Բաժիններ՝

Վերահսկիչ պալատն էլ անդրադարձավ «օֆշորին»

ՀՀ Վերահսկիչ պալատը հրապարակել է 2013 թվականի տարեկան հաշվետվությունը: Բացահայտված խախտումները բազմաթիվ են, սակայն դրանցում առանձնանում է մի ուղղություն։ Խոսքը վերաբերում է օֆշորային ընկերություններին, որոնց միջոցով և որոնց մասնակցությամբ ՀՀ պետբյուջեի գումարները, մեղմ ասած, ծախսվում են կասկածելի արդյունավետությամբ։

Եվ այսպես, ինչպես նշվում է ՎՊ զեկույցում, ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը պետական գնումներում: ՎՊ-ն այս դեպքում ռիսկային է համարում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք: Մասնավորապես, այդ ընկերությունների համար շահեկան է նաև այն, որ կախված իրենց կազմակերպաիրավական տեսակից` ՀՀ-ում պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք կերպով իրականացնել վերահսկողություն: Պետական տարբեր կառույցների անցկացրած մրցույթներում շահել են ոչ ռեզիդենտ մի շարք ընկերություններ, որոնք հետո տարօրինակ վարքագիծ են դրսևորել։

Օրինակ, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների թվով 159 մանկապարտեզների կողմից կնքված թվով 498 գնման պայմանագրով սննդամթերքի մատակարարման գումարը 2013 թվականի համար կազմել է 2,577,746.4 հազար դրամ, որից միայն 1,328,946.2 հազար դրամը կնքվել է ոչ ռեզիդենտ «Տիսա» ՓԲԸ-ի հետ: «Տիսա» ընկերությունը նույն տեխնիկական բնութագրիչներով շաքարավազը Շենգավիթի մանկապարտեզներին մատակարարել է 490 դրամով, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ 406 դրամով։

Նույն «Տիսա» ՓԲ և «Ավանգարդ» ՍՊ ոչ ռեզիդենտ ընկերությունները հաղթող են ճանաչվել նաև Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպված շինանյութի, hանդերձանքի, կենցաղային սարքավորումների, տնտեսական, սանիտարահիգիենիկ, լվացող միջոցների գնման մրցույթներում, և նրանց հետ կնքվել են 127,619.6 հազար դրամի պայմանագրեր:
Սա դեռ ամենը չէ։ ՎՊ-ն նկատել է ոչ ռեզիդենտ ընկերությունների «արհեստական ճանապարհով» ստեղծման և դրանց առկայության օգտագործման դեպքեր:

Կարդացեք նաև

Մասնավորապես, որևէ մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որևէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որպեսզի շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում և կնքել պայմանագիր: Ըստ ՎՊ զեկույցի՝ արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս: Նվազում է նաև վերահսկելիությունը:

ՎՊ-ն նաև կոնկրետ օրինակներ է նշել, որոնցից հատկապես մեկը բավականին ուշագրավ է։ Այսպես, 2012 թվականին տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ.-ին Գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ և Ա/Ձ Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ: Ընկերությունը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց և գումարը փոխանցելուց հետո: Դրա հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի և Չեխիայում գրանցված անհատ ձեռնարկատեր Սամվել Ամիրխանյանի եղբայրն է:

Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն, մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1,371,195 դրամ (ընդամենը 287,950.9 հազ. դրամ` 210 երինջի համար) այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270,900.0 հազար դրամ: Հետևաբար` կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբրև կրել է 17,050.9 հազար դրամի վնաս: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230-ը:

Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար, որպես գնորդ, նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող` «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն:

Շարունակվում են նաև միջնորդավորված գնումները, երբ գնման պայմանագրերը կնքվում են ոչ թե ապրանքն արտադրող կամ ներմուծող կազմակերպության հետ, այլ երրորդ՝ միջնորդ ընկերության:

Եղել են դեպքեր, երբ տվյալ ապրանք ներմուծողը կամ արտադրողը մասնակցել է համապատասխան մրցույթին և իբրև ավելի բարձր գնային առաջարկ ներկայացնող` հաղթող չի ճանաչվել: Արդյունքում` որևէ միջնորդ կազմակերպություն հաղթող է ճանաչվում, և հետագայում այդ ապրանքը, նախապես, ձեռք է բերում այդ նույն ներմուծողից կամ արտադրողից, և հետագայում մատակարարում համապատասխան գերատեսչությանը: Օրինակ, Պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ 394,838.1 հազար դրամ արժեքով, մեկ կգ-ն` 370 դրամ:

«Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում և այն գնել է ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, մեկ կգ-ն՝ 360 դրամով: Շաքարավազը ներմուծողից գնելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 9,781.6 հազար դրամ: ՊՆ-ն «Դանինի» ընկերության հետ պայմանագիր է կնքել նաև կերակրի աղ գնելու համար՝ 30,302.4 հազար դրամ արժեքով, մեկ կգ-ն` 120 դրամ:

Սակայն «Դանինի» ընկերությունը կերակրի աղ արտադրող կամ ներմուծող էլ չի հանդիսանում, և այն գնել է արտադրող` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից, մեկ կգ-ն` 114 դրամով: Այս դեպքում էլ արտադրողից գնում կատարելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 1,515.1 հազար դրամ:

Ինչպես անթաքույց հեգնանքով նկատել են ՎՊ զեկույցի հեղինակները, որոշ միջնորդ կազմակերպություններ նույնիսկ այնքան են «ՄԱՍՆԱԳԻՏԱՑԵԼ» պետական գնումներում, որ մասնակցում և հաղթում են միմյանցից բացարձակապես տարբերվող ոլորտներում կազմակերպվող մրցույթներում: Մատակարարում են միմյանցից ծայրահեղ տարբերվող ապրանքատեսակներ:

Այդ ամենը հանգեցնում է ապրանքի ավելորդ թանկացմանն ու պետական ծախսերի ցածր արդյունավետությանը:

Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում է ՎՊ-ն, գնումների կազմակերպման գործընթացում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ։ Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ: Այսինքն՝ ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվում: Մասնավոր ընկերությունը որևէ ապրանք, աշխատանք կամ ծառայություն շուկայում մեկ այլ մասնավոր ընկերությունից ձեռք է բերում ավելի ցածր գնով:

Որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում, և արդյունքում` ձեռք բերվող ապրանքը կամ աշխատանքն ու ծառայությունը հետագայում որևէ կերպ չի ծառայում իր նպատակին կամ մասնակի է ծառայում: Նվազում է գնումների նպատակայնությունն ու հասցեականությունը:

Բացահայտվում են դեպքեր, երբ որևէ սարքավորման ձեռքբերումից հետո է միայն պարզվում, որ տվյալ պետական մարմինն ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ այն օգտագործել: Կամ մատուցված խորհրդատվությունը, որը նպատակ ունի լուծելու որևէ խնդիր, այդպես էլ չի ծառայում իր նպատակին: Դա պատճառ է այն բանի, որ չկան արդյունքային հստակ ցուցանիշներ:

Սակայն Վերահսկիչ պալատն այս անգամ բավականին զգուշավոր մի արտահայտություն է արել՝ փորձելով համոզել, որ այս ամենը ոչ թե տեղի է ունենում շահադիտական նպատակներով, այլ` «ակնհայտ է, որ հիմնական պատճառն այն է, որ գնումն իրականացնելուց առաջ գնահատող պատասխանատու հանձնաժողովները, խախտելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168 որոշման պահանջները, լիարժեք չեն ուսումնասիրում շուկայում գործող գները»:

Ասել է թե՝ «ատկատների» մասին խոսք չկա։ Պարզապես մարդիկ անպատասխանատու են մոտենում իրենց աշխատանքին, իսկ միջնորդ, տենդերների մեջ մասնագիտացած ու օֆշորներում գրանցված ընկերությունները պարզապես օգտվում են այդ հանգամանքից։
Ավելացնենք, որ ՎՊ զեկույցում բավականին ուշագրավ օրինակներ կան, որոնք կարդալով` չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ հակառակը։

Օրինակ` այն, թե ինչպես է իտալացի փորձագետը սխալ պատվաստման պատճառով ջուրը գցել 24 միլիոն դրամ, սակայն իր աշխատանքի համար վարձատրվել 6.4 միլիոն դրամով։ Կամ ինչպես է ստացվում, որ «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ»-ը ռեսուրսներ է ներգրավում 0.75% տարեկան տոկոսադրույքով, որոնք գյուղացուն են հասնում 15-20%-ով։ Ցանկության դեպքում՝ այդ բոլոր օրինակներին կարող եք ծանոթանալ ՎՊ պաշտոնական կայքում՝ www.coc.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս