Բաժիններ՝

Պե՞տք է գիտությունը Հայաստանին

1969թ. ԱՄՆ Կոնգրեսի ատոմային էներգիայի կոմիտեում քննարկվում էր Ֆերմիի անվան արագացուցչային կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսների հատկացման ծրագիրը: Կոնգրեսականներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կապ ունի նման թանկարժեք կենտրոնի ստեղծումն ԱՄՆ պաշտպանության կատարելագործման հետ, նշված կենտրոնի ապագա տնօրեն Ռոբերտ Վիլսոնը տվեց փայլուն պատասխան. «Այն կապ ունի միայն հարգանքի հետ, որը մենք տածում ենք իրար հանդեպ, մարդու արժանապատվության և մշակույթի նկատմամբ՝ մեր սիրո հետ:

Ինչպես նաև` այն գաղափարի, թե արդյո՞ք մենք լավ նկարիչ, քանդակագործ կամ բանաստեղծ ենք: Ես նկատի ունեմ այն ամենը, ինչը մենք իրոք գնահատում ենք մեր երկրում, և ինչի նկատմամբ առաջանում են հայրենասիրական զգացմունքներ: Այն չունի ոչ մի ընդհանրություն երկրի պաշտպանության հետ, բացառությամբ նրա, որ երկիրը դարձնում է պաշտպանությանն արժանի»:

Սակայն մեր դարում, որտեղ գերիշխում են պրագմատիզմը և շուկայական արժեքները, գիտնականի` նման պատասխանը թվում է անիմաստ, իսկ ինքը՝ գիտնականը՝ ձրիակեր, ով հասարակության հաշվին բավարարում է անձնական հետաքրքրասիրությունը:

Հաճախ հնչում է հռետորական հարց. «Պե՞տք է գիտությունը Հայաստանին», մի բան, որը շատ թանկ «հաճույք» է մեզ նման սահմանափակ կարողություններով երկրի համար: Նման հարց ես լսել եմ թե՛ տարբեր պաշտոնյաների, թե՛ սովորական քաղաքացիների շուրթերից: Առաջին հայացքից նման հարցը շատ տրամաբանական է: Ինչո՞ւ միլիոնավոր դրամներ հատկացնել ինչ-որ գիտական խմբի, օրինակ՝ կենսաբանների, եթե հայտնի չէ վերջնական արդյունքը, և եթե այն չունի նյութական շահի տեսք: Այդ գումարները կարելի է ծախսել շատ ավելի տեսանելի աշխատանքների վրա:

Կարդացեք նաև

Հավանաբար` նման հարցադրման հիմնական պատճառը միայն պրագմատիզմը չէ, այլ նաև այն պատկերացումը, որ գիտությունը պարտավոր է բավարարել հասարակության պահանջները: Նման մոտեցումը վիճելի է: Փիլիսոփայության մեջ գոյություն ունի մի համոզում, որ մարդու գոյության իմաստը շրջակա աշխարհի ճանաչման մեջ է:

Bacteria-gitutyun

Հետևաբար, գիտությունը, լինելով աշխարհի ճանաչման կարևորագույն գործիքներից մեկը (եթե ոչ միակը), ապահովում է մեր գոյության իմաստը: Սակայն դժվար թե մենք և մեր պաշտոնյաները համաձայն լինեն հսկայական գումարներ ծախսել` հանուն վերացական հասկացողությունների: Ուրեմն, պետք է փորձել ավելի հիմնավոր պատճառներ ներկայացնել, որոնք ցույց կտան գիտության դերի կարևորությունը մեր հասարակության համար, հակառակ դեպքում` այն միշտ կդիտարկվի` որպես թանկ «հաճույք», որը հասու է միայն զարգացած երկրներին:

Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հայկական գիտության վերացումը ոչ մի բացասական ազդեցություն չի թողնի ընդհանուր գիտության զարգացման վրա:

Բավական է նայել գիտական միջազգային պարբերականներում տպագրվող հայկական հոդվածների չափաբաժնին (2012թ. այն եղել է 0.04%), համոզվելու համար, որ մեր տեղը գիտելիքի «արտադրման» համաշխարհային շուկայում աննշան է: Նմանատիպ պնդում կարելի է անել նաև հայկական գիտության դերի մասին` տեխնոլոգիական առաջընթացի մեջ:

Վիճակն այստեղ, թերևս, ավելի վատ է, քանի որ դժվար է հիշատակել հայաստանյան ծագմամբ գոնե մեկ նորարարություն, որը վերջին 20 տարում միջազգային ճանաչում է ստացել: Արդյո՞ք սա նշանակում է, որ իզուր ենք մեր հարկերի մի մասը տրամադրում գիտությանը, եթե նոր գիտելիքի «առյուծի» բաժինը ստեղծվում է այլոց կողմից: Իհարկե ո՛չ: Գիտությունը, բացի նոր գիտելիք ստեղծելու առաքելությունից, որը հիմնականն է և ամենակարևորը, ունի բազմաթիվ հարակից գործառույթներ, և եթե մեր ստեղծած գիտելիքն աննշան տեղ է գրավում ընդհանուրի մեջ և օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառություն չի ստանում, ապա հարակից գործառույթները կարող են շատ ավելի կարևոր դերակատարում ունենալ այսօրվա Հայաստանի համար: Ստորև կնշեմ այդ գործառույթներից մի քանիսը:

Գիտության հարակից գործառույթներից մեկը մասնագետների պատրաստումն է: Միայն գիտնականների մոտ է, որ մասնագիտական գիտելիքներն ամենախորն են և արդիական, քանի որ նրանք ամեն օր առնչվում են իրենց ոլորտի բացահայտումների հետ: Այդ պատճառով գիտությունն անմիջական մասնակցություն ունի մասնագետների պատրաստման հարցում: Դժվար է պատկերացնել լավ ուսուցիչների, ճարտարագետների կամ բժիշկների պատրաստում՝ առանց գիտնականների մասնակցության:

Ժամանակակից համալսարաններում, որպես կանոն, դասավանդում են ակտիվ գիտության մեջ գտնվող դասախոսները: Հենց նույն պատճառով գիտության հարակից գործառույթներից է նաև տեղի ունեցող գործընթացների մասնագիտական գնահատումը: Ցանկացած հասարակություն, այդ թվում և` մերը, խոզի կամ թռչնագրիպի, ՁԻԱՀ-ի, ԳՄՕ-ի, հակաբիոտիկների և նման այլ հարցերում առաջին հերթին ապավինում է սեփական գիտնականների կարծիքին: Նման մասնագետների կարծիքը հասարակության մեծ մասի կողմից ընդունվում է` որպես արժանահավատ և անվիճարկելի, եթե անգամ նրանց գիտական գործունեությունն անմիջական կապ չունենա քննարկվող հարցի հետ:

Արտադրության, բժշկության, գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներմուծումը պահանջում է համապատասխան գիտական մտքի առկայություն, առանց որի` նոր տեխնոլոգիաների շահագործումը դառնում է անհնար կամ, լավագույն պարագայում` ոչ արդյունավետ:

Ընդհանրապես մարդկանց բացարձակ մեծամասնությունն իր կյանքի ընթացքում առնչվում է ոչ թե գիտության, այլ դրա արդյունքների՝ նոր տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ապրանքների հետ: Գիտությունն ինքնին միջազգային է և բաց, սակայն տեխնոլոգիաները հաճախ կարող են ունենալ պատկանելություն և արտահանման սահմանափակումներ (հատկապես ռազմական բնույթի տեխնոլոգիաները):

Ակնհայտ է, որ նման պարագայում գիտությունն անհրաժեշտ է ոչ միայն նոր տեխնոլոգիաների ներդրման, այլև դրանց վերարտադրման և կատարելագործման համար: Նաև ակնհայտ է, որ օբյեկտիվ պատճառներով Հայաստանն ի վիճակի չէ վերարտադրել բոլոր տեսակի տեխնոլոգիաները, սակայն մենք պարտավոր ենք զարգացնել տեխնոլոգիաների այն տեսակները, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, օրինակ` ռազմական բնույթի: Իսկ դա առանց գիտության անհնար է: Եվ, վերջապես, գիտությունն ապահովում է հասարակության մեջ որոշակի քանակի մարդկանց առկայություն, որոնք առաջնորդվում են գիտական մտածելակերպով և ռացիոնալիզմով:

Նման մարդիկ` գիտնականները և նրանց մերձավոր շրջապատը, բարելավում են ամբողջ հասարակության մտածելակերպը, բարձրացնում են նրա ընդհանուր մակարդակը և նվազեցնում կրոնական, միստիկ կամ իռացիոնալ մտքի ազդեցությունը հասարակության վրա: Պատահական չէ, որ շատ երկրների զարգացման և նվաճումների հիմքում եղել են պետության այնպիսի ղեկավարներ, որոնք փայլուն գիտնականներ էին, օրինակ` Ջեյմս Գարֆիլդը, Հերբերտ Հուվերը կամ Հայիմ Վեյցմանը:

Հայտնի են նաև հակառակ դեպքերը: 1970-ական թվականներին Ուգանդայի նախագահ դարձավ Իդի Ամինը, ով գրել-կարդալ էր սովորել բրիտանական բանակում ծառայելու ժամանակ, սակայն դա չխանգարեց նրան` ամբողջ Ուգանդան պահել ահաբեկման մեջ, սպանել հազարավոր այլախոհների, իրեն հռչակել «Շոտլանդիայի թագավոր» և «բոլոր կենդանիների տիրակալ»: Ամինի ճակատագիրը դաժան ավարտ ունեցավ, սակայն ոչ մի երկիր ապահովագրված չէ նման ղեկավար ունենալուց, եթե հասարակության ընդհանուր մակարդակը լինի ցածր, և նրանում չլինեն գիտական մտքի կրողներ: Միգուցե սա գիտության ամենակարևոր հարակից գործառույթներից մեկն է:
Այսպիսով, ստացվում է` գիտության հարակից արդյունքները կարող են շատ ավելի կարևոր նշանակություն ունենալ մեր հասարակության համար, քան գիտության անմիջական ձեռքբերումները:

Պե՞տք է գիտությունը Հայաստանին: Այո՛, պետք է, եթե չենք ուզում ունենալ կիսագրագետ ուսուցիչներ և բժիշկներ, եթե չենք ուզում դառնալ միայն հումք և կոնյակ արտահանող երկիր, որին այլևս հասու չեն նոր տեխնոլոգիաները, եթե չենք ուզում մասնագետի կարծիքի փոխարեն` լսել խելոք դեմքով աստղագուշակների և, վերջապես, եթե չենք ուզում մի օր հայտնվել այնպիսի վիճակում, երբ Իդի Ամինի պես «բոլոր կենդանիների տիրակալները» կղեկավարեն մեր երկիրը: Իսկ գիտության և գիտնականի նկատմամբ հասարակական կամ պետական անտարբերությունը, վաղ թե ուշ, կհանգեցնի դրան:

ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս