«Մեր արևմտամետ շառլատաններին բան ունեմ ասելու…». Սուրեն Սուրենյանց

168TV«Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։

Հաղորդման ընթացքում Սուրեն Սուրենյանցի մի շարք արձանագրումները՝ ստորև

Ձեզ թվում է՝ իրենք չգիտեի՞ն՝ ինչ գռեհիկ կադրեր են տարածում Գագիկ Ծառուկյանի տնից․ էդ զգետնելու դրվագները, էդ այլանդակությունը։ Նրանք դա անում էին, որ շարքային որևէ քաղաքացի որ տեսնի, մտածի՝ եթե Ծառուկյանի պես ազդեցիկ մարդն էդ կարգավիճակում է հայտնվել, ի՞նչ կլինի իր հետ, եթե ինքը հանդգնի իշխանությանը դեմ գնալ։

Կարդացեք նաև

Ցանկացած մեքենա, այդ թվում՝ ռեպրեսիվ մեքենան, անսպառ չէ իր պոտենցիալով․ նրանք պիտի աշխատեն իրենց երախը հնարավորինս շատ մարդ կլանել՝ հասարակությանն ահաբեկելու համար․ պետք է աշխատել՝ այդ երախը փշրել։ Այլ լուծում գոյություն չունի։

Իշխանության խնդիրները չեն պակասել, շատացել են․ երկու հանգամանք հերիք է՝ Ռուսաստանի հետ աննախադեպ ճգնաժամը և էդ ոչ լեգիտիմության խարանը, որ դաջվել է Նիկոլ Փաշինյանի ճակատին․ նա այլևս լեգիտիմ ղեկավար չէ։ Ինքն էլ շատ լավ գիտի դա։ Հիմա հասարակության ընդդիմադիր շերտերն էլ հինգ տարի չեն տալու ընդդիմությանը․ նախորդ փորձից դասեր են քաղել։ Ընդդիմությունը կամ շատ արագ, առաջիկա ամիսներին արդյունավետ օրակարգ է առաջարկելու՝ համակարգեր և ճանապարհային քարտեզ, և հասարակությունը դրա շուրջ մոբիլիզացվելու է, կամ հասարակության բևեռացումը և տրամադրությունների արմատականացումը բերելու է ընդդիմադիր ավելի արմատական հարթակի ձևավորմանը։

Եթե քո հասարակությանը դու գործոն դարձնես, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները հաշվի են նստելու էդ փաստի հետ։ Չկա նման բան, որ մեզնից բան կախված չի, նստենք-սպասենք, տեսնենք՝ Մոսկվայում ինչ կորոշեն, կամ Վաշինգտոնում ինչ կորոշեն, կամ Փարիզում ինչ կորոշեն։ Դա պետականության ոչնչացման ճանապարհային քարտեզ կլինի։

Դուք երկիր գիտե՞ք, որ ինքնիշխան է, բայց որի տարածքների մի մասն օկուպացված է, որի հիմնական օրենքը փոխվում է արտաքին թելադրանքով, որի ղեկավարը ծաղրուծանակի առարկա է դառնում մի շարք միջոցառումներում։

Դիվերսիֆիկացիան իմ կողմից միայն կողջունվեր․ դա դիվերսիֆիկացիա չէ։ Դիվերսիֆիկացիա՝ իր բոլոր թերություններով, եղել է նախկին 3 նախագահների օրոք․ այն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կոչվում էր հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ կոմպլեմենտար քաղաքականություն, Սերժ Սարգսյանի ժամանակ՝ «և՛, և՛»-ի քաղաքականություն։ Դիվերսիֆիկացիայի փայլուն օրինակ էր այն, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, CEPA էր կնքում Եվրամիության հետ։ Դա էր դիվերսիֆիկացիան․ երբ դու քո արտաքին քաղաքականության հնարավորությունների շրջանակներում փորձում էիր այնպիսի քաղաքականություն վարել, որը բացառեր աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի սատելիտ լինելու կարգավիճակը։

Ի՞նչ եք կարծում, Իրանն իր մի հարևանությամբ ձգտելու է Միացյալ Նահանգների ներկայության սահմանափակմանը, իսկ իր հյուսիսային սահմանին, այսինքն՝ հայ-իրանական սահմանին թույլ է տալու 99 տարով Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ ներկայությո՞ւն․ բնականաբար, ո՛չ։ Հետևաբար, TRIPP-ն այն պարամետրերով որ ստորագրվել է, գործել չի կարող։ Եթե այնտեղ չներառվեն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի շահերը, այդ պրոյեկտը չի գործելու, այդ պրոյեկտը լավագույն դեպքում դառնալու է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031