«Նիկոլն ամենաշատը կարող է աղանդ ստեղծել՝ Նիկոլի վերջին օրերի պիղծերի եկեղեցի. դա Հայ Առաքելական եկեղեցու հետ ոչ մի կապ չի կարող ունենալ». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանն այն կարծիքին է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի ծրագիրը Հայ Առաքելական եկեղեցու հետ ոչ մի կապ չունի:

«Սա Հայ Առաքելական եկեղեցու վերափոխման՝ մուտացիայի ծրագիր է, ինչի հետևանքով ընդամենը կառաջանա նոր աղանդ, և Հայ Առաքելական եկեղեցուն դրանից ոչինչ չի լինի: Անգամ եթե Հայ Առաքելական եկեղեցուց բռնագանձեն Հայաստանում նրան պատկանող ամբողջական գույքը, դա էլի Հայ Առաքելական եկեղեցու վերացում չի նշանակում: Նա կարող է Վեհարանը գրավել, կարող է Մայր Աթոռը գրավել, իր մանկուրտ ենիչերիները կարող են մտնել՝ այնտեղից հոգևորականներին հանել, հետո դա կարող է տալ թուրքերին՝ այնտեղ նամազ անեն, բայց դա չի բերելու Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացման: Ինքը ո՞վ է, որ եկեղեցում նշանակումներ անի: Այդպես մեկ էլ Ալիևը եպիսկոպոսներ է նշանակում Դադիվանքում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանի ծրագիրն աղանդավորական է. «Այն կազմված է բողոքական եկեղեցիներից ինչ-որ մեկում, մոտավորապես գիտենք՝ որտեղ: Դա բողոքականության պրոյեկտում է Հայ Առաքելական եկեղեցու վրա: Դա մոտավորապես անգլիկան եկեղեցու նման մի բանի փորձ է, որ արտաքին ձևավորումը կաթոլիկ է, բովանդակությունը՝ բողոքական: Հիմա, եթե պատկերացնում են, որ պետք է լինի հայ եկեղեցու տարազով, բողոքական մտածելակերպով, արժեհամակարգով, տրամաբանությամբ և նվիրապետական կարգով, դա հիմարություն է, դա երբեք չի լինելու»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ Ազգային եկեղեցական ժողովը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կաթողիկոս ընտրելու անհրաժեշտություն է լինում. «Վանական խորհրդից ընտրված կաթողիկոսական տեղապահը կազմակերպում է Ազգային եկեղեցական ժողով, և դա լինում է այն ժամանակ, երբ Աստված կամենում է. ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամենում, այլ Աստված կամենում է, և կաթողիկոսական աթոռը մնում է թափուր: Ազգային եկեղեցական ժողովի չգումարման խոչընդոտներ չկան, և առավել ևս, դրանք «Կանոնագիրք Հայոց»-ի մեջ չեն»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն այլ ծրագիր ունի, չի ուզում Ազգային եկեղեցական ժողովի գումարում, նա արձագանքեց. «Ինքը ո՞վ է, որ ուզի կամ չուզի: Ինքն ամենաշատը կարող է ասել՝ ես ստեղծում եմ Հայաստանի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցին ժամանակին այսպիսի հոգեկան հիվանդներից ապահովագրվելու համար ստեղծել է 4 նվիրապետական աթոռ, որոնք իրարից որոշակիորեն վարչականորեն անկախ լինելով հանդերձ՝ մեկ եկեղեցի են կազմում: Նիկոլը Հայաստանում ամենաշատը կարող է ստեղծել Նիկոլի վերջին օրերի պիղծերի եկեղեցի աղանդ, ինքն էլ դառնա այդ աղանդի գուրուն և ունենա իքս քանակությամբ հետևորդներ: Այդ իքսը թող լինի միլիոն, բայց դա հայ եկեղեցի չի, դա որևէ կերպ չի ազդելու հայ եկեղեցու վրա…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս