«Զինվորի մահվան գործով նախաքննություն վարող քննիչը ծանոթ չէ օրենսգրքին»
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հայտարարությունը 2013թ.-ի հուլիսի 31-ին մահացած ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի նախաքննության վերաբերյալ.
«31.07.2013թ. ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է նույն զ/մ-ի ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանի դիակը: Փաստով հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Մ. Նալբանդյանը:
«Խաղաղության երկխոսությանն» է դիմել ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Օնիկ Մերուժանի Մանուչարյանը՝ եղբայրը: Նա իր բողոքն է հայտնել նախաքննության ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ գործով քննիչ Մ.Նալբանդյանի կողմից 17.02.2014թ.-ին կայացված որոշման դեմ:
Դեռ անցած տարի տուժողի եղբայրը բացարկ է հայտնել քննիչ Մ. Նալբանդյանին, քանի որ վերջինս առաջին իսկ օրվանից երեք կրակոցներով կատարված սպանությունը որակել էր որպես ինքնասպանություն, կատարում էր միակողմանի քննություն՝ փորձելով «հիմնավորել» այս կեղծ, մերկապարանոց վարկածը: Փորձաքննությամբ մահացածի մոտ (դեպքի վայրում) գտնվող զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, ինչը բավարար հիմք է տալիս կասկածելու, որ Մանուչարյանին սպանել են, իրեղեն ապացույցը՝ կեղծել (փոխել են զենքը, մաքրել մատնահետքերը)[1]: Նախ, որպեսզի ինքնասպանության վարկածը կասկածի տակ չդրվի, ՊՆ քննչական ծառայությունը կեղծ լուրեր տարածեց, թե իբր Մ․ Մանուչարյանը եղել է Եհովայի վկա, իբր ունեցել է սիրած աղջիկ եւ ինքնասպան է եղել, երբ վերջինս մերժել է նրան:
Տուժողի իրավահաջորդի բացարկը մերժվել է:
Կազմակերպության փորձագետ Ռ. Մարտիրոսյանը, ծանոթանալով վերոնշյալ որոշման հետ, պարզեց, որ 17.02.14թ.-ին քննիչ Նալբանդյանը որոշում է կայացրել նշանակել հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն: Որոշման մեջ քննիչը հիմնավորում է նման փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը եւ ներկայացնում է դրա հիմքերը․ ըստ էության, այդ որոշումը հիմնված է ընդամենը մեկ ականատես վկայի՝ Լ․ Մ․-ի ցուցմունքների վրա: Երկրորդ վկայի՝ Ա․ Ա․-ի ցուցմունքները որեւէ ապացուցողական հիմք չունեն, քանի որ հիմնված են միայն ենթադրությունների, մտահանգումների վրա:
«Բավական չէ, որ փորձաքննություն նշանակելիս քննիչը հիմնվում է ընդամենը մեկ վկայի ցուցմունքների վրա, դրանց զգալի մասն էլ զուրկ է հստակությունից եւ չի հաստատվում այլ ականատեսների ցուցմունքներով», – ասում է փորձագետը:
Նախաքննության ընթացքում զորամասի ժամկետային զինծառայող Լ․ Մ․-ն ցուցմունք է տվել այն մասին, թե իբր 2013թ.-ի հուլիսի 30-ից մոտ քառասուն օր առաջ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ սերժանտ Արման Ստեփանյանը և կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը «․․․ սկսել են պարտադրել շարքային Մանուչար Մանուչարյանին լվանալ իրենց քաղաքացիական հագուստները, որոնցով վերջիններս ինքնակամ թողնում էին զորամասը»: Ըստ վկայի՝ դեպքից շուրջ երկու օր առաջ (հուլիսի 29-ի երեկոյան) քուն հրամանից հետո Ա. Ստեփանյանը զորանոցում Մանուչարյանին ասել է, որ լվա իր շորերը, սակայն Մանուչարյանը հրաժարվել է: Այնուհետև քննիչը գրում է. «Չնայած դրան, Մ. Մանուչարյանը Ա. Ստեփանյանի շորերը այդ օրը չի լվացել ու պառկել է, որ քնի, սակայն Ա. Ստեփանյանը շարունակել է պնդել, որ լվանա իր շորերը և բարձրանալով մահճակալների վրա սկսել է ոտքերով հարվածներ հասցնել անկողնում պառկած Մ. Մանուչարյանի մարմնին: Այդ ամենը տևել է շուրջ հինգ րոպե, որի ընթացքում Ա. Ստեփանյանը շարունակել է Մ. Մանուչարյանին հարցնել լվանալո՞ւ է արդյոք շորերը, իսկ վերջինս էլ պատասխանել է, որ չի լվանալու»:
Կանգ առնեք այս էպիզոդի վրա․ վաշտի զորանոցում, որպես կանոն, քնում է քսանհինգից քառասուն զինծառայող: Քանի որ դեպքը տեղի է ունեցել «Քուն» հրամանից հետո, ապա տրամաբանական է, որ նշված բոլոր զինծառայողները այդ պահին պետք է լինեին զորանոցում և ականատես դառնային Լ․-ի կողմից նշված իրադարձությանը: Սակայն, ըստ քրգործի, Լ․-ի պատմածները վաշտի զինծառայողների կողմից չեն հիմնավորվում:
Ըստ Լ․ Մ․-ի ցուցմունքում մեջբերված այլ էպիզոդի՝ 12.07.2013թ.-ի երեկոյան «․․․քուն հրամանից հետո Բ. Գաբոյանը ստիպել է Մանուչարյանին վերցնել անվանականչի մատյանը, միայն վարտիքով բարձրանալ մահճակալի երկրորդ հարկի վրա ու բարձրաձայն կատարել երեկոյան անվանականչը: Թեև Մ. Մանուչարյանը խնդրել է Բ. Գաբոյանին, որ նման բան չանի, սակայն վերջինս պահանջել է, որ Մ. Մանուչարյանը կատարի անվանականչը…»: Մ. Մանուչարյանը «․․․չի կարողացել ճիշտ կարդալ ազգանուններն ու բոլոր զինվորների ծիծաղի առարկա է դարձել»:
Վկան կրկին ներկայացնում է մի միջադեպ, որը տեղի է ունեցել վաշտի զորանոցում, բոլոր զինվորների աչքի առջեւ: Նշում է, թե իբր բոլոր զինվորները ծիծաղում էին Մ. Մանուչարյանի վրա: Սակայն, ինչպես նրա ցուցմունքում, այնպես էլ քննիչի մոտ նշված զինվորները անդեմ են, անանուն, Լ-ի ասածները «բոլորի» կամ գոնե մի քանի զինվորի կողմից չի հաստատվում:
Իր որոշման մեջ քննիչ Մ. Նալբանդյանը գրում է․ «․․․ 27.09.2013թ. Բ. Գաբոյանը հարցաքննվել է որպես կասկածյալ և ցուցմունք տվել այն մասին, որ երբևէ Արման Ստեփանյանի հետ կամ էլ մենակ Մ. Մանուչարյանի նկատմամբ բռնություն չի գործադրել կամ ծեծի չի ենթարկել»:
Բռնության եւ ծեծի փաստը եւս հիմնավորվում է նույն «ամենատես» վկայի ցուցմունքների շնորհիվ․ ըստ նրա՝ դեպքի օրը` 31.07.2013թ. առավոտյան ժամը 8:10-ի սահմաններում, երբ Լ․ Մ․-ն զորանոցում մաքրություն էր կատարում, Բ. Գաբոյանը կրկին Մ. Մանուչարյանին հրամայել է լվանալ իր հագուստը, «․․․ սակայն Մ. Մանուչարյանը մերժել է` պատճառաբանելով, որ վերակարգի մեջ է»: Դրանից Բ. Գաբոյանը զայրացել է և մեկ անգամ ուժգին ապտակել է Մ. Մանուչարյանին: «․․․ Մ. Մանուչարյանը բարձր ձայնով սկսել է պահանջել, որ նա չհարվածի…»:
Բացի այդ, վկայի ցուցմունքներից կարելի է կռահել, որ գործով մեղադրվողները տուժողին նախկինում ստիպել են լվանալ իրենց շորերը եւ նա դա արել է, սակայն վկան չի նշում կոնկրետ անձի անունը, ով ստիպել է, չի ասում, թե ինչպես է ստիպել, ինչպես է սկսել պարտադրել եւ այլն: Չի ասում նաեւ, անձամբ տեսե՞լ է, արդյոք, որ երբեւիցե նա լվանա այլ զինծառայողների հագուստը, ե՞րբ է դա տեղի ունեցել, որտե՞ղ եւ կոնկրետ ո՞ւմ հագուստն է նա լվացել:
Կարելի է ենթադրել, որ Բ․ Գաբոյանի շորերը տուժողը նախկինում լվացել է, քանի որ, համաձայն նույն վկայի ցուցմունքների, մյուս մեղադրվողն ասել է․ «Բաբոյի շորերը լվացել ես, իմը՝ չես լվո՞ւմ, կխեղդեմ»: Բայց վկան կրկին չի նշում, նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, ե՞րբ է եղել, ինքը ականատես եղե՞լ է, թե ինչպես է Մանուչարը լվանում ուրիշի հագուստը․․․
Վկան նշում է, որ տուժողին հաճախ ուղարկել են սրճարան, կրպակ եւ կրկին չի հստակեցնում՝ ե՞րբ, ո՞ր ժամին, ո՞վ ուղարկեց, ի՞նչ է բերել այնտեղից, ո՞ւմ համար եւ ո՞ւմ է տվել:
Վկայի ցուցմունքներում նշված է նաեւ, որ տուժողը սննդամթերք (տուլիկ) է ունեցել եւ դրա մի մասը տոպրակով տվել է սպաներին, ինչին տեղեկացել է Գաբոյանը: Անհասկանալի է, որտեղից գիտեր Լ․ Մ-ն, որ տոպրակում ուտելիք է, երբ է տվել, կոնկրետ ում է տվել եւ այլն:
Ըստ տուժողի եղբոր՝ քննիչ Մ. Նալբանդյանը բացահայտ ձևով նենգափոխել է Մ. Մանուչարյանի կերպարը՝ նրան ներկայացնելով որպես թուլամորթ, վախկոտ, կամազուրկ երիտասարդ: Նրա նկարագիրը առաջին հայացքից «աչք շոյող» է, լիովին համապատասխանում է քննության կողմից առաջ քաշված ինքնասպանության վարկածին, սակայն չի համապատասխանում իրականությանը:
«Կրտսեր եղբայրս զուսպ էր, հավասարակշռված, սակայն միաժամանակ ֆիզիկապես ուժեղ, համարձակ, ինչպիսին պետք է լինի իսկական հետախույզը: Նա որևէ մեկին չէր նվաստացնի, սակայն թույլ էլ չէր տա, որպեսզի որևէ մեկը նվաստացներ իրեն, ծեծեր կամ հայհոյեր, ինչպես գրում է «վկան»: Նա ուներ թե՛ ուժ, թե՛ ուժեղ կամք, որպեսզի պաշտպաներ իրեն», – ասում է մահացածի եղբայրը:
Այս ամենից հասկանալի է դառնում, թե որն է քննիչի իրական նպատակը. նա Լ․ Մ․-ի կեղծ ցուցմունքների միջոցով նենգափոխել է Մ. Մանուչարյանի կերպարը, նրան ներկայացրել կամազուրկ ոչնչություն, որպեսզի կարողանա ապացուցել, որ Մանուչարյանը ինքնասպան է եղել:
Այն, որ Մանուչարյանի կերպարը նենգափոխված է, հասկանալի է դառնում նաև հետևյալ պարզ վերլուծությունից. Մ. Մանուչարյանը բանակ է զորակոչվել 27.06.2012թ.-ին: Վկայի նկարագրած դեպքերի ժամանակ նա արդեն ավելի քան մեկ տարվա ծառայող էր: Նման ծառայողներին բանակում անվանում են «ստարիկներ»: Տարօրինակ, նույնիսկ անհնարին է, որ Ա. Ստեփանյանը և Բ. Գաբոյանը ստիպեին իրենց հագուստները լվանալ ոչ թե նորակոչիկ զինվորներին, այլ Մանուչարյանին, մանավանդ որ, ինչպես դա երեւում է անգամ միակ «վկայի» ցուցմունքներից, Մանուչարյանը կտրականապես դեմ էր դրան:
Տուժողի իրավահաջորդը նշում է նաեւ, որ սովորելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, հնարավորություն ուներ և պարբերաբար այցելում էր եղբորը, նրա հետ գտնվում էր մշտական հեռախոսակապի մեջ: Մանուչարը մշտապես եղբոր հետ կիսում էր իր հաջողություններն ու ունեցած խնդիրները, հետեւում էր խորհուրդներին, կատարում նրա պահանջները եւ ոչինչ չէր թաքցնում: Ըստ եղբոր՝ ողջ ծառայության ընթացքում Մանուչարյանը երբևիցե չի դժգոհել ծառայությունից, նրան որևէ մեկը չի հայհոյել, չի ծեծել, չի նվաստացրել: Եթե նման բան լիներ, ապա նա անպատճառ կհայտներ եղբորն այդ մասին, քանի որ իրենից ոչինչ չէր թաքցնում: Տարօրինակ չէ՞, արդյոք, որ մեկ տարվա ծառայության ընթացքում Մանուչարյանին ոչ ոք չի նեղացնում, սակայն ծառայության երկրորդ տարում հանկարծ նրան փորձում են ստիպել լվանալ ուրիշի հագուստները:
Լ․ Մ․-ն իր ցուցմունքում գրում է. «Չնայած դրան, Մ. Մանուչարյանը Ա. Ստեփանյանի շորերը այդ օրը չի լվացել ու պառկել է, որ քնի…»: Նաեւ այս դեպքում է նա ակնարկում, թե իբր նախկինում Մ. Մանուչարյանը լվացել է Ա. Ստեփանյանի շորերը, ուղղակի այդ օրը չի լվացել, բայց նա այդպես էլ չի ներկայացնում նախկինում մի դեպք, երբ Մ.Մանուչարյանը լվացել է Ա. Ստեփանյանի հագուստները:
Վերը նկարագրվածից պարզ է դառնում, որ սպանության գործը կեղծելու եւ ինքնասպանություն դարձնելու քննիչի նպատակներից ելնելով վկային պարտադրվել են իր ցուցմունքները: Բոլոր էպիզոդներում վկան տալիս է ակնհայտ կեղծ ցուցմունք, որն ուղղորդված է քննիչի կողմից: Պարզ է դառնում նաեւ, որ սույն գործի նախաքննության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվել պատկան մարմինների կողմից կամ նախաքննական մարմնի բոլոր ապօրինի գործողությունները կատարվել եւ կատարվում են նրանց գիտությամբ եւ թողտվությամբ:
Բացի այդ, իր որոշման մեջ քննիչ Մ. Նալբանդյանը գրում է. «06.09.2013թ. որոշում է կայացվել թիվ 90259213 քրեական գործի նյութերով ՀՀ քր. օրի 358.1 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նոր քրեական գործ հարուցելու, 90260413 համարը շնորհելու, թիվ 90259213 քրեական գործին միացնելու և 90259213 քրեական գործի համարի տակ նախաքննությունը շարունակելու մասին»:
Քր. օր-ի՝ քննիչի կողմից նշված 358 հոդվածը վերնագրված է «Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը»: Այն որևէ կապ չունի որոշման հետ և չի էլ կարող կապ ունենալ, քանի որ նման հարցերը կարգավորվում են ոչ թե ՀՀ քր. օր-ի, այլ ՀՀ քր. դատ. օր-ի սահմաններում: Սակայն քր. դատ. օր-ի հոդված 358-ը վերնագրված է «Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը»:
Առնվազն տարօրինակ է, որ սպանության գործով քննություն է կատարում մի պետական պաշտոնյա, ով ծանոթ չէ ո՛չ ՀՀ քր. օր-ին, ո՛չ էլ ՀՀ քր. դատ. օր-ին:
Ելնելով այս ամենից, տուժողի իրավահաջորդը եւս մեկ անգամ բացարկ է հայտնում գործով քննիչ Մ. Նալբանդյանին, ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնի պետին, ՀՀ ՊՆ ՔԾ պետ Արմեն Հարությունյանին, գործը հսկող դատախազին, ՀՀ զինդատախազ Արտակ Հարությունյանին և միջնորդում է գործով նախաքննությունը հանձնարարել այլ քննչական մարմնին: Այս մասին դիմումներ են ուղարկվել ՀՀ դատախազին, պաշտպանության նախարարին:
Ըստ կազմակերպության փորձագետ Ռ․ Մարտիրոսյանի, անհրաժեշտ է վերացնել քրգործով հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն կատարելու վերաբերյալ Մ. Նալբանդյանի անհիմն որոշումը, իսկ քննչական մարմինը գործով պետք է կատարի օբյեկտիվ, բազմակողմանի և խորացված քննություն, ինչը սահմանադրական պահանջ է և չի արվել մինչ օրս»: