Հայկական հարցը թուրք-ամերիկյան հարաբերություններում մի մեծ բեռ է ստեղծում. Ջեմիլ Չիչեք

Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը երեկ ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոներին: Հանդիպման ժամանակ Չիչեքն անդրադարձել է ապրիլի 10-ին ԱՄՆ սենատի՝ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունմանը:

Չիչեքը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցով «պետք է» զբաղվեն պատմաբանները. «Թուրքիան պատրաստ է հետաքննել 1915 թվականի իրադարձությունները: Հայկական հարցը թուրք-ամերիկյան հարաբերություններում մի մեծ բեռ է ստեղծում:

Ամեն տարվա ապրիլին մեր հարաբերություններում այդ թեմայի պատճառով անհանգստացնող մթնոլորտ է ձևավորվում: Մյուս երկրների պատգամավորները, պատմությունը քննարկելու փոխարեն, պետք է նպաստեն երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»:

Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:

Տեսանյութեր

Լրահոս