Ստեփան Սաֆարյան. ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում Ղրիմի սցենարի կրկնությունը թույլ չտալն է
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով պետական այցով Հայաստան ժամանեց երեկ` մայիսի 10-ին, Երևանում մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Մասնավորապես, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա նշել է, որ «Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի», իսկ Մաքսային միության Հայաստանի անդամակցման մեջ ինքը խնդիր չի տեսնում: Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` ասելով, թե տարածաշրջան է եկել (նախ` Ադրբեջան, հետո` Հայաստան) այդ խնդրին լուծում գտնելու համար: Թեմայի շուրջ զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:
– Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը` ԵՄ-ի հետ «ասոցացվելու» վերաբերյալ: Արդյոք սա հերթապահ հայտարարությո՞ւն էր, թե՞ այն նաև ինչ-որ հիմքեր ունի:
– Որքան էլ հայտարարությունը քաղաքական առումով հաճելի լինի լսելը, այնուամենայնիվ, տեխնիկական մասով խնդիրներ հարուցող է, որովհետև, ըստ էության, բազմիցս նշվել է, որ Ասոցացման համաձայնագիր նշանակում է նաև հընթացս ազատ առևտրի գոտի, այսինքն` ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտուր:
Բրյուսելի պաշտոնյաներն այս ամիսների ընթացքում չէին փոխել իրենց դիրքորոշումը, որ դրանք մեկ միասնական փաթեթ են: Հետևաբար, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն «ասոցացման» մասին մի փոքր տեխնիկական ռիսկերի հետ է կապված, եթե եվրոպական պաշտոնյաները Եվրոպայի հետ ազատ առևտուրը հակադրության մեջ են դրել Մաքսային միության կազմում ազատ առևտրի գոտու հետ:
Թե ինչ նկատի ունի Օլանդը, դժվար է ասել, որովհետև, կրկնում եմ, դա խնդիրներ է հարուցում, երբ այն համադրում ես Բրյուսելի պաշտոնյաների արած հայտարարությունների հետ: Եթե Ֆրանսիայի նախագահը նկատի ունի այն, ինչը Եվրոպայում կոչվում է «Ասոցացման համաձայնագիր lights»` փափուկ Ասոցացման համաձայնագիր, ապա դա ուրիշ խնդիր է: Կարծում եմ` այդ հարցը լուծելի է:
Եթե խոսքը սրա մասին է, ապա նորմալ է, եթե ոչ, և ապա դժվարանում եմ ասել, թե ինչ համաձայնության կգան ԵՄ-ի առանցքային երկրների ղեկավարները Հայաստանի հարցում:
– Հիշենք, որ վերջին շրջանում նմանատիպ հայտարարությունները շատացել են. Հայաստանում Գերմանիայի դեսպանն ասել էր, որ Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասը», ԵՄ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի խոսնակը, պատասխանելով մեր հարցման, մասնավորապես նշել էր, որ «ԵՄ–ն պատրաստ է առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն քաղաքական կողմը, այլև զարգացնել առևտրային հարաբերությունները»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ԵՄ-ն ինչ-որ փաստաթուղթ է պատրաստում Հայաստանի համար:
– Փաստաթուղթ պատրաստվելու է, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Այսինքն` Հայաստանի և ԵՄ-ի միջև լինելու է նոր պայմանագրային բազա: Երբ մենք այստեղ քննարկում ենք հնարավոր համաձայնագրի անունները` ասոցացման, համագործակցության և այլն, այդ պարագայում ընդամենը կարևոր է հասկանալ, թե ԵՄ-ի որ գործիքն է օգտագործվելու, որովհետև դրանք այնքան էլ շատ չեն: Եթե ԵՄ-ն առաջիկայում նոր գործիք է ստեղծելու, դա ուրիշ հարց է: Այդ դեպքում, իհարկե, մենք կարող ենք քննարկել մոդիֆիկացված ինչ-որ գործիք, բայց դատելով հայտարարություններում օգտագործված բառաֆոնդից և ԵՄ-ի` հարաբերոթյունների համար նախատեսված ոչ մեծաքանակ գործիքներից` հստակությունը դեռևս պակասում է, թե ինչի մասին է խոսքը:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք հակասություններ չե՞ն պարունակում Եվրոպայի ներկայացուցիչների` տվյալ պարագայում Գերմանիայի դեսպանի և Ֆրանսիայի նախագահի հայտարարություններում օգտագործված ձևակերպումները և նախկինում այլ չինովնիկների արած հայտարարությունները: Նկատի ունեմ, որ մինչև չպարզվի, թե ինչ գործիքի մասին է խոսքը, մենք դժվար թե կարողանանք հետևություններ անել: Պարզ է մի բան` այն պայմանագիրը, որի շուրջ ԵՄ-ն ուզում է Հայաստանի հետ բանակցել, երկու անուն ունի, այն կա´մ կոչվում է «Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» (PCA+), կա´մ «մեղմ Ասոցացման համաձայնագիր»: Եթե ընդամենը գործ ունենք բառախաղի հետ, և իրականում դրա տակ թաքնված է այս պայմանագիրը, որը, հայտնի Ասոցացման համաձայնագրի հետ համեմատ, ավելի քիչ հավակնոտ է, ապա դա այլ քննարկման թեմա է:
Իսկ եթե Եվրոպայում մոտեցումները փոխվել են, ապա դա ժամանակը ցույց կտա:
– Իսկ ղարաբաղյան հարցի համատեքստում Օլանդի այցը տարածաշրջան որևէ ուղերձ պարունակո՞ւմ է:
– Միանշանակ, հատկապես որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և Ֆրանսիայի նախագահը այցելում է և´ Ադրբեջան, և´ Հայաստան: Ուստի, նրա այս հայտարարության տակ պետք է տեսնել այն, որ Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է և ուզում է գործակցել խաղաղության գործընթացին հավատարիմ Ադրբեջանի և Հայաստանի հետ:
Ջեյմս Ուորլիքի ուղերձի խնդիրը նույնպես խաղաղության գործընթացն առաջ տանելն է, բանակցությունները վերսկսելը: Հետևաբար, պիտի հասկանանք, որ գոնե Ֆրանսիայի համանախագահը այս վերջին ամիսների ընթացքում համերաշխ է եղել ԱՄՆ-ի ջանքերի հետ և երբևէ տարաձայնություն չի հայտնել, և կարելի է ասել, որ, այո, Օլանդի խոսքը մասամբ վերաբերում էր նրան, ինչ հրապարակային ասաց Ուորլիքը:
–Ֆրանսիան, Միացյալ Նահանգները ակտիվություն են ցույց տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում, ո՞րն է դրա գլխավոր պատճառը:
– Նրանց թիվ մեկ մտահոգությունը այն է, որ Լեռնային Ղարաբաղում չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում` Ղրիմի դեպքում: Եվ այս իմաստով` նրանք ուզում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ապահովագրել նման զարգացումներից: Թերևս բանակցությունների վերսկսման ակտիվացման և նաև կողմերից կարգավորման նախկին շրջանակներին հավատարմության ձեռքբերումը գլխավորապես այս նպատակն ունի:
– Ռուս վերլուծաբաններից մեկն օրերս կարծիք էր հայտնել, թե «ամերիկացիները նոր Քեմփ-Դեյվիդի համաձայնագիր են պատրաստում Հայաստանի համար» (1979 թ. մարտի 26-ին գլխավորապես ԱՄՆ-ի ջանքերով ամերիկյան նախագահների ամառանոցում` Քեմփ-Դեյվիդում, Իսրայելը հաշտության պայմանագիր կնքեց Եգիպտոսի հետ` վերջինիս վերադարձնելով գրավյալ Սինայ թերակղզին): Համամի՞տ եք այս համեմատության հետ:
– Գիտեք, Ուորլիքը մի անգամ իր թվիթերյան գրառումներից մեկում ակնարկել է դրա մասին, որ պետք է սովորել Քեմփ-Դեյվիդից: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում համանախագահները կգնան դրան՝ բավականին վիճելի է, բայց նման ակնարկներ ակնհայտորեն արվել են: Ընդհանրապես վերջին ամիսներին շատ տարօրինակ հայտարարություններ էլ են հնչել. օրինակ` 1996 թ. լիսաբոնյան գագաթաժողով, Հայաստանը մենակ մնաց և ստիպված եղավ վետո դնել:
Դրա մասին Բաքվում հայտարարել էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համանախագահողը, և այսպես շարունակ: Այսինքն` կան հայտարարություններ, որոնք, անշուշտ, հնարավոր ճնշումները մեծացնելու մասին են: Իմ կարծիքով` խնդիրն այս պահին լուծելու համար բարենպաստ դաշտը փոքր է, և ցանկացած հավելյալ ճնշում ուղղակի կարող է պայթեցնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այսինքն` բավական է` կողմերից մեկի վրա սովորականից մեծ ճնշում լինի, և դա առաջին հերթին կազդի Մինսկի խմբի ձևաչափի վրա: Ուստի դժվար է ասել, թե արդյոք Արևմուտքը կգնա՞ ճնշումներն ավելացնելուն: Սա բավականին նուրբ խնդիր է: Բայց Արևմուտքը հաստատ մի բան ուզում է անել, որպեսզի կողմերը հավատարմություն հայտնեն ինչ-որ մի բանի, որը կբացառի և´ ռազմական լուծումը, և´ նաև Ղրիմի սցենարի կրկնությունը: