
Ո՞ւմ «նավոդկով» է ԱԱԾ-ն ասպատակել Ամերիկյան համալսարանը

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) իր կամքից անկախ հայտնվեց ՔՊ-ականների թիրախում։
Պատճառը համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանի գրառմանը հետևած աղմուկն էր ու որպես հետևանք` իրադարձությունների զարգացումը ձնագնդու էֆեկտով։
Սամվել Ֆարմանյանի գրառումը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան կառավարող զույգի մասին էր, որը խոցել էր ՔՊ-ական խմբակին։ Եվ թեպետ խմբակային հարձակմանն ու Ամերիկյան համալսարանի զանգվածային քաղաքական թիրախավորմանն ի պատասխան` Սամվել Ֆարմանյանը հաջորդող գրառման մեջ ասել էր, որ իր գրառումները բացարձակապես իր տեսակետն են արտահայտում և ոչ մի կապ չունեն Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, աղմուկը շարունակեց թեժանալ։
Դրան հետևեց Ամերիկյան համալսարանի հայտարարությունը, որում բուհ-ը ասել էր, որ իր դասախոսներն ազատ են իրենց դիրքորոշումներն արտահայտելիս, եթե դրանք չեն արվում ՀԱՀ անունից.
«Այդուհանդերձ, դոկտոր Ֆարմանյանի հրապարակումը, որով նա քննադատում էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, դուրս էր քաղաքական քննարկման սահմաններից և ներառում էր անձնական բնույթի վիրավորանքներ վարչապետի և նրա ընտանիքի նկատմամբ, այդ թվում՝ վիրավորական մեկնաբանություններ նրանց արտաքին տեսքի վերաբերյալ։ Թեև դոկտոր Ֆարմանյանն իր հրապարակման մեջ ներառել էր համալսարանի կողմից սոցիալական մեդիայի հրապարակումների համար առաջարկվող հրաժարագիրը («Այստեղ արտահայտված տեսակետները իմ անձնական տեսակետներն են և ոչ մի կերպ չեն արտահայտում Հայաստանի ամերիկյան համալսարանի տեսակետը»), այդպիսի բովանդակությունը հստակորեն դուրս է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» ներքին կանոնակարգի շրջանակից, և համալսարանը միանշանակ դատապարտում է այն՝ համարելով ոչ պատշաճ»,-ասված էր ՀԱՀ հայտարարության մեջ։
Համալսարանի հայտարարությունը, սակայն, խիստ հուզել էր Համալսարանի երբեմնի դասախոս, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, ով մի ծավալուն գրառում էր նվիրել ՀԱՀ հայտարարությանը` հընթացս ակնարկելով, որ իր հետ պայմանագիրը ամիսներ առաջ չերկարացնելու հիմքը քաղաքական է։
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, և ո՞րն էր Թագուհի Ղազարյանի հոգեցնցման պատճառը։
168.am-ի տեղեկություններով` Թագուհի Ղազարյանի աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու պատճառն ուսանողների բողոքն է՝ վերջինիս կողմից դասաժամերը ՔՊ-ական քարոզի վերածելու առիթով։
Թագուհի Ղազարյանը, մեր տեղեկություններով, լսարան է մտել կոնկրետ քաղաքական քարոզչության նպատակով` մասնավորապես փորձելով խաղաղության պայմանագրի` որպես միակ ու անկրկնելի լուծման ցնորամտությունն ուսանողներին անդադար քարոզելով ու նրանց համոզելով, որ ճիշտը հենց դա է։ Այդ միակողմանի քաղաքական քարոզչությունը դուր չի եկել ուսանողներին, որոնց բազմաթիվ բողոքներին, ի վերջո, ականջալուր է եղել Համալսարանի ղեկավարությունը։ Հենց սա է, որ ոչ մի կերպ չի մարսում ՔՊ-ական պատգամավորը։
Սակայն առավել ուշագրավ են այն իրադարձությունները, որոնք հետևել են Թագուհի Ղազարյանի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելուն։
ՔՊ-ական պատգամավորը բողոքել է ուր ասես` օգտագործելով իր անձնական ու քաղաքական կապերը։ Իսկ որ այդպիսիք վերջինս ունի, անկասկած է։ Այլապես Զեմֆիրայի երևանյան համերգին Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, չէր գնա հենց Թագուհի Ղազարյանի հետ ու տեսանյութ էլ չէր հրապարակի։
Տեղեկություններ կան, որ անգամ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին են խառնել Ամերիկյան համալսարանի դեմ հաշվեհարդարին, որ վերջինս ստուգի բուհ-ի գործունեությունը։
Ինչևէ, իրավիճակն այն աստիճանի է լարվում, որ մեր տեղեկություններով` շուրջ 2 ամիս առաջ Հայաստանի ամերիկյան համալսարան Թագուհի Ղազարյանի հարցով այցելում են ԱԱԾ-ականներ` կոնկրետ ուժի ցուցադրության և համալսարանին վախեցնելու միտումով։
Համալսարանականները պատմում են, որ ոչ միայն բուհ-ի, այլև հայկական բուհերի պատմության մեջ առհասարակ նման արտառոց դեպք, որ սև հագած ԱԱԾ-ականները հանդիպեն ղեկավարության հետ, հարցեր տան Թագուհի Ղազարյանի հետ կապված դեպքի վերաբերյալ, չի եղել։
Այսինքն` ակադեմիական միջավայրը իշխանության կազմակերպմամբ կոնկրետ քաղաքական նկատառումներով դարձել է ԱԱԾ-ի հետաքրքրության առարկան, ու դա ոչ ոքի չի անհանգստացրել։
Սա, փաստորեն, ՔՊ-ի ու նրա առաջնորդի համար այլևս նորմալ պրակտիկա է, երբ ԱԱԾ-ն խառնում են իրենց անձնական ու քաղաքական հարցերի լուծմանը։
Այդպես էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ բոլոր ճակատներով հարձակման պարագայում, երբ ԵՊՀ-ում Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարարել է Վեհափառ հայրապետի վերաբերյալ տեղեկություններ հավաքել, այդպես էլ, փաստորեն, հիմա, երբ ԱԱԾ-ն ծառայեցնում են Թագուհի Ղազարյանի անձնական հարցերը լուծելու համար։
Գործ ունենք համակարգային խնդրի հետ, որի դառը պտուղները դեռ քաղելու ենք։ Փաստացի, կոպտորեն ոտնահարվում է Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված բուհ-երի ինքնակառավարման և ակադեմիական ազատության սահմանադրական իրավունքը` հանուն ՔՊ-ական պատգամավորի անձնական շահերի ու վրեժխնդրության։
Այնպես որ, Թագուհի Ղազարյանի, ՔՊ-ական խաժամուժի ու նրանց հարող «իրավապաշտպանների» փորացավը հստակ ախտորոշում ունի, և դրա անունն է նիկոլական քարոզ, որպեսզի ներթափանցեն այս բուհ և զբաղվեն իրենց քաղաքական քարոզչությամբ։