
«Շատ բան է ասում Նիկոլ Փաշինյանը․ 50 տոկոսով վատացել է՝ 0 ենք», «ցուցիչներ կան, որոնք շատ հեռու են Վարդավառ խաղացող քաղաքացիների վիճակագրությունից»․ ՀԱՐՑՈՒՄ
«2018թ․ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242.119 աշխատատեղ»․ ԱԺ-ում՝ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը դեռ հունիսին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը և նշել՝ մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։
Օրերս արդեն Նիկոլ Փաշինյանն աշխատանքային գործիք դարձրած սոցցանցերի իր էջերում վերահաստատեց իր իսկ պնդումը՝ նկատելով․
«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27-ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից և 9 մարզերից։ Ընտանիքով Սևանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում»։
Ավելին՝ պարզվեց, որ իշխանության առաջին խոսնակի համար չափման միավոր են նաև ռեստորաններում մարդկանց ակտիվությունը, դեսպանատների հերթերը։
«Երևանի և հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա․ դեռ բոլորովին վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, անհասանելի ճոխություն։ Այսօր Հայաստանում ռեստորաններն ու սրճարանները սնկի նման են աճում, այդ ռեստորաններ և սրճարաններ այցելելը ծախս է․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Ընդ որում, ընտանիքով ռեստորան գնալու երբեմնի նյարդը լիարժեք վերացած է, որովհետև ռեստորաններն ու սրճարանները վաղուց քրեածին հղփացածների տիրապետության տարածք չեն։
Մարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6-7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում՝ եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչև օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղևորությունները աճել են պատիկներով։ Հասկանո՞ւմ եք, պատիկներով։ Ամեն ուղևորություն ծախս է, շոշափելի և էական ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը, և ինչո՞ւ նախկինում այս մասշտաբներով չէր արվում։
Այո, կա դժգոհություն, որ կարելի էր օրենքով նախատեսված հարկերի 50 տոկոսը վճարել, մնացած մասի 25 տոկոսը տալ տարբեր պաշտոնյաներին, ու մնացածը պահել․․․ ու ծախսել ավտոմեքենաների՝ ճանապարհային փոսերի մեջ ջարդուփշուր եղած մասերը փոխելու, քառակի ավելի թանկ ավիատոմսեր գնելու, մանկապարտեզների բացակայության պատճառով երեխաներին փողոցներում մեծացնելու հետևանքների ու առողջապահական ծախսերի և այլնի վրա։
Կներեք, բայց սա բացարձակապես անընդունելի դժգոհություն է, որովհետև քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը որքան գումար է ծախսում իր բարեկեցության վրա, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե տեղական և պետական բյուջեները որքան են ծախսում քաղաքացիների բարեկեցության վրա։
Իսկ որ այս բանաձևն աշխատում է, երևաց հուլիսի 27-ին՝ Վարդավառին»,- թերևս միայն իրեն հասու տրամաբանությամբ՝ մեկանաբանել է Փաշինյանը։
Քաղաքացիների համար, սակայն, անհայտ է փաշինյանական սոցիոլոգիան։
«Ավելի է վատացել», «չենք զգում», «ամբողջ տարի կուտակել են՝ այդ մի օրը գնան հանգստանան՝ ինչպե՞ս կարելի է Սևանում 1 օր եղած մարդկանցով չափել», «50 տոկոսով վատացել է․ 0 ենք», «շատ բան է ասում Փաշինյանը․ թող հետ-առաջ անի՝ կտեսնի՝ լավացե՞լ է, թե՞ վատացել»․ վերոգրյալի շուրջ 168․am-ի հարցման ընթացքում հիմնականում այսպես էին արձագանքում քաղաքացիները։
Միայն մի քաղաքացի էր համամիտ Նիկոլ Փաշինյանի հաշիվ-հաշվարկի հետ, որն էլ, սակայն, ասաց, որ անձամբ իր վրա չի զգացել աճը, այլ բարեկամների։
«Ես ինձ մոտ չեմ զգում․ ես թոշակառու մարդ եմ»,- ասաց նա։
«Բարեկեցության մակարդակի աճի չափելի ցուցիչներ կան, որոնք, բնականաբար, շատ հեռու են փողոցում հայտնված Վարդավառ խաղացող քաղաքացիների վիճակագրությունից»
