Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին և «հրաշալի քառյակին»
Այսպիսով Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադրող օրենքը: Դա, իհարկե, ՍԴ-ի որոշման առաջին, դեռևս 64 էջանոց փաստաթղթի ուսումնասիրությունից չբխող գնահատական է: Պարզ է, որ այդ ծավալուն որոշումն ունի նաև որոշակի վերապահումներ, «անցքեր», և տեղ է թողնված մի քանի ամիս հետո նույն օրենքը որոշակի փոփոխություններով ընդունելու և կիրառելու համար: Սակայն փաստն այն է, որ առնվազն մինչև սեպտեմբեր օրենքն անվավեր է ճանաչվել: Անկախ նրանից՝ ի՞նչ դրդապատճառներով, իշխանության վերնախավում կայացված ի՞նչ ու ինչպիսի՞ հեռահար նպատակ հետապնդող դրդապատճառներով (դրանց մենք անդրադարձել ենք), փաստ է, որ իշխանությունը գոնե մարտավարական նահանջ կատարեց:
Բայց ոչ թե այդ օրենքը պարտադրող կառավարության, այլ ՍԴ-ի միջոցով, ընդ որում, կառավարությանը վերջնականապես ոչնչացնելու ճանապարհով: Միանգամայն արդարացված և հիմնավոր ճանապարհով: Բայց ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը: Իշխանության քայլը՝ առաջին հերթին: Եթե ՍԴ-ն որոշում է, որ այդ օրենքը հակասահմանադրական էր, ապա ստացվում է, որ կառավարությունը, մի քանի ամիս շարունակ, երկիրը հասցրել էր, բառի բուն իմաստով՝ կատակլիզմային իրադրության՝ հակասահմանադրական օրենքը կիրառելու համար:
Այսինքն՝ կառավարությունն առնվազն այս օրենքի ու դրանից բխող գործողությունների մասով հակասահմանադրական է: Իհարկե, դա վերաբերում է ամբողջ իշխանությանը, այդ թվում՝ նաև նախագահ Սերժ Սարգսյանին, ով մինչև վերջերս իր աջակցությունն էր հայտնում այդ օրենքին: Բայց նա կարող է՝ հղում կատարելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ հայտարարել, որ իր ենթակաները՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա երիտնախարարների, իրեն մոլորեցրել են, ուստի ինքն այլ ելք չի տեսնում, քան կառավարության ամբողջական պաշտոնանկությունը:
Հակասահմանադրական գործունեության պատճառով: Սերժ Սարգսյանն իր այդ քայլը կարող է հիմնավորել՝ որպես իր՝ նախագահի սահմանադրական պարտականության կատարում: Ու, ասենք, ապրիլի 13-ին՝ «պառվի ուլերի» վերջին օրը, պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը միանգամից մի քանի խնդիր կլուծի. նախ՝ կմարի հասարակության չափազանց մեծ դժգոհությունը՝ այս ամենի մեղքը բարդելով Տիգրան Սարգսյանի վրա, ով առանց բարդելու էլ պաշտոնանկության համար բավարար մեղավորություններ ունի, այդպիսով՝ տապալելով նաև «հրաշալի քառյակի» դարակազմիկ նախաձեռնությունը:
Կառավարությանը պաշտոնանկ անելուց ու նոր կառավարություն նշանակելուց հետո քառյակը կարող է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել ոչ թե՝ երկու, այլ՝ ամբողջ 22 օր: Եթե, իհարկե, մինչ այդ քառյակի որոշ ուժերի ներկայացուցիչներ նստացույց չանցկացնեն նախարարական աթոռների վրա՝ բառի ամենուղիղ իմաստով:
Կդիմի՞ Սերժ Սարգսյանն այդ քայլին՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը ներկայացնելով ոչ թե՝ որպես իր թուլության ու քառյակի վերջնագրին ենթարկվելու դրսևորում, այլ սահմանադրականության կարգի վերականգնում՝ դժվար է ասել: Վստահ կարելի է լինել միայն, որ Սերժ Սարգսյանն այդ տարբերակը գոնե չի բացառել: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի կլինի արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Գագիկի հարցը (Ծառուկյան) լուծեց Գագիկով (Հարությունյան): Իսկ Տիգրան Սարգսյանն էլ զոհաբերվեց սահմանադրական կարգի պահպանման վեհագույն գործին: