ՀՀ-ն Ռուսաստանի հետ ոչ թե գործընկերային, այլ քծնանքի հարաբերություն է կառուցում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը դեմ քվեարկեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն» անվանմամբ փաստաթղթին, որով չի ճանաչվում Ղրիմի հանրաքվեի օրինականությունը: Այսպիսով, անսպասելի այս որոշմամբ մենք միևնույն շարքում հայտնվեցինք Ռուսաստանի կամքին հլու հնազանդ այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Նիկարագուան, Սուդանը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Կուբան, Բոլիվիան: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը քննադատողների շարքում է նաև ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որին երեկ մի քանի հարց ուղղեցինք:
– Երեկ մենք դեմ ենք քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևին, թեև ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ է մնալու: Ինչպե՞ս եք սա գնահատում:
– Կարծում եմ՝ նման դեպքերում ճիշտ կլիներ, որ Հայաստանը գոնե ձեռնպահ քվեարկեր: Պետք է մտածել 330 հազար հայերի մասին, որոնք բնակվում են Ուկրաինայում (որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ նրանք 600 հազար են): Ի վերջո, այս նախագահն ի վիճակի՞ է նման կարևոր հարցից առաջ խորհրդակցել քաղաքական ուժերի հետ, թե՞ կուլտուրան իսպառ բացակայում է։
– Ի՞նչ կլինի այդ հայերի հետ, Հայաստանի արտահայտած կոշտ դիրքորոշումն իրո՞ք նրանց համար սպառնալիք է ստեղծել։
– Խնդիրը սպառնալիքը չէ: Ես հուսով եմ, որ այնտեղ ջարդեր չեն լինի, բայց սա պարզապես հնարավորությունից զրկում է այդ հայերին՝ իրենց բիզնեսն անելու, գործերն առաջ տանելու, և, ի վերջո, նրանք ահագին գումար են ուղարկում Ուկրաինայից Հայաստան՝ տարեկան մոտ 150 մլն դոլար:
– Բայց մենք ունենք Ղարաբաղի հարցը, որը նման է Ղրիմի խնդրին, և երկրորդը՝ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք և պետք է նույն դիրքորոշումն ունենանք, հակառակ դեպքում հնարավոր է, որ մեզ ուղղակի ճնշեն:
– Ղրիմի խնդիրը, ինչպես և Ղարաբաղինը, ինքնորոշման հարց է, իսկ ինքնորոշման հարցով Հայաստանում քիչ մարդ կա, որ դեմ է խոսել: Մինչդեռ ՄԱԿ-ում քվեարկության է դրված եղել նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը: Այլ է, թե այդ տարածքային ամբողջականությունն ինչ սահմաններում ենք մենք ճանաչում: Հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մենք նաև հարգել ենք Ղրիմի ինքնորոշման իրավունքը: Հենց դա է պատճառը, որ բնականորեն պետք էր ձեռնպահ քվեարկել: Մի երկու ամիս առաջ ԱԺ մեծամասնությունը, ինչպես նաև ընդդիմադիրների մի մասը դեմ քվեարկեց Հայաստանի կողմից ԼՂՀ ինքնորոշումը ճանաչելուն՝ ասելով, որ դրանով մենք ղարաբաղա-հայկական-ադրբեջանական բանակցությունները փակուղի ենք մտցնում, հիմա Ղարաբաղը չճանաչած՝ ինչպե՞ս ենք Ղրիմը ճանաչում։ Այլ հարց է, որ հարգում ես ինքնորոշումը, բայցև գտնում ես, որ տարածքային ամբողջականության շուրջ պետք է բանակցել։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն ենք, ես գիտեմ, որ հիմա այս իշխանությունները, որոնք մի վեց ամիս առաջ միայն Եվրոպայի անունն էին տալիս, այժմ փորձում են քծնել Ռուսաստանին: Եթե մենք ստրատեգիական գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, դա չի նշանակում, որ ես կարող եմ ձեզ ասել՝ դու իմ ընկերն ես, և երրորդ անձի հետ եթե իմ հարաբերությունները վատ են, ուրեմն դու էլ պետք է վատացնես: Իսկ ո՞վ ասեց, որ Ռուսաստանի համար շահավետ են հայ-ուկրաինական վատ հարաբերությունները: Հիշո՞ւմ եք 2008-ի ռուս-վրացական ճգնաժամը, այն ժամանակ ձեռնպահ էինք, Սահակաշվիլուն էլ կանչեցինք, մեդալ տվեցինք։ Ի՞նչ փոխվեց։
– Ղազախստանը Եվրասիական միության ակտիվ երկիր է, բայց ձեռնպահ մնաց…
– Այո, առավել ևս, որ Ուկրաինայում մեծ թվաքանակով ղազախներ չեն բնակվում, Ղազախստանը սահման ունի Ռուսաստանի հետ և զգուշանալու առիթ ունի, քանի որ իր հողերի հյուսիսային մասում ռուսներ են ապրում: Այնուամենայնիվ, մարդիկ ձեռնպահ մնացին: Ես կրկնում եմ. եթե դուք ձեռնպահ եք, ապա զուտ իրավական առումով պարզապես ցույց եք տալիս, որ հարգում եք հիմնարար սկզբունքներից մեկը, որը տարածքային ամբողջականությունն է, բայց հարգում եք նաև ազգային ինքնորոշումը և դրա համար ձեռնպահ եք:
– Բայց Ձեզ կարող են հակադարձել, ասելով, որ Ռուսաստանում էլ 3 մլն հայ է ապրում:
– Ես Ձեզ կարճ կարող եմ պատասխանել՝ չարած վատության համար չեն պատժում: Ցավալի է, որ իշխանական շրջանակները հենց այսպես են բացատրում իրենց վերաբերմունքը, իսկ սա նշանակում է, որ այս իշխանությունը Ռուսաստանի հետ ոչ թե գործընկերական հարաբերություններ է կառուցում, այլ քծնանքի հարաբերություններ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։