Թեմայի առնչությամբ 168․am–ը լսեց նաև մասնագետի տեսակետ․ տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում մեջբերեցինք Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե 2018-ից հետո հանրության կենսամակարդակը բարելավվել է շուրջ 50 %-ով, որ նա չափման միավոր է ընդունել, օրինակ, Վարդավառի օրը Սևանում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև՝ ռեստորաններում ակտիվությունը՝ հետաքրքրվելով՝ սրանով կարելի՞ է չափել կենսամակարդակի բարելավումը, և որտեղի՞ց է այդ 50 % թիվը։
Ի պատասխան՝ Լիլիա Ամիրխանյանը նկատեց․ «Այդ հարցերի շարքը կարելի է շարունակել՝ որտեղի՞ց հաշվարկը, թե քանի՞ քաղաքացի է գտնվել, օրինակ, Սևանի ափին, որտեղի՞ց հաշվարկը, թե քանի՞ քաղաքացի է գտնվել Հանրապետության հրապարակում և այլն։
Այսինքն՝ հնչեցվում են թվեր, փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ կա բարեկեցության բավական լուրջ աճ, մինչդեռ իրականում շատ անլուրջ է նման մոտեցմամբ բարեկեցության վերաբերյալ գնահատականներ տալը։
Եթե մենք քաղաքացիների կենսամակարդակի աճի իրական պատկերն ենք ուզում հասկանալ, ապա պետք է փորձենք մի քանի պարամետրեր համադրել․ եթե 2018-ից հետո ենք դիտարկում, ապա 2018-ից հետո որքանո՞վ է եղել բնակչության իրական եկամուտների աճը»։
Տնտեսագետը նկատեց, որ չի ցանկանում խոսել միջին աշխատավարձի ցուցանիշի աճի մասին, որը թեև վիճակագրորեն դրական տեղաշարժ արձանագրել է, սակայն ներառական չէ։
Իսկ դրական տեղաշարժերն էլ, նկատենք՝ արտաքին գործոնների և, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանք են եղել։
«Ճիշտ է, նույն դրական շոկերով ու դրական արտաքին ազդեցություններով պայմանավորված՝ վերջին տարիներին որոշակի եկամուտների աճ ունեցավ բնակչությունը, հանրությունը, բայց եթե մենք նորից հայացք դարձնենք վերջին տարիներին գնաճի խնդրին, երբ, օրինակ, առաջին անհրաժեշտության ապրանքախմբերում կան ապրանքներ, որոնց թանկացումը՝ 2018 թվականի համեմատ եթե դիտարկելու լինենք, կարող է գերազանցել անգամ 40 տոկոսը, ապա պարզ հարցադրում է առաջանում՝ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու եկամուտներն այս ընթացքում ավելացե՞լ են 40 տոկոսով, թե՞ ոչ։
Այսինքն՝ բարեկեցության մակարդակի աճի չափելի ցուցիչներ կան, որոնք, բնականաբար, շատ հեռու են փողոցում հայտնված Վարդավառ խաղացող քաղաքացիների վիճակագրությունից։
Ես չեմ խոսում այն հանգամանքի մասին, որ մենք հիմա գտնվում ենք տուրիստական, այսպես ասած՝ պիկային շրջանում, և նույն այդ ռեստորաններում պատկերը շատ անգամ պայմանավորված է, օրինակ, արտերկրից Հայաստան այցելած զբոսաշրջիկների, այդ թվում՝ նաև ազգությամբ հայ, գործոնով։ Հանրապետության հրապարակում ևս Վարդավառ խաղացողների շատ տեսանյութեր կան․ հարցվողների մեծ մասն անգամ հայերենի չեն տիրապետում, այսինքն՝ ազգությամբ հայեր չեն»,- մանրամասնեց մասնագետը՝ շեշտելով, որ Փաշինյանի մոտեցումը սովորական պոպուլիստական մոտեցում է՝ ցույց տալու մի բան, որն առնվազն իրականության հետ աղերս չունի։
Բնակչության կենսամակարդակի չափելի ցուցիչներին վերադառնալով՝ մասնագետն ուշադրություն հրավիրեց նաև աղքատության ցուցանիշի վրա։
«Օրինակ, ՄԱԿ-ի կողմից կա գնահատական, որ Հայաստանի բնակչության 23 %-ը բախվում է սննդի անապահովության, առաջին անհրաժեշտության պարենամթերքի անապահովության խնդրի հետ, որ մայիսի դրությամբ Հայաստանի բնակչության 17 տոկոսը թերսնված է։
Այսինքն՝ սրանք ցուցիչներ են, որոնք էդ բարեկեցության թվացյալ մակարդակի բարձրացմանը լրիվ հակադիր պատկեր են։
Եվ, թերևս, նաև ամփոփելով, եթե բնակչության կենսամակարդակի գնահատման ցուցիչը Սևան այցելությունների կամ կատարված ծախսերի, սպառողական ծախսերի քանակն է, այդ թվում՝ տոնակատարության, ապա ես լավ լուր ունեմ՝ մենք միշտ ենք եղել շատ բարեկեցիկ և շատ երջանիկ․ բավական է միայն հիշել ամանորյա ծախսերը»,- ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում