Դեսպանի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի Պրահա կատարած այցի հետևանք

Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը News.am կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության (ԵՄ) հետ կնքել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո:

Միաժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, այլ անուն կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում:

«Ինչո՞ւ ոչ: Սա մեր ցանկությունն է գերմանական կողմից, և կարծում եմ` նաև եվրոպական կողմից: Մենք կստորագրենք որոշակի փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը»,- նշել է Ռայներ Մորելը:

BԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Գերմանիայի դեսպանի հայտարարությունը` ասաց, որ չի կարծում, թե այդ հարցն այժմ քննարկվում է լուրջ մակարդակով, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն դեռ պատրաստ չեն հստակեցնելու համագործակցության ձևաչափը և բովանդակությունը:

Կարդացեք նաև

«Դեսպանը նշեց, որ փաստաթղթի անունն այլ կարող է լինել, ոչ թե Ասոցացման համաձայնագիր: Եթե այլ անուն ունենա, բնականաբար, այնտեղ կարող են լինել տարբեր ձևակերպումներ` մասնավորապես, այո, հենց քաղաքական մերձեցման առումով: Կարծում եմ` այսօր հենց այդ հարցի շուրջ երկկողմանիորեն տեղի են ունենում որոշակի խորհրդատվական խոսակցություններ, կարող են լինել տարբեր ձևաչափի փաստաթղթեր, օրինակ` «Գործընկերության և համագործակցության պայմանագիր պլյուս» կամ «մինուս»», այդպիսի խոսակցություններ եղել են: Սակայն ակնհայտ է, որ այս պահին ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն պատրաստ չեն վերջնականացնել պայմանագրի ձևաչափը և բովանդակությունը, առայժմ դրանք ընդհանուր խոսակցություններ են»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Aram KarapetyanԻսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեսպանի հայտարարությունը կապեց նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Պրահա կատարած այցի և ուկրաինական ճգնաժամի հետ:

«Իմ տպավորությամբ` հիմա ամեն ինչ պայմանավորվում է Ուկրաինայի շուրջ առճակատմամբ: Իզուր չէ, որ այդ հայտարարությունը հիմա է արվում: Կարծում եմ` դրանք, այսպես ասած, «դիսպոզիցիոն» խաղեր են, կողմերից յուրաքանչյուրն ինչ-որ հայտարարություն է անում, ինչ-որ կարծիք է հայտնում, և այդ ամենին լուրջ վերաբերվելը դեռ վաղ է: Մարդ է, կարծիք է հայտնել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով` ԵՄ-ն, հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված լարված վիճակը և Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, ձգտում է «ձեռքից բաց չթողնել» Հայաստանը, և Ռայներ Մորելի ասածը կարող է այս տրամաբանության մեջ տեղավորվել:

«Պարզ է, որ այդ առճակատման մեջ բոլոր կողմերը բոլորի հետ որոշակի քայլեր են անում: Եթե ուզում եք ավելի մանրամասնել, ես այդ հայտարարությունն ավելի շատ կկապեի Սերժ Սարգսյանի` Պրահա գնալու հետ: Եղավ հայտարարություն, սրանք էլ պատասխանեցին դեսպանի մակարդակով: Որքան գիտեմ` հաջորդ ամիս Հայաստան պետք է այցելի Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Եթե այս ամենը համադրենք իրար, պատկերը պարզ կլինի: Պարզապես, կրկնում եմ, այստեղ կա նաև այդ առճակատման խնդիրը, իսկ Ռուսաստանին պատժելու հարցում հատկապես ամերիկացիներն են մարտական տրամադրված: Իսկ ի՞նչ ունի Եվրոպան այդ քայլերի մեջ, ունի Արևելյան գործընկերություն, և այդ շրջանակում մեկ ակտիվանում է, մեկ պասիվանում է»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Պրահայում ելույթ ունենալով Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին, դրական էր գնահատել Արևելյան գործընկերությունում Հայաստանի անդամակցությունը` ավելացնելով, թե Հայաստանը միացել է դրան «խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս