Եկամուտների գերակատարում և քիչ ծախսեր. ՀՀ պետբյուջեն 39.2 մլրդ դրամի պակասուրդ ունի

2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով, թեև ակնկալվում էր, որ կլինի 325.3 մլրդ դրամի պակասուրդ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության` այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

«Բյուջեի պակասուրդի՝ ծրագրի համեմատ ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի: Բացի այդ, ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 14.4 մլրդ դրամ կամ ծրագրի 37.1 %-ը»,- ասված է նախարարության հաշվետվության մեջ:

Նախարարությունից նշում են, որ 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները 2025 թ. կես տարում աճել են 15.2 %–ով կամ 189.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:

«2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2 % կատարողական»,– նշված է հաշվետվության մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի ծախսերին, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 1,472.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 85.2 %-ը:
«Այսպիսով, ապահովվել է առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %–ով կամ 239.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի և սոցիալական նպաստների ու կենսաթոշակների աճով»,– ՍպուտնիկԱրմենիայի փոխանցմամբ՝ տեղեկացնում են նախարարությունից:

Ֆիննախից միաժամանակ նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումը:

ՀՀ կառավարության պարտքի սպասարկման առումով ծախսերը 2024 թ. 1-ին կիսամյակի համեմատ աճել են 10.4 %-ով կամ 15.9 մլրդ դրամով: Աճել են նաև կապիտալ ծախսերը` 80.7%-ով (132.1 մլրդ դրամով):

Ինչ վերաբերում է դրամաշնորհներին` նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին կիսամյակում ստացվել են 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք կազմել են առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 69.6 %-ը:

«2025 թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված պաշտոնական դրամաշնորհները 14.6 %–ով կամ 611.6 մլն դրամով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում առավել մեծ ծավալով չնախատեսված բյուջետային աջակցության դրամաշնորհների ստացմամբ»,- ասված է պաշտոնական պարզաբանման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս