Հայաստանն ու Մաքսային միությունը. «Խնդիրը Պուտինինն է, ինքն ի՞նչ է ուզում»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը (ՄՄ) միանալու, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունից շուրջ 8 ամիս անց, անկախ հասարակական տրամադրություններից, շարունակում է քննարկվել հարցը, թե ե՞րբ է Հայաստանը միանալու ՄՄ-ին, ի՞նչ պայմաններով, ի՞նչ կարգավիճակով և, ընդհանրապես, անդամակցելո՞ւ է, թե՞ ոչ:
Հայաստանյան փորձագետների և վերլուծաբաններին այս կասկածներին ավելանում է նաև այն հարցը, թե առաջիկայում ՄՄ-ի հիմքի վրա հիմնադրվելո՞ւ է ԵՏՄ-ն, թե՞ ոչ:
Այս հարցերը քննարկելու նպատակով ապրիլի 29-ին Մինսկում կայացավ ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի ղեկավար մարմնի` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցեցին ՄՄ անդամ պետությունների` Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախտանի նախագահները:
Հայաստանը նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց այդ համաժողովին, թեև նիստի օրակարգում ընդգրկված էին հենց Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո ստացված տեղեկություններից ակնհայտ դարձավ, որ թե´ ԵՏՄ-ի հիմնադրման ժամկետների, թե´ Հայաստանի անդամակցման հարցում կան բավական լուրջ խնդիրներ: Այդ խնդիրներն առավել ակտիվորեն բարձրաձայնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն` Լուկաշենկոն ափսոսանք է հայտնել, որ կողմերի միջև կան բազմաթիվ տարաձայնություններ, իսկ ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել: Ալեքսանդր Լուկաշենկոյին զարմացրել է այն, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջարկվում է կատարել 10 տարուց` 2025 թ.:
«Եթե մենք պատրաստ չենք միջոցներ ձեռնարկել հիմա, ապա դրա մասին պետք է բաց խոսել: Ինձ թվում է, որ այդ դեպքում Եվրասիական տնտեսական միության մասին էլ պետք է խոսել տասը տարուց, եթե հիմա պատրաստ չենք»,- նշել է նա:
Բելառուսի ղեկավարն անդրադարձել է նաև միության մեջ նոր անդամներ ընդգրկելու հարցին` նշելով, թե նոր անդամներին պետք է ընդունել «առանց որևէ հատուկ պայմաններ կամ կարգավիճակ ընձեռելու փաթեթային սկզբունքով»:
Լուկաշենկոյի այս հայտարարությունը ուշագրավ է այն իմաստով, որ Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի հաստատումից հետո մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարում ՄՄ-ի հետ` շուրջ 900 ապրանքատեսակների մասով մաքսային արտոնություններ ստանալու համար:
Չնայած այս տարաձայնություններին, ըստ վերոհիշյալ հաղորդագրության,
նիստի ավարտին երեք պետությունների ղեկավարները հանձնարարել են ավարտին հասցնել ԵՏՄ-ի պայմանագրի մշակումը, որպեսզի փաստաթուղթը եռյակի ստորագրմանը ներկայացվի Աստանայում մայիսի 29-ին կայանալիք գագաթաժողովում:
Ինչ վերաբերում է ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրին, նշվում է, թե փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և մայիսի 29-ին կներկայացվի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը: Միաժամանակ տեղեկության մեջ ավելացվում է, թե նախագահները հավանություն են տվել ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման՝ մինչ օրս կատարված աշխատանքին: Սակայն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի 267 միջոցառումներից հիշատակվում են միայն 126 կետերը, որոնցից «111-ը կատարված են, իսկ 15-ը ներառվում են Մաքսային միությանը/Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու բուն պայմանագրի մեջ»:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով թեմայի շուրջ, կարծիք հայտնեց` եթե Մաքսային միությունը երբևէ կայանա, Հայաստանը կանդամակցի նրան, բայց քանի որ Մաքսային միության անդամ երկրների միջև տարաձայնությունները և հակասությունները շատ են, դժվար է ասել, թե երբ կլինի այդ անդամակցությունը:
Հայաստանի կողմից ՄՄ պայմանագրի ստորագրման ժամկետների հարցն Աղասի Ենոքյանն այսպես գնահատեց. «Այդ խնդիրները ո´չ մերն են, ո´չ Սերժ Սարգսյանինը, ո´չ էլ Հայաստանի հասարակությանը, այդ խնդիրները Վլադիմիր Պուտինինն են»:
«Եթե նա կարողանա այդ ընթացքում մի բան սարքել, որը Հայաստանի համար ստորագրելիք է, Հայաստանը կստորագրի»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքերով` դա բավական երկար ժամանակ կպահանջի, հատկապես երբ Ռուսաստանն այժմ ավելի շատ զբաղված է Ուկրաինայի հարցով և ժամանակ չունի զբաղվելու Հայաստանով, Ղազախստանով կամ Բելառուսով, Հայաստանն էլ հիմա նայում է` տեսնի, թե ինչպես կարող է որևէ տեղ որևէ կերպ տեղավորվել, սակայն նա, կարծես թե, բանակցությունների լծակ չունի, և դժվար է ասել` ե՞րբ կլինի այդ անդամակցումը և կլինի՞ երբևէ, թե՞ ոչ:
«Խնդիրը ո´չ Մաքսային միությունն է, ո´չ Եվրասիական միությունը, խնդիրը զուտ քաղաքական է` արդյոք մենք ուզո՞ւմ ենք հետ վերադառնալ` դեպի Խորհրդային միություն, թե՞ ոչ: Հայաստանն ասել է, որ համաձայն է այն ամենին, ինչ Պուտինն է ասում: Հիմա խնդիրը Պուտինինն է, ինքն ի՞նչ է ուզում: Եթե ես լինեի Հայաստանի ղեկավարության փոխարեն, կասեի` թող Պուտինը որոշի այդ հարցերը, որովհետև ինքն է մեզ ներքաշել այս խնդիրների մեջ, թող ինքն էլ այդ հարցերը լուծի»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Ըստ նրա` տնտեսական խնդիրները նույնպես շատ են, և դրանք վերաբերում են ոչ միայն երկրի տնտեսությանը, այլև առանձին օլիգարխներին: Այս իմաստով նա զուգահեռներ անցկացրեց ուկրաինական իրադարձությունների հետ. «Ուկրաինայի հիմնական խնդիրն այն էր, որ Ուկրաինայի օլիգարխները հասկացան, որ իրենց այդ Մաքսային միության մեջ լինելը ձեռնտու չէ, և «Մայդանը» դրա համար եղավ: Կարծում եմ` Հայաստանի օլիգարխները կա´մ հասկանում են, որ Մաքսային միությունը երբևէ չի կայանա, կա´մ մտածում են, որ կկարողանան այս ընթացքում այդ հարցերը լուծել»:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես` նույն Ուկրաինայի զարգացումներին ու Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրմանը և դրանց հնարավոր ազդեցությանը եվրասիական ինտեգրման վրա, Աղասի Ենոքյանն ասաց. «Աշխարհաքաղաքական զարգացումները մեզ այլևս շրջանցում են, աշխարհաքաղաքական զարգացումներում մեզ հետ խոսելու փոխարեն` խոսում են Ռուսաստանի հետ: Դա մեզ հետ շատ մեծ կապ ունի, բայց այլևս դրա տերը մենք չենք, դրա տերը Վլադիմիր Պուտինն է»: