«Ռոսսելխոզնադզորի» հերթական «սանկցիան»․ ինչո՞ւ Միշուստինի հետ հանդիպումը չփրկեց հայկական արտահանումը

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից սկսված հայ-ռուսական հարաբերությունների խորքային ճգնաժամն ու քաղաքական երկխոսության դադարը ոչ միայն չեն հանգուցալուծվում, այլև ստանում են նոր, ավելի վտանգավոր դրսևորումներ։

Մոսկվան, նվազեցնելով բարձր մակարդակի քաղաքական շփումները, հրաժարվելով հետընտրական պաշտոնական շնորհավորանքից, շարունակում է Երևանի նկատմամբ տնտեսական ճնշումների ռազմավարությունը։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ թույլ չի տվել Ռուսաստանի շուկայում իրացնել Հայաստանից ներմուծված կաթնամթերքը՝ համարելով ոչ անվտանգ։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հուլիսի 14-21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգումներ են արել Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն էին ստացել՝ Հայաստանի անասնաբուժական ծառայության երաշխիքների հիման վրա։

Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում կրկին արձանագրվել են նույնատիպ խախտումներ, որոնք հայտնաբերվել էին նաև 2023-2024-ի տեսչական այցերի ժամանակ։ Դրանք վերաբերում են արտադրանքի հետագծելիության համակարգին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործարկմանը և արտադրական վերահսկողության ծրագրերի կատարմանը։

Կարդացեք նաև

«Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական կաթնամթերքի ներմուծման հերթական արգելքը, սակայն, պարզապես տեսչական ստուգման արդյունք չէ, այլ դեռևս ապրիլին մեկնարկած տնտեսական պատժամիջոցների տրամաբանական շարունակությունը, որոնք ավելի վաղ թիրախավորել էին հանքային ջրերը, ձկնամթերքն ու գյուղատնտեսական այլ ապրանքատեսակներ։ Ստեղծված իրավիճակն ըստ էության ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դիվանագիտական քայլերի, մեղմ ասած, կատարյալ անարդյունավետությունը։

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեռախոսազանգը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, ապա՝ շտապ այցելությունը Ռուսաստան և դրան հետևած ընդգծված «սառն» ընդունելությունը Միշուստինի կողմից, փաստացի որևէ արդյունք չտվեցին։ Ռուսական կողմի զուսպ արարողակարգն ու դրան հաջորդած տնտեսական սահմանափակումներն ապացուցում են, որ Երևանին չի հաջողվել փարատել Մոսկվայի դժգոհությունը կամ հասնել որևէ լուրջ քաղաքական պայմանավորվածության։

Այս ֆոնին առավել մերկացնող են դառնում ՀՀ իշխանությունների հանրային հայտարարությունները։ Շաբաթներ առաջ Փաշինյանը վստահեցնում էր, թե Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Թե ինչ պայմանավորվածությունների մասին էր խոսքը, Փաշինյանը չէր մանրամասնել, սակայն կայուն տպավորություն էր ստեղծվել, թե իրավիճակը մեղմվելուն ուղղված պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Սակայն ակնկալվող «դրական արդյունքի» փոխարեն՝ հայաստանյան տնտեսվարողները բախվեցին ռուսական շուկայի դռների հերթական փակմանը։ Սա փաստում է, որ Մոսկվա կատարած այցը ոչ թե ռազմավարական երկխոսություն էր, այլ ընդամենն իրավիճակը մեղմելու անհաջող փորձ, որը ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից անտեսվեց։

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության բովանդակությունն ինքնին ունի քաղաքական ենթատեքստ։ Ռուսական գերատեսչությունը, խոսելով վարակված կաթի կամ անասնաբուժական վերահսկողության բացակայության մասին, ուղղակիորեն նաև թիրախավորում է 2019 թվականից Հայաստանում իրականացված պետական կառավարման բարեփոխումները։ Մոսկվան ԵԱՏՄ տեխնիկական և սանիտարական գործիքակազմը վերածել է քաղաքական մտրակի՝ հստակ հասկացնելով, որ քանի դեռ Երևանը շարունակում է իր աշխարհաքաղաքական տատանումները, տնտեսական լծակներն օգտագործվելու են առավելագույն ճնշում գործադրելու համար։

Կաթնամթերքի արգելքն ուղիղ ու ցավոտ հարված է Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգին։ Ռուսական կողմի այս և նմանատիպ քայլերը նպատակ ունեն երկրի ներսում առաջացնել սոցիալական դժգոհության նոր ալիք՝ հայ գյուղացուն կանգնեցնելով անօգնական վիճակում և ցույց տալով, որ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական վեկտորի գինը վճարում է սովորական քաղաքացին։

Ի վերջո, այս զարգացումները գալիս են հաստատելու, որ հայ-ռուսական հարաբերություններում «անշրջելիության կետը» կա՛մ արդեն հատված է, կա՛մ կողմերը կանգնած են դրա շեմին։ Մոսկվան Երևանի առջև դրել է կոշտ երկընտրանք՝ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ», իսկ ՀՀ իշխանությունների՝ երկու աթոռին միաժամանակ նստելու և մանևրելու փորձերն այլևս չեն աշխատում։ Առանց հստակ ռազմավարության, առանց այլընտրանքային շուկաների իրական ապահովման՝ Հայաստանը հայտնվում է տնտեսական շրջափակման ու աշխարհաքաղաքական փակուղու մեջ։

Առկա ճգնաժամը ցույց է տալիս, որ այսկերպ իրականացվող դիվերսիֆիկացիայի օրակարգը չի հաջողվում։ Հայաստանի տնտեսությունն ու արտահանողներին քաղաքական ցնցումներից պաշտպանելու միակ ուղին հաշվարկված արտաքին քաղաքականությունն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031