«Նիկոլ Փաշինյանն այս քայլով շղարշ է ստեղծում՝ արտաքին քաղաքականությունում մեզ համար ճակատագրական քայլեր անելու համար». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհարանի վրա գրոհելու համար մոտավորապես 5000 մարդ է անհրաժեշտ, բայց այդ գրոհը տեղի չի ունենալու։

«Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը կգրոհի Վեհարանի վրա, հավանաբար նա իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել՝ Էջմիածնում հոգևոր հավաք անցկացնելու վերաբերյալ, որպեսզի ճնշումը Գարեգին Բ կաթողիկոսի վրա մեծացնի, որպեսզի նա իր կամքով հեռանա։

Երբ մարդիկ ասում էին, թե Նիկոլ Փաշինյանը Վեհարանի վրա գրոհելու է ամսի 26-ին, 27-ին կամ վաղը, ես ասել էի՝ նման բան չի լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս գրառումներն ու հայտարարություններն օգտագործում է որպես լրացուցիչ միջոց՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար»,- 168.am հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս արված գրառման մասին, որտեղ նա կոչ էր արել պատրաստվել «մեծ և հոգևոր հավաքի Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Ըստ Հովիկ Աղազարյանի, այս փուլում Նիկոլ Փաշինյանը Վեհափառին հեռացնելու հարցը օրակարգ բերելով՝ ունի 2 նպատակ։

Կարդացեք նաև

«Առաջինը՝ խնդիրների, պրոբլեմների լուծման, ազգանպաստ, մեր հայրենիքի համար կարևոր հարցերի լուծման կոնտեքստում ստեղծել շղարշ, շեղել ժողովրդի ուշադրությունը, ընդդիմադիրներին խայծ տալ, որ առավոտից երեկո խոսեն այդ մասին, այդ ընթացքում ինքն էլ արտաքին քաղաքականությունում անի որոշ քայլեր, որոնք մեզ համար կարող են, այսպես կոչված, ճակատագրական լինել»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երկրորդ  նպատակին, Հովիկ Աղազարյանն ասաց՝ Փաշինյանն իր այս քայլը փաթեթավորում է, թե եկեղեցու սպասավորները կամ սպասավորների մեծ մասը հանդիսանում են Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների գործակալներ, ինչով փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններն է՛լ ավելի խորացնել։

«Իքս պահի, երբ բոլորս՝ ես, դուք, Գագոն, Գևորգը և մյուսները, հասկանան, որ Ռուսաստանը «քըխ» է մեզ համար, Նիկոլ Փաշինյանը կասի՝ սիրելի Աղազարյան, Գագո, Գևորգ, քանի որ բոլորդ էլ այդ կարծիքին եք, ուրեմն՝ մենք գնում ենք դեպի Արևմուտք։ Դե, դպրոցից բոլորդ էլ գիտեք, որ Արևմուտքը սկսվում է Թուրքիայով, մենք պետք է Թուրքիայով գնանք Արևմուտք։ Իսկ եթե մենք Թուրքիայով գնում ենք դեպի Արևմուտք, իսկ Ռուսաստանի հետ կապ չունենք, Թուրքիան էլ, օրինակ, ասում է՝ դե, 3000 «փախստական» պետք է ընդունենք Հայաստան, մենք էլ հո Թուրքիայի հետ պատերազմ չե՞նք անելու, պետք է հաշտվենք այդ մտքի հետ և ընդունենք։ Իսկ եթե հաշտվում ենք ու ընդունում ենք նրանց, նշանակում է՝  30 տարվա ընթացքում չունենալ այլևս Հայաստան»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների գրոհն Առաքելական եկեղեցու դեմ մեծ թափ հավաքեց մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում եկեղեցիները համարեց չուլանացված, որից հետո սպառնաց, որ Վեհափառը պետք է հեռանա Վեհարանից, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «խախտել է կուսակրոնության ուխտը։

Տեսանյութեր

Լրահոս