Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են: Ռ. Քոչարյանի այսօրվա հարցազրույցից հետո միանգամից երկու երիտհհկականները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, պատասխանել են Ռ. Քոչարյանին: Շարմազանովը tert.am-ին ասել է, որ Քոչարյանի գնահատականներն «անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»: Իսկ Ավագյանն ավելի «հանդուգն» է գտնվել ու Քոչարյանին ուղղված պատասխանում նույնիսկ իրեն թույլ է տվել հեգնել. «Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը»։ Ակնհայտ է, որ նշված ՀՀԿ-ականներն «ինքնաբուխ» չէին կարող պատասխանել Ռ. Քոչարյանին: Ավելին, անգամ, եթե նրանց նման հանձնարարություն տար նույն վարչապետ Տիգրան Սարգսյանը, նրանք դա չէին անի՝ առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Քանի որ, եթե նրանք իսկապես ցանկանային պաշտպանել իրենց վարչապետին, ապա դա կանեին անցած տարեվերջին՝ Ռ. Քոչարյանի առաջին հարցազրույցից հետո: Հատկապես, որ դրանում Տ. Սարգսյանին ուղղված անձնական վիրավորանքները շատ ավելի սուր էին (բարոյական ու բանականության դեգրադացիա, և այլն), քան այսօրվա հարցազրույցում, որը, նախորդի համեմատ, կարելի է անգամ «կոռեկտ» համարել: Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ականները որոշեցին պատասխանել Ռ. Քոչարյանին: Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց նրանց միջոցով պատասխանել Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, ըստ Yerkir.am-ի՝ ՀՀԿ-ն այսօր նիստ է հրավիրել: Որոշվել է այս անգամ արդեն արձագանքել Քոչարյանի հայտարարություններին): Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Բացառված չէ, որ Ս. Սարգսյանի հաշվարկով այս բանավեճը պետք է ավարտվեր Տ. Սարգսյանի տնտեսագիտական պատասխանով: Հասկանալի է, որ վարչապետի այդ հրապարակումը ևս չէր կարող չհամաձայնեցվել Ս. Սարգսյանի հետ: Իսկ դա կարող է նշանակել, որ Ս. Սարգսյանի իմացությամբ կամ հանձնարարությամբ է, որ Տ. Սարգսյանը որևէ բառով չէր պատասխանել Ռ. Քոչարյանի անձնական վիրավորանքներին՝ սահմանափակվելով միայն թվաբանական վերլուծությամբ: Ակնհայտ է, որ, եթե Ս. Սարգսյանը Տ. Սարգսյանին հանձնարարեր Քոչարյանին պատասխանել նրա ոճով, ապա վարչապետը հաստատ դժվարություն չէր ունենա բառերի ու արտահայտությունների ընտրության հարցում: Այսինքն՝ բացառված չէ, որ Քոչարյանի այսօրվա հարցազրույցն անակնկալ է եղել իշխանության համար, որն այն ընդունել է՝ որպես «նետված ձեռնոց» կամ պատերազմի մարտահրավեր, ու որոշել է պատասխանել: Առայժմ՝ երիտհանրապետականների միջոցով: Ընդ որում, այդ պատասխանները ենթատեքստում շատ հստակ ուղերձներ են պարունակում:  «ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային և նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում և պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա, և դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»,- ասում է Էդուարդ Շարմազանովը, որի այս հայտարարությունը կարելի է «ապակոդավորել» հետևյալ կերպ. մենք մինչև վերջ հավատարիմ ենք Ռուսաստանին, ու թող որևէ մեկը չփորձի ռուսներին համոզել, որ գործող իշխանությունից ավելին է պատրաստ անել նրանց համար, ու նման փորձեր անողները թող ապագայի հետ կապված հույսեր չունենան, քանի որ մնացել են «անցյալում»: Այսպիսով, այս հայտարարությունները կարելի է համարել Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին, որն առայժմ հնչեցվում է ՀՀԿ-ի խոսնակների շուրթերով:

Ի դեպ, ՀՀԿ-ականների հայտարարություններից զգացվում է, որ նրանք ցանկանում են Քոչարյանին դրդել խոսել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, ինչը վերջինս համառորեն չի անում, որովհետև այդ թեմայով թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքը կարող է ձեռնտու լինել իշխանությանը: Ակնհայտ է, որ իշխանության համար ամենացանկալին այն կլիներ, եթե Քոչարյանը քննադատեր Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումը, հայտարարեր, որ դա վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ Հայաստանը դարձնելով Ռուսաստանի կցորդ: Դա գործող իշխանությանը հնարավորություն կտար Մոսկվային ցույց տալ, որ Հայաստանում ամենառուսական ուղղվածության համարում ունեցող Ռ. Քոչարյանը դեմ է Մաքսային միությանը, հետևաբար՝ նրա վերադարձը քաղաքականություն չի բխում Ռուսաստանի շահերից: Ակնհայտ է, որ նման բան ուղղակի հնարավոր չէ, այսինքն՝ Ռ. Քոչարյանն անգամ ամենաֆանտաստիկ սցենարով չի կարող Ռուսաստանին ու Պուտինին դեմ որևէ հայտարարություն անել, քանի որ այդպիսով մեկընդմիշտ կփակի իշխանության վերադառնալու ճանապարհը: Այսինքն՝ եթե Ռ. Քոչարյանը խոսի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության մասին, ապա պետք է ողջունի այդ քայլը: Առավելագույնը, որ նա կարող է անել՝ անդամակցության գործընթացի տեխնիկական դետալների (անսպասելիությունը, այլ քաղաքական ուժերի հետ խորհրդակցելը, և այլն) քննադատությունն է, ինչպես արել են Ռ. Քոչարյանի հենարաններ համարվող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ ընդհանուր առմամբ կողմ արտահայտվելով ՄՄ-ին անդամակցելու գաղափարին: Ռ. Քոչարյանի կողմից նման հայտարարություն անելը ևս ձեռնտու է իշխանությանը, որը դա մի կողմից՝ կներկայացնի՝ որպես քաղաքական ազդեցության բոլոր բևեռների կողմից դրական գնահատվող քայլ (առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ հասցրել է իր լոյալությամբ դրական գնահատել ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը): Բացի այդ, Ռ. Քոչարյանի կողմից ՄՄ-ին անդամակցությունը ողջունելը հնարավորություն կտա Արևմուտքի հետ ներքին քննարկումներում շարունակել ցույց տալ, որ սեպտեմբերի 3-ի որոշումը խիստ պարտադրված քայլ էր, քանի որ, իշխանությունից բացի, քաղաքական դաշտի մյուս հիմնական խաղացողները մոլի ռուսամետներ են և իշխանության գալու դեպքում՝ Հայաստանը շատ ավելի անդառնալիորեն կկտրեն Եվրոպայից:

Տեսանյութեր

Լրահոս