
Հայաստանը քայքայող առասպելական ու իրական քիմիան

Արցախի կորստից ու Հայաստանին պատուհասած բոլոր աղետներից հետո Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու ֆենոմենն առավելապես տեխնոլոգիական է։
Իհարկե, կա նաև արտաքին քաղաքական համաձայնությունների իրողությունը, առանց բացառության բոլորին ու ամեն ինչով բավարարելու նրա պատրաստակամությունը, որը կարևոր գործոն է իշխանության պահպանման հարցում։ Սակայն, բացի դրանցից, օբյեկտիվորեն՝ արտաքին դաշտում կրած ու շարունակվող պարտություններին զուգահեռ, նրան դեռևս հաջողվում է հաղթանակած դուրս գալ քաղաքական պայքարում և գործնականում կառավարելի պահել ներքին գործընթացները։
Այդ հարցում նրա հաջողությունը քաղաքական չէ, քանի որ նա՝ դասական իմաստով, քաղաքականություն չի վարում։ Նրա հաջողությունը նաև քաղաքակրթական չէ, քանի որ գործող իշխանությունն ամբողջությամբ հակացիվիլիզացիոն է։ Հետևաբար՝ գործող ռեժիմի կենսունակությունն առավելապես պայմանավորված է տեխնոլոգիական գերակայությամբ։
Դրա ամենավառ վկայությունն այն է, որ Փաշինյանին հաջողվում է անգամ ամենաանհեթեթ գրառմամբ կամ սեփական ընտանեկան ալբոմից որևէ խունացած լուսանկարի հրապարակմամբ գեներացնել ներքաղաքական օրակարգ։
Ընդ որում, տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ դրա հաջողությունն ամենևին պայմանավորված չէ բովանդակությամբ։
Ասենք, Փաշինյանը Եկեղեցու մասին որևէ հակասահմանադրական, ապաբարոյական գրառում է անում, և վերջ՝ րոպեներ հետո քաղաքական, փորձագիտական, լրագրողական ողջ դաշտը նրա լարած թակարդում է և ծավալում է աննահանջ քննարկում, առանց հաշվի առնելու, որ ի բնե գրառումն ինքնին անքննարկելի է։
Նույնը՝ մնացած բոլոր օրինակների դեպքում։
Ներքաղաքական օրակարգի ձևավորման այս մենաշնորհը Նիկոլ Փաշինյանի տեխնոլոգիական տաղանդի արդյունքը չէ։ Ոչ էլ անգամ նրանով զբաղվողների պրոֆեսիոնալիզմի հետևանքը, եթե այդպիսիք կան։ Բովանդակային առումով Փաշինյանի հաջողության բանալին մնացած բոլորի՝ օրակարգ թելադրելու անհաջողությունն է, ինչն այդ բոլորին ստիպում է հետևել նրա սահմանած խաղի կանոններին։
Ընդ որում, այս մեխանիզմը գործել է հետպատերազմյան գրեթե ողջ շրջանում, թերևս, բացառությամբ մեկ-երկու դեպքի։ 2020-ին հաջորդած բոլոր զանգվածային գործընթացները՝ սկսած «Դիմադրության» շարժումից, մինչև Սրբազան շարժում, թեև առաջին հայացքից թվում էին կանոն թելադրող, սակայն իրականում գոյացել էին՝ որպես իշխանության գեներացրած հակապետական օրակարգերի հետևանք կամ որպես դրանց արձագանք։
Այս սխեմայից դուրս կարելի է հիշել մեկ օրինակ՝ 2021թ., ևս մեկը՝ երկու ամիս առաջ։
2021թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց Երկրորդ և Երրորդ նախագահներին ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով՝ պայմանով, որ առաջին դեմքերը չեն մասնակցի դրանց։ Դա իշխանության թելադրած խաղի կանոնից, իշխանական սխեմայից դուրս առաջարկ էր, որը կարող էր բեկումնային փոփոխությունների հանգեցնել։
Նմանատիպ մեկ այլ օրինակ է վերջերս նախաձեռնված Իմպիչմենտի գործընթացը, որը, կրկին՝ իշխանության թելադրած օրակարգին պատասխան չէ, արձագանք չէ, այլ ոչ իշխանական պլանավորման արդյունք։
Զարմանալի զուգադիպությամբ, ինչպես 4 տարի առաջվա, այնպես էլ վերջին օրինակում ոչ իշխանական օրակարգի ձախողումը ոչ միայն ու ոչ այնքան՝ իշխանության, որքան՝ «արմատական ընդդիմության» ջանքերի հետևանք է. ինչպես Տեր-Պետրոսյանի առաջարկը, այնպես էլ Իմպիչմենտի գործընթացը մի դեպքում՝ վիժեցվեց, մյուս դեպքում՝ չի կայանում Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի պատճառով՝ վերջինիս ու իշխանության միջև գոյացնելով անտեսանելի համախոհություն, որն արթնանում է բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր դաշտում փորձ է արվում իրական համախոհություն ձևավորել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու հարցում։ Այս երկու բևեռների միջև առաջացած քիմիան կորոզիայի է ենթարկում Հայաստանը, թեև դեռևս կան միանգամայն այլ քիմիայի մասին առասպելին հավատացող մոլորյալներ։
Հարություն Ավետիսյան