Ադրբեջանի խորհրդարանը ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է հայամետ գործունեության համար

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) բողոք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից H.R. 9087 օրինագծում ընդունված փոփոխության կապակցությամբ, որը կոչ է անում անմիջապես ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայերին։

Խորհրդարանի հայտարարության մեջ Ադրբեջանի հասցեին հնչող հայտարարությունները որակվել են որպես «անհիմն»։ Նշվում է, թե փաստաթուղթը, իբր, «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ անտեսման վառ օրինակ է» և «ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման գործիք օգտագործելու փորձ՝ ի շահ հայկական լոբբիի»։

Միլի Մեջլիսը նաև հայտարարել է, թե նման նախաձեռնությունները կարող են բացասաբար ազդել Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի վրա։

Ադրբեջանի խորհրդարանը մերժել է օրինագծում օգտագործված «ռազմագերիներ» և «քաղբանտարկյալներ» ձևակերպումները՝ կապված հանրապետության դատարանների կողմից դատապարտված անձանց հետ։ Ըստ Միլի Մեջլիսի՝ ապօրինաբար պահվող հայերը քրեական պատասխանատվության են ենթարկվել, իբր, «ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ ծանր հանցագործություններ կատարելու համար»։

Միլի Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հարգել Ադրբեջանի «ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի նորմերը»՝ «չդառնալով այն ուժերի գործիքը, որոնք, իբր, շահագրգռված են խաղաղ գործընթացի խաթարմամբ և Հարավային Կովկասում հակամարտության պահպանմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031