Եվրոպայում աճել է AI նշումով աշխատատեղերի թիվը
Աշխատաշուկան փոխվում է․ որոշ մասնագիտություններ վերանում են, մյուսները՝ ի հայտ գալիս։ Եթե նախկինում աշխատաշուկայում «հեղափոխություն» էր բերել համացանցը, ապա այժմ այդ դերը ստանձնում է արհեստական բանականությունը․ գրել է Euronews-ը։
Շատերին հետաքրքրում է, թե ինչ ազդեցություն կունենա AI-ն աշխատաշուկայի ապագայի վրա, և շատերն էլ մտավախություն ունեն, որ այն կարող է փոխարինել իրենց։
Մինչ քաղաքական գործիչներն ու մասնագետները շարունակում են քննարկել AI-ի դերը զբաղվածության ոլորտում, «AI» նշումով աշխատանքի հայտարարությունների թիվը Եվրոպայում արագ աճում է Առավել ուշագրավ է, որ եվրոպական խոշոր տնտեսություններում նման հաստիքների մեծ մասն արդեն տեխնոլոգիական ոլորտից դուրս է՝ ըստ Indeed աշխատանքի որոնման հարթակի տվյալների։
Եվրոպայում AI գործիքների կիրառումը վերջին շրջանում զգալիորեն արագացել է։ Eurostat-ի տվյալներով՝ անցած տարի Եվրամիությունում 16-74 տարեկան քաղաքացիների 15 տոկոսն աշխատանքի ընթացքում օգտվել է գեներատիվ արհեստական բանականության գործիքներից։
Սկզբում այս փոփոխությունն առավելապես նկատվում էր ծրագրային ապահովման մշակման և տվյալների մշակման ոլորտներում, սակայն այժմ այն տարածվել է նաև վաճառքի, մարդկային ռեսուրսների (HR), իրավաբանական ծառայությունների, հաճախորդների սպասարկման և վարչական աշխատանքի ոլորտներում։
2026 թվականի առաջին եռամսյակում AI նշումով հաստիքների թվով առաջատարը Գերմանիան է՝ 288 հաստիք։ Նրան հաջորդում էին Միացյալ Թագավորությունը (160), Ֆրանսիան (138), Նիդեռլանդները (84) և Իսպանիան (81)։

