Ընդդիմությունը պասիվ է, իշխանությունն է պրոցեսներ նախաձեռնում. սա այսօրվա Հայաստանի իրավիճակի համար իրոք հակաբնական երևույթ է ու պիտի փոխվի. Վահե Հովհաննիսյան

Գալիք խորհրդարանական ընտրությունները որոշելու են ոչ թե առաջիկա հինգ տարվա, այլ՝ առնվազն առաջիկա մի քանի սերունդների կյանքը, և այս առումով ունեն իսկապես պատմական նշանակություն։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«1. 2026-ի ընտրություններն էապես տարբերվում են 2021-ից։ Նմանություն գրեթե չկա։ 2021-ին հանրային լայն տրամադրությունները շոկային էին, մեծ էր ագրեսիան, բայց ոչ՝ փոփոխությունների պահանջը։ Հիմա ագրեսիան նվազել է, բայց փոփոխությունների պահանջի ծավալն ու պահանջողների թիվն էապես մեծացել են։ Այս իրականությունն այլ գործելաոճ է պահանջում։

2. Այս պայմաններում իշխանության վերարտադրվելու շանսերը նվազագույն են։ Հետևաբար՝ նա գնալու է «պայմանների փոփոխությանը»։ Առաջին անգամ սրա մասին զգուշացրել եմ, երբ ընդդիմադիր տարբեր շրջանակներ էյֆորիայի մեջ էին ստացվող սոցհարցումների թվերից։ Եվ Նիկոլն իսկապես գնաց «իրավիճակի փոփոխության». Սրբազանների ձերբակալություններ, «ահաբեկչության» քրեական գործ՝ բազմաթիվ անձանց ձերբակալություններ, Սամվել Կարապետյանի ձերբակալություն, Եկեղեցու դեմ արշավ, Վաշինգտոնյան փաստաթուղթ և այլն։ Բազմաժանր շարունակություն վստահաբար լինելու է. նա ձգտելու է ստեղծել «ընտրական նոր պայմաններ»։

3. Ընդդիմություն ասելով՝ պետք է հասկանալ բոլոր այն ուժերին, որոնք խորքային փոփոխություններ են ուզում։ Այս բանաձևը տալիս է ոչ ֆորմալ կոնսոլիդացիայի մեծ հնարավորություն և, հետևաբար, Հայաստանի այս ողբերգական էջը շրջելու իրական շանս։ Չի կարելի նեղացնել ընդդիմության գաղափարը՝ ո´չ 2, ո´չ 3 կամ 4 ուժի շրջանակում։ Երբեք չես իմանա, թե ընտրությունների շրջանում ինչ անսպասելի զարգացումներ կարող են լինել, թե ով ինչ թաքնված պոտենցիալ ունի։

4. Բոլոր սոցհարցումներով՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ցանկանում է փոփոխություններ։ Քաղաքական միավորների խնդիրն է՝ այս տրամադրությունները վերափոխել փոփոխությունների պատրաստ հասարակության։

5. «Նիկոլի բերած խաղաղության» սուտ թեզը պետք է չեզոքացնել կոնտր-քաղաքական բանաձևով, և այն պետք է լինի գրագետ։ Իրական խաղաղության հեռանկարը պետք է առաջարկի հենց ընդդիմությունը։

6. Ընտրություններում Նիկոլի վերարտադրումից անմիջապես հետո Ալիևը դնելու է ադրբեջանցիների՝ Հայաստան զանգվածային վերադարձի պահանջը, որի չբավարարումը բերելու է իրավիճակի կտրուկ սրման։

7. Շատ կարևոր էր, որ այն մարդիկ, որոնք վերջին 4-5 տարիներին ամենօրյա ռեժիմով գրագետ, սրտացավ, ազնիվ պայքարել են, իրենց դուրս չդնեն ընտրական պրոցեսից, չասեն «ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» և այլն։ Սա քաղաքականություն չէ, սա Հայաստանի՝ շատ երկար տարիների ջրբաժանի ընտրությունն է։ Հակառակ դեպքում Նիկոլի ցուցակի դեմ լինելու են շքախմբային, կարիերիստական ցուցակներ, որոնք Հայաստանին քիչ բան կարող են տալ։ Այս ընտրությունը հետպատերազմյան վերականգնման ուղու մասին է։ Ասելիք ունեցողները մի կողմ քաշվելու իրավունք չունեն։

8. Մեծ արժեք ունեն նոր միավորները, նոր դաշինքները, ոչ ստանդարտ միավորները։

9. Իշխանությունն ամեն ապօրինություն անելու է, բայց դա ունի հստակ հակաթույն. քաղաքական լիդերության խնդիրն է՝ փոփոխություններ ուզող հասարակությունից ստանալ պայքարող հասարակություն։ Հենց դա ստացվեց, իշխանության ապօրինությունների մեքենան սկսելու է խափանվել։

10. Եթե իշխանությունը պարտվի, բայց կեղծելով փորձի մնա իշխանության, լինելու է համընդհանուր ընդվզում։

11. Հաջողությունը տարբեր օղակներից կազմված մի շղթա է. պետք է հանրային փոփոխությունների լատենտ պահանջը վերափոխել գիտակցված-մոտիվացված փոփոխությունների պահանջի, ձևավորել նոր, էֆեկտիվ դաշինքներ, գնալ ընտրությունների, ստանալ շատ ձայներ, ձևավորել այն վիճակը, երբ ԱԺ-ում կարող ես հանգիստ ձևավորել նոր կառավարություն, և եթե իշխանությունը փորձի կեղծել ու պահել իշխանություն. դա բերի համատարած պոռթկման։

Արժի ֆիքսել այս փուլի գլխավոր անոմալիան։ Սովորաբար նախքան ընտրությունները ընդդիմությունն է ամեն կերպ փորձում աշխուժացնել քաղաքական-հանրային պրոցեսները, դաշտ բերել թեմաներ, ակտիվ պահել հասարակությանը։ Մեզ մոտ, զարմանալիորեն, հակառակն է. ընդդիմությունը պասիվ է, դրա փոխարեն՝ իշխանությունն է պրոցեսներ նախաձեռնում, և ընդդիմությունը միայն արձագանքողի դերում է։ Սա այսօրվա Հայաստանի իրավիճակի համար իրոք հակաբնական երևույթ է, ու պիտի փոխվի։ Այս առումով, իմպիչմենտի գաղափարը և այլ՝ քաղաքական ու հանրային ակտիվություն գեներացնող գաղափարներ կարող են դառնալ կարևոր պրոցեսի շատ կարևոր նախաբան»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս