Միկոյանի արձանը, Բերիայի ծառուղին, Մոլոտովի ցայտաղբյուրը՝ Պուտինի անվան հրապարակում

Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երևանի ավագանու որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, մամուլում, սոցիալական ցանցերում: Այս հարցի շուրջ տեսակետ ունեցողները բաժանվել են երկու խմբի՝ ընդդիմացողներ և պաշտպանողներ: Սակայն, եթե փոձենք տարբերակել այս խմբերին՝ ըստ Հայաստանի իշխանական համակարգում, սոցիալական հարաբերություններում ունեցած կշռի, ապա ցավալիորեն պետք է արձանագրենք, որ խորհրդային բռնաճնշումների կազմակերպիչներից մեկի արձանը դնելու, այսինքն՝ նրան հարգելու, մեծարելու, նրա առաջ խոնարհվելու կողմնակիցներն իրենց ազդեցությամբ անհամեմատ ավելի մեծաքանակ են:

Միկոյանի արձանը Երևանում ցանկանում են տեսնել ոչ միայն իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները (ովքեր, բնականաբար, չէին համարձակվելու դեմ խոսել այդ գաղափարին, եթե անգամ իրենց պապերը գնդակահարված լինեին այդ կոմունիստի ցուցումով), այլև համեմատաբար չեզոք կամ այդպիսին ներկայացող, իբրև թե մտավորականի, հրապարակախոսի, բարոյագետի դիրքերից հանդես եկողները: Նրանց անունները չենք նշում՝ իրավիճակի ողբերգականությունն ավելի պատկերավոր չդարձնելու համար:

Նրանք բերում են տասնյակ փաստարկներ՝ էլ համաշխարհային մասշտաբի դեմք, էլ Ստալինի կողմից վստահություն վայող գործիչ, էլ միջազգային կարգի դիվանագետ… Բայց որևէ փաստարկ, որևէ հիմնավորում հօդս է ցնդում, կամ պետք է հօդս ցնդի, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին: Իսկ Միկոյանը, ինչպես վկայում են պաշտոնական փաստաթղթերը, նաև օրերս վերահրապարակված փաստաթղթերը, հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ հայերի, գնդակահարելու հրամաններ է ստորագրել կամ խնդրել է Ստալինին՝ ստորագրել:

Դա, սակայն, մեր «էսթետներին» չի խանգարում խոսել Միկոյանի պատմական վաստակի և այլ վաստակների մասին:

Որևէ՝ համեմատաբար առողջ հասարակությունում որևէ հարցի շուրջ բանավեճը կավարտվեր այնտեղ, որտեղ դա կբախվեր մարդկային կյանքի արժեքի վիճարկմանը: Բայց Հայաստանը, ինչպես հերթական անգամ համոզվում ենք, այդ տեսանկյունից անբուժելի հիվանդ է՝ հոգեկան ամենածանր հիվանդությունների շարքին դասվող հիվանդությամբ: Այստեղ մարդիկ կարող են չամաչելով հաշվել գնդակահարվածների թիվն ու ցնդաբանել՝ գնդակահարողին ոչ միայն ուղղակի արդարացնելու, այլև պատմական մեծարման արժանացնելու համար:

Թվում է, թե առանձին վերցված արձանի շուրջ նման աղմուկ բարձրացնելը գուցե նույնիսկ չափազանցված է: Սակայն Միկոյանի ամենամեծ ծառայությունը Հայաստանին հենց նրա արձանի շուրջ ծավալված հոգեխանգարմունքն է: Հայաստանի հանրային, մշակութային, քաղաքական, բարոյական դեգրադացվածության ավելի արտահայտիչ կատալիզատոր դժվար կլիներ գտնել: Որովհետև այս բանավեճը վեր է հանում մեր հասարակության արժեհամակարգի՝ այլ պայմաններում քողարկված, թաքցված արատները, սարսափելի արատները:

Այս բանավեճը ցույց է տալիս, որ Հայաստանում ապրում է ոչ թե անհատներից բաղկացած հասարակություն, այլ լավագույն դեպքում՝ հանրույթ, խառնամբոխ, որտեղ ամբողջի շահը վեր է ամեն ինչից, և որի համար կարելի է ոչ միայն՝ մեկ, այլ, եթե պետք է, հարյուրավոր կյանքեր զոհել: Սա աշխարհայացքային, մշակութաբանական կարևոր արձանագրում է, որովհետև պետություններն ու հասարակությունները կառուցվում և մեկը մյուսից տարբերվում են հենց այս՝ հայեցակարգային մոտեցմամբ՝ մա՞րդը՝ պետության համար, թե՞ պետությունը՝ մարդու:

Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում ոչ միայն՝ ապրում, այլ նաև հանրային գործերով են զբաղվում նրանք, ում համար «մեծ պետությունը», «պետական շահը» վեր է մարդու, թեկուզ մեկ մարդու կյանքից: Սեփական քաղաքացիներին գնդակահարած պետության պաշտամունքի այդ ստրուկները՝ մսաղացի ստրուկները, հասկանալով կամ բնազդաբար, բացահայտում են իրենց ատելությունը մարդ տեսակի, ամենայն մարդկայինի հանդեպ՝ բացահայտելով նաև ուժեղի առաջ սողալու, նվաստանալու պատրաստակամությունը: Հավաքական պատրաստակամությունը:

Այսքանից հետո արդյո՞ք անհեթեթ չէ հարցը՝ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից: Արտագաղթում են մերօրյա միկոյանների զոհը չդառնալու համար: Ֆիզիկական ու բարոյական զոհը չդառնալու համար: Որովհետև, եթե մի երկրում մարդկության ամենադաժան ռեժիմներից մեկի ամենակարկառուն ներկայացուցչին մեծարողները ոչ միայն մարգինալ չեն, այլև չեն արժանանում հանրային դատափետման ու օտարման, այդ երկրում ցանկացած ժամանակ կարող են մարդ սպանել՝ որևէ հիմնավորմամբ: Մարդասպանությունը միայն բուն սպանության ակտը չէ, այլ գուցե առաջին հերթին՝ այդ քայլին դիմելու պատրաստակամությունն ու մարդասպանին չդատապարտելու համար արդարացումներ գտնելու ստորաքարշությունը: Իսկ Հայաստանում, այդպիսի՝ հոգով մարդասպանները ոչ միայն շատ են, այլև պետության ու հասարակության համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշումներ են կայացնում:

Ինչ վերաբերում է արձաններին, փողոցներին, պուրակներին ու մնացած կոթողներին, ապա վաղուց ժամանակն է Հայաստանի բոլոր քաղաքների, գյուղերի ու ավանների շենքերը, փակուղիները, բակերն ու ջրանցքներն անվանակոչել Ստալինի, Բերիայի, Բուխարինի, Մոլոտովի ու այլ «պետական գործիչների» անուններով: Բացի Երևանից: Որպես ժամանակակից քաղաք՝ Երևանը պետք է արտահայտի ավանգարդիզմի շունչը և ունենա մեր ժամանակների «պետական գործիչների» անունը կրող փողոցներ ու այլ կոթողներ: Առաջինն, ի դեպ, կարելի է վերանվանել Ազատության հրապարակը:

Հատկապես, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից ու որպես դրա հետևանք՝ ինքնիշխանությունը կորցնելուց հետո, այն այլևս ակտուալ չէ: Ուստի կարելի է Ազատության հրապարակը վերանվանել Վլադիմիր Պուտինի անունով: Դա կունենա ինչպես՝ աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ բիզնես նպատակներ և կնպաստի քաղաքային բյուջեի համալրմանը: Ե՛վ ռուսներին դուր կգա, և՛ հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին անասելի հաջողություն կունենա:

Դժվար է անգամ պատկերացնել՝ ինչ հերթեր կգոյանան «Պուտինի հրապարակ»-ի ստորգետնյա կայանատեղիում կայանելու, այսինքն՝ «Պուտինի տակ մտնելու» համար: Ավտոմեքենաների հերթը կարող է ձգվել մինչև Միկոյանի արձան: Բնականաբար, հերթում կլինեն առաջին հերթին՝ պետական պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Թեև կարելի է Միկոյանի արձանը տեղադրել հենց Պուտինի անվան հրապարակում, որը շրջապատված կլինի Բերիայի անվան ծառուղով, որին առանձնակի ներդաշնակություն կհաղորդի Մոլոտովի անվան ցայտաղբյուրը:

Հարություն Ավետիսյան

 

Տեսանյութեր

Լրահոս