Գագիկ Ծառուկյանի խոսքն ու գործը
««ԻստԻնվեստորն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հայցն արդեն ՄԻԵԴ-ում է
Անցած շաբաթ օրը Ծաղկաձորում ոչ իշխանական 4 ուժերի կազմակերպած տնտեսական համաժողովում ելույթների առանցքը Հայաստանում առկա ճգնաժամը, կոռուպցիան, մրցակցային անհավասար պայմանները, ներդրումների կրճատումն ու սեփականության իրավունքի բացակայությունն էր: Արտասահմանյան հյուրերն ու ՀՀ տարբեր ոլորտների գործիչներն իրենց ելույթներում ընդգծում էին օրենքի գերակայության անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի հավասար մրցակցային դաշտ ապահովել բոլոր տնտեսվարողների համար: Այս ամենն ասվում էր Հայաստանի «գերագույն» օլիգարխներից մեկի համարումն ունեցող Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ ու նրան պատկանող տարածքում: Ծառուկյանն` ինքը, իր ելույթում խոսում էր Հայաստանի տնտեսության կտրուկ բարելավման ու օտարերկրյա ներդրողներին ներգրավելու մասին:
«Այսօր բազմաթիվ հզոր անհատներ, պետություններ, կառույցներ պատրաստ են օգնելու և սատարելու Հայաստանին, բայց դրա համար պետք է աշխատել ներգրավել նրանց, ոչ թե խուսափել նրանցից: Մենք ուրիշների պես չենք ասում, թե մենք ամեն ինչ գիտենք, ու երկրի տնտեսությունը մի քանի տարով հասցնում ծանրագույն ճգնաժամի: Մենք ասում ենք` այո՛, խնդիրները շատ են ու շատ բարդ, բայց մենք չենք վախենում դրանցից, մենք կարող ենք գտնել դրանց լուծումները` մեր ուժերով ու նաև օտարերկրյա մեր գործընկերների շնորհիվ»,- ասում էր Գ. Ծառուկյանը:
Ծառուկյանը նաև նշեց, թե «տնտեսությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ, տնտեսությունը լինում է կա՛մ առողջ ու զարգացող, որից բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը, կա՛մ քանդված` կեղծ թղթերի ու ցուցանիշների վրա սարքված, որից ժողովուրդը փախնում է այլ երկրներ»:
Ծառուկյանի գործունեությանն անտեղյակ որևէ մեկը, բնականաբար, կարող է մտածել, թե հենց ԲՀԿ առաջնորդն է Հայաստանի փրկության փարոսը: Բայց գիտակից հասարակության մոտ Ծառուկյանի խոսքերը, լավագույն դեպքում, միայն քմծիծաղ կարող են առաջացնել: Լավ հիշողություններ ունեցողները կարող են նշել բազմաթիվ դեպքեր, երբ Ծառուկյանն ինքն է նպաստել կոռուպցիայի ու մրցակցային անհավասար պայմանների առաջացմանը: Մենք կնշենք միայն սեփականության իրավունքի պաշտպանությանն առնչվող մեկ օրինակ:
Հիշում եք, չէ՞, գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհաուբերին, ում պատկանող «ԻստԻնվեստոր» ընկերությունը ներդրումներ էր իրականացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Լաքսհաուբերին, պարզ և հայկական բիզնես լեզվով ասած, Ծառուկյանն ուղղակի «քցել» էր:
Օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստորի» բաժնետոմսերի չափը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել էր 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը կազմել էր 8 հազար ՀՀ դրամ: 2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել էր համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազար դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» մոտ որևէ նոր բաժնետոմս չէր առաջացել, և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել էին` առանց որևէ համարժեք փոխհատուցման:
Մինչդեռ ԷՆ-ԱՈՒԴԻՏ ընկերության կողմից կազմված եզրակացության համաձայն` 12.10.2008 թ. դրությամբ` «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել էր 28 հազար դրամ: Իսկ «ԻստԻնվեստորը» 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար դրամով:
Ավելի վաղ Ս.Լաքսհաուբերը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր. «Մենք համոզված ենք, որ այդ գնահատողն իր գործն անելիս ենթարկվել է շատ ճնշումների (դատարանում մեր հակառակորդի կողմից), և դա մեծապես ազդել է հաշվարկային արժեքի վրա: Ակնհայտորեն գնահատողը չի կարողացել դիմակայել և մի շարք շատ ակնհայտ խախտումներ է արել հաշվապահական հաշվառման ժամանակ, որն օգտագործելով` «Մուլտիգրուպն» «ԻստԻնվեստորին» զրկել է իր բաժնեմասից:
Գնահատողը հստակ հաստատեց, որ «Մուլտիգրուպն» օրենքի խախտումներով էր գրանցել իր հաշվեկշիռը, որպեսզի մեզ զրկի մեր սեփականության իրավունքից»:
«ԻստԻնվեստորը» ՀՀ-ում սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը մեզ տեղեկացրեց, որ 15 օր առաջ հայցն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մոտ 10 օրվա ընթացքում կստացվի տեղեկանք, որ գործը ստացվել է: Նա նշեց, որ գործի քննությունը ՄԻԵԴ-ում շուտ չի սկսվի.
«Սա քրեական գործ չէ, որ արագ լսեն: Քաղաքացիական գործերի քննությունը դրանք ստանալուց 2-4 տարի հետո են սկսում: Ժամկետները նաև կախված են նրանից, թե իրենց համար տվյալ գործն ինչ հետաքրքրություն է ներկայացնում»: Դանիելյանը նաև հայտնեց, որ փոխհատուցման պահանջ դրվել է, բայց դրա չափը կհստակեցվի գործը վարույթ ընդունելուց հետո: Հարցին` արդյոք ՄԻԵԴ չափանիշներով այս գործն ընդունելի՞ է, փաստաբանը միանշանակ պատասխանեց` «այո»:
ՄԻԵԴ-ն, ամենայն հավանականությամբ, ««ԻստԻնվեստորն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը կընդունի վարույթ, ու փոխհատուցման չափն էլ փոքր չի լինի: Եվ, ի վերջո, այդ գումարը կվճարեն ոչ թե Ծառուկյանի, այլ մեր` հասարակ հարկատուներիս գրպանից:
Իսկ քառյակի համաժողովի ժամանակ նույն Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում կոնկրետ քայլեր իրականացնել:
Նրա գնահատմամբ` առանց սեփականության իրավունքի պաշտպանության չի կարող լինել առողջ բիզնես միջավայր: Մեզ հետ զրույցում Ա.Մինասյանը հիշելով Լաքսհաուբերի հետ կատարվածը` տեսակետ հայտնեց, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը ո՛չ փողի կշիռ պետք է հարցնի, ո՛չ էլ, առավել ևս, երկրում ունեցած հեղինակություն.
«Սեփականության իրավունքի պաշտպանություն նշանակում է` առանց որևէ անձնավորման սեփականության իրավունքի պաշտպանություն:
Մեծ ընկերության թե փոքր ընկերության բաժնետերերը` բոլորը, պետք է պաշտպանված լինեն, պետք է վերաբերմունք ցուցաբերվի, որ եթե այնտեղ է` «քցվածի» սեփականության իրավունքը ենթակա չէ պաշտպանության, իսկ մյուս տեղում ենթակա է պաշտպանության»: Մեր հարցին` արդյոք փոփոխությունների միտում նկատո՞ւմ է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Ցավոք, ես նման միտում կտեսնեմ, եթե նրանք սահմանադրական փոփոխություններով լծվեն սեփականության իրավունքի պաշտպանության գործին` գնալով հստակ մեխանիզմներ առաջադրելու ուղղությամբ: Եվ ոչ թե մերժեն սահմանադրական փոփոխությունները, ես չեմ ընդունում մերժման մոտեցումը»:
Հետաքրքիր է, թե այս իրողության պայմաններում ինչպե՞ս է Ծառուկյանն օտարերկրյա ներդրողներ ներգրավելու Հայաստան:
Ի դեպ, Ստեֆան Լաքսհաուբերը մեզ հետ զրույցում նաև խոր ցավ էր հայտնել և տեղեկացրել, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն, քանի որ լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին, նաև այն մասին, թե ինչ վարքագիծ են ցուցաբերում Հայաստանի պաշտոնական կառույցները նման հարցերում: Որոշ ներդրողներ ցանկացել են ՀՀ-ում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, որովհետև աչքի առաջ նման տխուր փորձ է եղել:
«Ես իսկապես սիրում եմ Հայաստանը: Անկեղծ և սրտաբաց ես պետք է խոստովանեմ, որ դա հզոր երկիր է` բարեկամական ու աշխատասեր մարդկանցով, լավ կրթական համակարգով, և այլն: Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, և հասարակ հայ ժողովրդի հետ աշխատելը մշտապես հաճելի է եղել ինձ համար: Բայց այս դեպքը շատ բացասական է երկրի համար: Նաև շատ վատ է մեզ համար, որ Հայաստանում դժկամությամբ են վերաբերվում օտարերկրյա ներդրողներին, և տուժում է երկրի շահը»,- ասել էր գերմանացի ներդրողը: