Գագիկ Հարությունյանը կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը
Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի սահմանադրականության հարցի քննարկման ընթացքը հաճելիորեն զարմացրել է շատերին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ՍԴ որոշ անդամներ այնպիսի հարցեր են ուղղում կառավարության ներկայացուցիչներին ու պատասխանող կողմի ՀՀԿ-ական անդամներին, որ մի պահ թվում է, թե ապրում ենք այլ Հայաստանում:
Լսում ես Գագիկ Հարությունյանի՝ արդարության ու սահմանադրականության ակունքներից բխող հարցերն ու ակամայից ինքդ քեզ ես հարց ուղղում՝ արդյո՞ք սա նույն անձն է, որ կայացրել է 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների սահմանադրականության վերաբերյալ վճիռը, մի՞թե այսօր տեսնում ենք նույն Գագիկ Հարությունյանին, ով առանց խղճի խայթի՝ 2008 թվականի մարտի 1-ի սպանդը գրեթե «սահմանադրական ակտ» ճանաչեց:
Այս և ոչ թե՝ սուբյեկտիվիզմից, այլ անցյալի դառը փորձից բխող մի շարք այլ հարցեր ստիպում են մտածել՝ ինչո՞վ է իրականում պայմանավորված Գագիկ Հարությունյանի այս վարքագիծը: Առաջին հերթին, բնականաբար, այն ենթադրությամբ, որ իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ինչ-որ չափով տեղի տալ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարում, և, ըստ ամենայնի, ՍԴ-ի միջոցով ինչ-որ միջանկյալ լուծում կգտնվի, ու հենց դրա համար էլ հող է նախապատրաստում Գագիկ Հարությունյանը: Բազմաթիվ գործոններ հաշվի առնելով՝ այդ տարբերակը շատ հավանական է թվում:
Սակայն արդյո՞ք Գագիկ Հարությունյանի՝ կառավարության դեմ ուղղված ու հասարակության սրտից բխող հարցերն ու նկատառումները պայմանավորված են միայն կուտակային համակարգի դեմ պայքարում ինչ-որ կոմպրոմիս գտնելու իշխանական որոշմամբ: Հազիվ թե: Ակնհայտ է, որ այս օրերին տեղի է ունենում Գագիկ Հարությունյանի հերոսացում՝ բառի լայն և նեղ իմաստներով: Բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրում են իմաստուն ու մտահոգ դեմքով նրա առարկությունները կառավարության հարստահարող քաղաքականությունը պաշտպանողների դեմ, թերթերն ու կայքերը հեղեղված են Գագիկ Հարությունյանի՝ կուտակայինի դեմ հայտարարություններից մեջբերումներով: Հայաստանի իշխանական ու լրատվական-քարոզչական ներքին տրամաբանությամբ արդյո՞ք դա պատահականություն է: Թերևս՝ ոչ:
Ավելի հավանական է, որ իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Գագիկ Հարությունյանին դիտարկում է՝ որպես ապագա նախագահի հավանական թեկնածու, և այդ նպատակով սկսվել է նրա ժողովրդականության աճի գործընթացը: Հասկանալի է, որ խոսքն այն պարագայի մասին է, եթե մինչև 2016-17 թվականները սահմանադրական փոփոխություններով ընդունվի խորհրդարանական հանրապետության մոդելը, և իրական իշխանությունը պատկանի վարչապետին, որի դերում, Սերժ Սարգսյանը, ըստ տրամաբանության և իշխանական վերնախավում շրջանառվող խոսակցությունների, տեսնում է իրեն: Այդ դեպքում նրան պետք է նաև հուսալի և համեմատաբար չվարկաբեկված պաշտոնյա՝ նախագահի խորհրդանշական պաշտոնում առաջադրելու համար:
Գագիկ Հարությունյանն այդ դերի համար իդեալական թեկնածու է: Նա արդեն ավելի քան մեկ տասնամյակ հրաշալի կատարում է սահմանադրորեն՝ երկրի ամենաազդեցիկ, սակայն գործնականում՝ ոչինչ չորոշող պաշտոնյայի դերը: Նույնը կարող է կատարել նաև նախագահի պաշտոնում:
Ընդ որում, Գագիկ Հարությունյանը, ի տարբերություն որպես նախագահի այլ հավանական թեկնածուներ շրջանառվող գործիչների, քաղաքական հավակնություններ չունի: Նա հավասարապես համերաշխ աշխատել է և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նա բոլոր երեք նախագահների հետ էլ ունի լավ հարաբերություններ: Նույնքան անվրդով աշխատում է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանական համակարգում:
Այն դեպքում, երբ, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ չնայած Սերժ Սարգսյանին հրապարակավ և ոչ հրապարակավ տրվող հավատարմության երդումներին, այնուամենայնիվ, կարող է սեփական քաղաքական ամբիցիաներ ունենալ, և նախագահի՝ թեկուզ խորհրդանշական, պաշտոնում հայտնվելու դեպքում մտածել իրական իշխանության մասին:
Պատահական է, թե ոչ, սակայն Գագիկ Հարությունյանի հերոսացումը, փաստորեն, սկսվել է Տիգրան Սարգսյանի վարկաբեկմամբ: Հարությունյանն այսօր անզիջում պայքարում է այն օրենքի դեմ, որը Տիգրան Սարգսյանը համարում է նորանկախ Հայաստանի ամենահամարձակ ու խոստումնալից նախաձեռնություններից մեկը:
Սա առաջին հայացքից՝ ոչ այնքան ազնիվ, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանության կանոնների մեջ ամբողջովին տեղավորվող տեխնոլոգիա է՝ Տիգրան Սարգսյանին դարձնել հասարակական դժգոհության թիրախ, նրա անունը շրջանառել՝ որպես նախագահի հավանական թեկնածու, ապա ոչնչացնել՝ այն գործչի միջոցով, ով իրականում կարող է դառնալ նախագահ: Սահմանադրական: