել էր նրա արդեն նախկին տեղակալը՝ Անի Իսպիրյանը։ Կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։

Երկու վարույթներով ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։

Հետագայում Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր սահմանվել տնային կալանքը։ Ինքը՝ Քերոբյանը, կասկածանքով էր վերաբերվել քրեական գործի հիմնավորվածությանը, ավելին՝ նշել էր, որ ՔԿ-ն նախ պետք է պարզաբանի՝ ինչ է ենթադրում չարաշահումը, անգամ նշել էր, թե գուցե լրագրողների հետ խոսելն էլ չարաշահում դիտարկվի։

Ի դեպ, պաշտոնից ազատման հաջորդ իսկ օրն էին Քերոբյանին հրավիրել ՔԿ՝ հարցաքննության, ապա՝ մեղադրանք ներկայացրել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Տեսանյութեր

Լրահոս