Ես չիմացա, թե ինչո՞ւ, դու չիմացար, թե ինչպե՞ս…
Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը մեկնաբանվում է որպես ճարահատյալ, անգամ սպառնալիքի տակ ընդունված քայլ: Ըստ այդմ` Հայաստանը պարզապես այլընտրանք չուներ` օրակարգում երկրի անվտանգության խնդիրն է, Ղարաբաղի հարցը:
Ի՞նչ տնտեսական առավելություններ է տալիս Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին: Մասնագետներն առայժմ հնչեցնում են կարճ` «ոչի՛նչ» պատասխանը: Անդամակցության առավելությունը քաղաքական է` Ռուսաստանի կողմից անվտանգության ապահովման երաշխիք: Ի՞նչ է տալիս ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Դատողություններն այս դեպքում զուտ տեսական են, մոտավոր, քանի որ փաստաթուղթն այդպես էլ, թերևս` հեռատեսորեն, չի հրապարակվել: Պատմությունից հայտնի է մի բան` եվրոպական նավերը հայկական լեռներ բարձրանալ չեն կարող:
Ամեն դեպքում, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում տրամադրում էին հօգուտ ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման: Այդ մասին մինչ երեքշաբթի կեսօր խոսվում էր որպես գրեթե կայացած փաստի:
Սակայն հանդիպեցին երկու սրտեր, և ամեն ինչ փոխվեց: Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի ներկայությամբ այն դիրքում էր, որով մեր պաշտոնյաներն իրենց ավելի հարմար են զգում ՌԴ նախագահի ներկայությամբ` գլխահակ, կիսաշփոթված:
Մաքսային միության անդամակցությունը մեր ֆիզիկական անվտանգությամբ պայմանավորելը նոր բարոյական հարված է հայերի համար: Նախ` որպես ՀՀ քաղաքացի, պերմանենտ ականատես ենք լինում մեր պետության ինքնիշխանության կորստին: Այս դեպքում չափազանց կարևոր է հիմնավորումը` հանուն ինչի՞: Մեր պատմության մեջ բոլոր դավաճանություններին, պարտություններին, կամավոր նվաստացումներին տրվել է նույն հիմնավորումը` լուծում ենք մեր անվտանգության խնդիրը: Եվ այդպես` դարեր շարունակ: Հիմա` 21-րդ դարում, կարծես պատմությունը կանգ է առել ու չի շարժվում` դարձյալ դրված է մեր անվտանգության խնդիրը, ընդ որում` այն մեզ համար երաշխավորում են օտարները: Այս դեպքում` ռուսները: Ստացվում է` ընդունում ենք, որ անկախության համար չունենք անհրաժեշտ ռեսուրս:
Եթե անգամ մեր խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է (որը, ընդունենք, կարևորագույն խնդիր է), ապա այդ դեպքում շատ կարևոր է հասկանալ` հանուն ինչի՞ ենք մենք փայփայում մեր ֆիզիկական անվտանգությունը, եթե այն մեզ չի տալիս ազատության, ընտրության (բոլոր իմաստներով) իրավունք: Այսինքն` հանուն ինչի՞ պետք է գոյատևենք` այն էլ այսքան անփառունակ, անարժանապատիվ ձևով: Իսկ ե՞րբ է տեղի ունենալու զարգացման փուլը, որը պիտի, չէ՞, ինչ-որ ժամանակ հաջորդի ինքնապահպանությանը:
Այսինքն` ինքնապահպանությունը, գոյատևումը պե՞տք է արդարացվի զարգացմամբ, թե՞ ազգի հարատևումն արդեն ինքնին գերնպատակ է: Լինելն արդե՛ն իսկ հայտ է աշխարհին: Անգամ, եթե զարգացման հերթը այդպես էլ չի հասնում:
Ինքնագնահատականի այս սրընթաց անկման մեկ այլ դրսևորում է արդեն ներքին` իռացիոնալ, ոչ մի տրամաբանության չենթարկվող իշխանությունն` իր ղեկավարով: Հասարակությունը իշխանության և ոչ մի ներկայացուցչի, հատկապես եթե նա ՀՀԿ կրծքանշանով է, չի հավատում: Սակայն ավելի արժեզրկել ՀՀԿ-ական պաշտոնյաների` առանց այդ էլ փետուրի քաշ ունեցող խոսքը, հարված էր, այն էլ՝ գոտկատեղից ներքև: Հայաստանում նրանք պատմում են, թե ինչ մոգական ազդեցություն է ունենալու Հայաստանի զարգացման համար Համաձայնագրի նախաստորագրումը, ու հանկարծ` բա՛ց, ու վերջ:
Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը մանևրել, օրինակ` ասել. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, գուցե ես անձամբ ինձ տեսնում եմ Մաքսային միության մեջ, բայց, ներեցեք, որ հարցնում եմ` այդպիսով Ձեզ անհանգստություն պատճառելով, գուցե արժեր իմանալ նաև, ևս մեկ անգամ ներեցեք, ՀՀ քաղաքացիների՞ տեսակետը, ում շահերը սպասարկելու նպատակով եմ, գիտեք, զբաղեցնում ՀՀ նախագահի պաշտոնը»: Սակայն անգամ այդ հնարավորությունից է զրկված ՀՀ նախագահը, որովհետև զրուցակիցը կարող է ժպտալ իր ֆիրմային հեգնական ժպիտով և ասել. «Գուցե և ճիշտ եք, սակայն, եթե չեմ սխալվում, Դուք ժողովրդի մեծամասնության վստահությունը չունեք»:
Ի դեպ, կարծես թե ունենք կուսակցություններ, որոնց ներկայացուցիչներն էլ երեկ գոհ չէին Սերժ Սարգսյանի կոնսպիրացիայից: Նեղացել էին, որ վերջինս քաղաքական ուժերի հետ չի խորհրդակցել, խորհրդարանական քննարկումներ էլ չեն եղել: Քաղաքական ուժերի հավաքական կերպար կարելի է համարել ՀՅԴ -ն ներկայացնող Վահան Հովհաննիսյանին: Վահան Հովհաննիսյան քաղաքացին (և ոչ թե կուսակցականը ) ընդունել է իշխանությունների` անձամբ իրեն ուղղված անձնական առաջարկը` ներկայացնել Հայաստանը Եվրոպայում, մասնավորապես` Գերմանիայում: Ինչպես տեսնում ենք, Հայաստանը աշխարհում ներկայացնում է բացառապես մեկ մարդ: Նրա անունը Սերժ Սարգսյան է:
Եվ Վահան Հովհաննիսյանը, ում ընդունված էր համարել ընդդիմադիր հայացքներ ունեցող պատգամավոր, ով համակարգի դեմ գեղեցիկ, սրամիտ ելույթներ էր ունենում, մեծահոգաբար ընդունում է իրեն արված անձնական առաջարկը: Հասկանալի է, մնալով երդվյալ ընդդիմադիր, այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ընդդիմախոս:
Մարդկային թուլությունները հատուկ են բոլորին: Սակայն կեղծ էմոցիաների այս կվինտէսենցիան սարսափելի հիասթափեցնող է. եթե ցանկանում ես դեսպանի կարգավիճակ ունենալ ու իրո՛ք դրա պոտենցիալն ունես, պահանջիր քեզ նշանակել դեսպան Սիրիայում, ուր մեծ հայկական համայնք կա, ուր կա կոնկրետ աշխատանք անելու պահանջ: Իսկ Գերմանիայում Վահան Հովհաննիսյանին եվրոպացիները գուցե ֆիքսեն լավագույն դեպքում որպես Հենրիխ Մխիթարյանի հայրենակցի:
Եվ եթե կերպարանափոխություն կարող է տեղի ունենալ Վահան Հովհաննիսյանի հետ, նշանակում է` մեր քաղաքական գործիչները այն դաշտում են, ուր սեփական պատիվը, հասարակությանը չխաբելու պատասխանատվությունը նժարի թեթև մասում են: Այդպես էր մտածում նաև Սերժ Սարգսյանը` Մոսկվայում: Այդպես կարող էին մտածել նաև բարձրաստիճան մեր մյուս պաշտոնյաները, եթե Սերժ Սարգսյանը նրանց տար ինքնուրույն մտածելու արտոնություն:
«168 ԺԱՄ»