
«ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել». Ավետիք Քերոբյան
Արցախն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանի նախագահ նշանակված Վահագն Խաչատուրյանը հուլիսի 29-ին այցելել էր Սյունիքի մարզ՝ սյունեցիներին համոզելու՝ բացել թուրք-ադրբեջանական տանդեմի դիմաց Հայաստանի հարավի դարպասները։
«Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար։ Եթե մենք կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։ Եվ այն մեծ ծրագիրը, որը մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝ «Խաղաղության խաչմերուկը», նաև շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից։ Ես կարող եմ ուղղակի իմ անձնական շփումների արդյունքում դա ներկայացնել ձեզ։ Բոլորի համար շատ գրավիչ է և շատ տեսանելի։ Մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ այն, ինչ կա իրականում, դնում ես սեղանին ու պատկերավոր ներկայացնում ես այդ հնարավորությունները, հասկանում ենք, թե որքան կարևոր է այս 43 կիլոմետրը և Սյունիքը»,- ասել է Խաչատուրյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը, խոսելով Վահագն Խաչատուրյանի՝ սյունեցիներին արված այս առաջարկի մասին, ընդգծեց՝ Վահագն Խաչատուրյանը զբաղված է ընդամենը Նիկոլ Փաշինյանի մտքերը թութակի պես կրկնելով՝ հայ ժողովրդին առաջարկելով մի կերպ ապրել՝ հնազանդվելով Թուրքիային և Ադրբեջանին։
«Թուրքական բոլոր քարտեզներում չկա Հայաստան. հիմա, երբ առաջարկում են պառկել Թուրքիայի տակ և մի կերպ ապրել, այդ դեպքում Հայաստան գոյություն ունենալ չի կարող, մինչդեռ, հակառակի քարոզն է պետք անել, ինչի համար մեզ պետք է համապարփակ անվտանգության համակարգ։ Թուրքը պատերազմի չի գնա միայն այն դեպքում, երբ տեսնի, որ մենք պատրաստ ենք պատերազմի»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով՝ ցավալիորեն պառակտելով հասարակությանը սպասվող պատերազմի դեմ հանդիման՝ պատերազմի գործը թողել են միայն բանակի վրա, մինչդեռ բանակն առանց իր թիկունքին կանգնած ժողովրդի՝ կպարտվի։
«Մենք պարտվում ենք, երբ ասում ենք, թե բանակ ունենք, թող կռվի, մինչդեռ ամբողջ ժողովրդով պետք է կռվել»,- ասաց Ավետիք Քերոբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն իրականացնում է հանրային պառակտում, որպեսզի չկարողանանք ապահովել դիմադրության օջախներ։ Ավելին, ըստ նրա՝ հասարակության դիմադրության կենտրոնները ջլատելու համատեքստում է կատարվում Մայր Աթոռի դեմ արշավը, որի հարցում, ի դեպ, նույն կազմակերպիչը՝ Փաշինյանը, նույն ՔՊ-ի ներսում է հանդիպում դիմադրության։
«ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք իրենց հարցեր են տալիս, կան մարդիկ, որոնք դիմում են գրում, դուրս են գալիս։ ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել, այն ՔՊ-ականներին, որոնք անարգում են հավատի խորհրդանիշները։ Այս վիճակը չի կարող անվերջ տևել։ Ի վերջո, ՔՊ-ից մնալու է մի փոքր խմբակ, ավերակների վրա են մնալու և շուտափույթ ինքնաթիռի տոմս առնեն, որ փախնեն։ ՔՊ-ում ամաչում են, իսկ վաղ թե ուշ այդ ամոթը կբերի պայթյունի»,- շեշտեց Քերոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։