Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը
Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Համատեղ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ
Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ.
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:
Ս. Ա. Սարգսյանը և Վ. Վ. Պուտինը գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում և հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում և 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:
Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:
Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում:
Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:
Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը և երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաև երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև նոր լոգիստիկ և հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը:
Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Սարգսյան
Ռուսաստանի Դաշնության
Նախագահ
Վ. Պուտին
***
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահների
համատեղ հայտարարություն
Մոսկվա, 3-ը սեպտեմբերի, 2013 թվական
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ:
Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ Ռուսական կողմի պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Ա. Սարգսյան
Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Վ. Վ. Պուտին
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմա-նավորվածությունների համար:
Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:
Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա:
Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:
Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, և՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:
Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:
Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:
Վլադիմիր Վլադիմիրի,
Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար: