ՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռու

Ռումինիայում ուրբաթ առավոտյան օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը որսալու համար, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ գործողության մեջ ներգրավվել են Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon և Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ: F-16-երից մեկն «օդ-օդ» դասի հրթիռ է արձակել անօդաչու թռչող սարքի ուղղությամբ՝ մայրաքաղաք Բուխարեստից մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Պադինա կոմունայի շրջանի ամայի տարածքի վրա: Սա առաջին նման դեպքն է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ռումինիայում, նշում է Reuters-ը:

Անօդաչու թռչող սարքը ռադարներն արձանագրել են առավոտյան 9:40-ի սահմաններում՝ Սև ծովի վրա: Այնուհետև այն շարժվել է դեպի արևմուտք՝ Սուլինա նավահանգստային քաղաքի և Բուզեու քաղաքի ուղղությամբ: Որսալուց հետո ԱԹՍ-ի բեկորներն ընկել են ցորենի արտի վրա, սակայն վնաս չեն պատճառել: Ռումինիայի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Գեորգիցե Վլադը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների նախնական տեսողական զննումը ցույց է տվել, որ դա «Շահեդ» է եղել, սակայն ապարատի պատկանելիության մասին եզրակացություններ անելը դեռ վաղ է:

Նա նշել է, որ դեռևս քննություն է ընթանում, և ԱԹՍ-ի արձակման նպատակն անհայտ է: «Տարածքն ամայի էր, ուստի օդաչուն կարողացավ կրակել առանց որևէ ռիսկի: Ներկայումս մասնագետները քննություն են անցկացնում այդ հատվածում՝ միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար»,- հայտնել է նախագահ Նիկուշոր Դանը:

Ռումինիան, որն Ուկրաինայի հետ 650 կմ երկարությամբ ցամաքային սահման ունի, ավելի վաղ մի քանի անգամ բախվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից իր օդային տարածքի խախտումներին, որոնք գրոհում են Ուկրաինայում գտնվող թիրախները: Մայիսին անօդաչու թռչող սարքերից մեկը, որն ուղևորվում էր Ուկրաինայի ուղղությամբ, բախվել էր ռումինական Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքին: Պայթյունի և հրդեհի պատճառով տարհանվել էր մոտ 70 բնակիչ, երկու մարդ ստացել էր թեթև վնասվածքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031