Աֆղանստանում նախագահական ընտրություններ են անցկացվում
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում: Ավելի քան 28.000 ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 07.00-ին և պետք է ավարտվի ժամը 16.00-ին: Սակայն քվեարկության ժամկետը կարող է երկարաձգվել` կախված իրավիճակից:
Աֆղանստանի քաղաքացիները պետք է ընտրեն երկիրը բազում տարիներ կառավարող Համիդ Քարզայի իրավահաջորդին: Քարզայն Աֆղանստանը գլխավորում է 2001 թվականից` թալիբների վարչակարգի տապալումից հետո: Նա իրավունք չունի երրորդ անգամ դառնալու երկրի նախագահ:
Ընտրությունների արդյունքների նկատմամբ համընդհանուր ուշադրությունը բացատրվում է նրանով, որ նոր նախագահը երկիրը գլխավորելու է նրանից առաջ, որ միջազգային դաշինքի ուժերը վերջնականապես դուրս են բերվում երկրից: Պլանավորված է տվյալ գործընթացն ավարտել մինչև ընթացիկ տարեվերջ:
Ընտրություններում հաղթելու գլխավոր հավակնորդների թվում նշվում են Ռասուլ Զալմայի, Աշրաֆ Գանիի ու Աբդուլլահ Աբդուլլահի անունները: Եթե այսօրվա քվեարկության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը, ապա կպահանջվի երկրորդ փուլ, որը պլանավորված է մայիսի 28-ին:
Նախագահական ընտրություններից բացի, այսօր Աֆղանստանում անցկացվում են նաև ՏԻՄ ընտրություններ: