Բաժիններ՝

Հայաստանը ևս երկու մեդալակիր ունեցավ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը դարձել են ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Աթենքում ընթացող առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոնը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսը ներկայացնող մարզիկի նկատմամբ:

60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը, որն իր նորամուտն էր նշում միջազգային ասպարեզում, բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին: Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով առավելության էր հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:

Ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս