Վարչապետի հրաժարականը պայմանավորված էր գերազանցապես ներքաղաքական հաշվարկներով. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք)
-Պարոն Մարտիրոսյան. վարչապետի հրաժարականը որքանո՞վ էրներքաղաքական և որքանո՞վ էր դրսի միջամտությամբպայմանավորված:
-Ասել, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվան ընդունում էր՝ դժվար է: Սակայն Հայաստանում վարչապետը անգլիական թագուհի է, ֆունկցիոնալ առումով անգամ ավելի քիչ, հետևաբար, կարծում եմ, Մոսկվայի համար դա մանր խնդիր է, որով նա հատուկ չէր զբաղվի: Իմ խորին համոզմամբ՝ Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր գերազանցապես ներքաղաքական հաշվարկներով: Ընդգծեմ՝ հաշվարկներով և ոչ թե խնդիրներով:
Դրանով միանգամից մի քանի հարց լուծվեց. առաջին՝ ստեղծված ծանրագույն կացության համար գտնվեց հրաշալի քավության նոխազ: Մասնավորապես՝ իրականացվող տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը ստանձնելու համար ամենահարմար, սակայն դե ֆակտո ոչ պատասխանատու անձը ստանձնեց պատասխանատվություն, երկրորդ՝ ոչիշխանական և զարմանալիորեն «ոչիշխանական» հորջորջվող մի քանի ուժերի պոպուլիստական հռետորաբանությունը զսպվեց, երրորդ՝ դաշտը մաքրվեց գործող նախագահի լիազորությունները լրանալուց հետո՝ իշխանության ղեկը սեփական ձեռքում պահելուն ուղղված քայլերի ձեռնարկման համար: Հաջորդ վարչապետն այդ առումով առանցքային գործիք է լինելու: Ու թերևս հենց դա է այս հրաժարականի հիմնական պատճառը:
-Ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման քայլ, արդյոք սա կարելի՞ է պայմանավորել «Հրաշալի քառյակի»՝ ամենօրյահանրահավաքներ անելու հայտարարությամբ:
-Ո՛չ: «Հրաշալի քառյակն» իրենից որևէ ծանրակշիռ ուժ չի ներկայացնում, հետևաբար նրա գործադրած ճնշումն էլ չի կարող իրական ճնշում դիտարկվել: Չի բացառվում, որ այդ քառյակի աղմուկը հենց պայմանավորված էր և հարմարեցված այս քայլին: Վստահորեն պնդել դա չի կարելի, սակայն կրկնեմ՝ չի բացառվում:
-Անակնկա՞լ էր այս հրաժարականը, թե՞ ոչ:
-Կարծում եմ, որ անակնկալ էր նախ Տիգրան Սարգսյանի համար: Խիստ տարօրինակ է հատկապես այն հանգամանքը, որ նման կարևորագույն իրադարձության մասին առաջինը հայտարարում է կուսակցության խոսնակը: Հրաժարական տվողը կուսակցապետը չէր, այլ՝ կառավարության ղեկավարը, և միջազգային պրակտիկայում, գոնե՝ արդի Արևմուտքում, ես չեմ հիշում որևէ դեպք, երբ կառավարության ղեկավարը այսքան լուռ հրաժարական տա: Իմ կարծիքով՝ խիստ ամոթալի է նախևառաջ կուսակցության համար, որ կուսակցության երիտասարդ խոսնակն է հայտարարում նախարարների խորհրդի նախագահի՝ թեկուզև կուսակցական ղեկավարի հրաժարականի մասին:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։