Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը` Ժիրայր Լիպարիտյանի բացահայտման մասին
ՀՀ առաջին նախագահի նախկին ավագ խորհրդական (1991-97 թթ.) Ժիրայր Լիպարիտյանի հետ «168 Ժամի» հարցազրույցը հետաքրքիր էր ոչ միայն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերլուծությամբ, այլև մի ուշագրավ բացահայտումով: Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդականը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավար Վիկտորյա Նուլանդը մասնակցություն է ունեցել 1997-98 թթ. Հայաստանի ներքին հարցերում և մեծ ներդրում է ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ:
Ժ. Լիպարիտյանի` վիքիլիքսյան ոճով բացահայտումն արդեն մի քանի օր քննարկվում է ոչ միայն հայկական, այլև հատկապես ռուսաստանյան մամուլում, սակայն անգամ երկար տարիների փորձ ունեցող հայ և ռուս լրագրողներն ու վերլուծաբանները միաբերան նշում են, թե առաջին անգամ են լսում, որ Նուլանդը կապ ունի Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ: Մասնավորապես, հարցին մանրամասն անդրադարձ է կատարել ռուսական «Взгляд» թերթի վերլուծաբան Ալեքսեյ Ելցովը: Իր հոդվածում վերլուծաբանը ներկայացրել է Նուլանդի կենսագրությունը` չժխտելով, որ նա իրոք շուրջ 25 տարի «աշխատում է հետխորհրդային տարածքի և Ռուսաստանի ուղղությամբ», Ելցովն անգամ նշել է, որ Նուլանդի նախնիները Ռուսական կայսրությունից են: Սակայն միաժամանակ նա ավելացրել է, որ մինչ Լիպարիտյանի բացահայտումը` որևէ մեկը ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետին չի մեղադրել Տեր-Պետրոսյանի իշխանության տապալման մեջ:
Հարցը պարզաբանելու համար մեկնաբանություն խնդրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Սակայն ՀԱԿ առաջնորդի խոսնակը 168.am-ի հետ զրույցում ընդամենը նշեց հետևյալը. «Առանձնապես մեկնաբանելու կարիք չկա»:
Ինչպես ասում են` պատմությունը թողնենք պատմաբաններին: