Բաժիններ՝

Ինչպես խաղալ հայրենասիրական զգացմունքների վրա

Երբ Հայաստանում վրա հասավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, և տնտեսությունն անկում ապրեց երկնիշ թվով, վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «ճգնաժամի դասեր» հասկացությունը։ Այդ դասերից մեկն այն էր, որ Հայաստանի տնտեսությունը և արտահանումը դիվերսիֆիկացված չէ, հիմնված է շինարարության և հանքարդյունաբերության վրա և որ հարկավոր է նվազեցնել դրանց տեսակարար կշիռը՝ հօգուտ արտադրության և ծառայությունների։ 
Շինարարության տեսակարար կշիռը նվազեց, ընդ որում՝ պետք եղածից ավելի. ոլորտի անկումը մինչ օրս էլ շարունակվում է։ Եվ հիմա կառավարության խնդիրը այդ ոլորտը զարգացնելն է։ Հանքարդյունաբերությունը, սակայն, դեռ չի սուզվել և ապահովում է երկրի հարկային եկամուտների ու աշխատատեղերի մեծ մասը։ Ճիշտ է՝ հանքարդյունաբերության «անդուր» լինելը մոռացվեց ՀՀ իշխանությունների կողմից, սակայն էստաֆետն իրենց ձեռքը վերցրին բնապահպանական կառույցները։ Այն իմաստով, որ զուտ բնապահպանությանն ուղղված լուրջ վերլուծությունների փոխարեն սկսեցին մշակել տնտեսական մոդելներ՝ առաջարկելով հանքարդյունաբերության փոխարեն զարգացնել, օրինակ, գյուղատնտեսությունը։ Եթե ժամանակին նրանք հանդես էին ծայրահեղական դիրքերից՝ դեմ արտահայտվելով բոլոր տեսակի հանքերի շահագործմանը, ապա այսօր փորձում են տնտեսական հիմնավորումներ ներկայացնել։ Այսինքն՝ բնապահպանները աստիճանաբար վերաորակավորվում են տնտեսական քաղաքականության պատասխանատուների։
Սա հասկանալի է. լավ է դա, թե վատ` հանքարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղն է՝ արտահանման ողնաշարը։ Այն ապահովում է աշխատատեղեր և հարկային եկամուտներ։ Եթե առաջարկում ես այն վերացնել, ապա պետք է համարժեք այլընտրանք առաջարկել։ Այլապես դա կնմանվի այն ծառի ճյուղը կտրելուն, որի վրա նստած ես։ Մեր բնապահպանները դա հասկացել են և վերջին շրջանում հանդես էին գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ՝ հանքանյութի արտահանումը փոխարինել միրգ-բանջարեղենով և մեղրով։ Արդեն հասցրել ենք այս թեմային անդրադառնալ՝ նշելով, որ գյուղատնտեսությունը զարգացնելու գաղափարը ինքնին հետաքրքիր է, սակայն միամտություն է կարծել, որ այն կարող է փոխարինել հանքարդյունաբերությանը։
Սակայն պարզվում է՝ սա միակ «զենքը» չէ, որի օգնությանը դիմում են հայրենի բնապահպանները՝ հանքարդյունաբերության դեմ պայքարում։ Վերջին շրջանում նրանք սկսել են խաղարկել հայրենասիրական-ազգայնական գործոնը։ Հայտարարում են, որ մեր հանքերը՝ ազգային հարստությունը, շահագործվում է օտար ընկերությունների կողմից, օտարները թալանում են հայ ժողովրդին։ Օրինակ՝ վերջերս աչքովս ընկավ մի քանի կոլլաժ, որոնցից մեկում ասվում էր` «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», և նշվում, որ Հայաստանի ընդերքի հարստությունը կազմում է շուրջ 170 միլիարդ դոլար, որի 80%-ն այսօր շահագործվում է։ Նշվում է, որ պետությունը չնչին տոկոսներ է ստանում դրա արտահանումից, և որ Հայաստանից արտահանվում է հումք, ոչ թե պատրաստի արտադրանք։ Սա իսկական հակասությունների շղթա է։ Չես հասկանում՝ բնապահապանները դեմ են հանքարդյունաբերությանն ընդհանրապե՞ս, թե դեմ են, որ ընդերքը շահագործում են օտարները։ Կամ՝ դեմ կլինեի՞ն, եթե պետության «փայն» ավելի շատ լիներ։ Կամ՝ արդյո՞ք բնությանը պատճառվող վնասն ավելի քիչ կլիներ, եթե հանքարդյունահանումից բացի այստեղ զբաղվեին նաև այդ հումքի վերամշակմամբ։
Մեկ այլ կոլլաժի վրա նշվում է «Don’t worry, Armenia. We’ll go away when we finish» (մի անհանգստացիր, Հայաստան, մենք կհեռանանք, երբ վերջացնենք)։ Այս գրության ֆոնին պատկերվում է, թե ինչպես է մեքենան հորատում և «քաշում» Հայաստանի ընդերքի հարստությունը։ Իսկ ֆոնին նշված են հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների անվանումները և լոգոտիպերը (Vallex Group, Geo Pro Mining, Deno Gold, Geoteam և Lydian International և այլն):
Առաջին հայացքից՝ սա շատ ազդեցիկ է և տպավորիչ։ Սակայն իրականում այս ամենը աբսուրդի ժանրից է։ Աշխարհի բոլոր երկրների կառավարությունները կաշվից դուրս են գալիս օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, իսկ ոմանք, պարզվում է, դեմ են ներդրումներին: Այստեղ արդեն հարցը հանքն էլ չէ։ Ցանկացած ոլորտում՝ գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն, նույն տրամաբանությամբ կարելի է հանդես գալ օտարերկրյա ներդրողի դեմ։ Այսինքն՝ եթե օտարերկրացին այստեղ որևէ մրգի մեծածավալ քանակ արտադրի և արտահանի, կարելի է գոռալ՝ օտարները հոշոտեցին Հայաստանի արևահամ բարը։ Մինչդեռ հիշեցնենք, որ ընդամենը 2-3 օր առաջ Հայաստանի Ազգային վիճակագրությունը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը այս տարի երեք անգամ նվազել է։ Այսինքն՝ այս համատարած նվազման ֆոնին մենք պետք է հրաժարվենք օտարերկրյա ներդրումներից, ինչ է թե՝ դրանք մեր սեփականը չեն։
Իսկ ո՞վ պետք է զբաղվի հանքարդյունաբերությամբ, որը բավական թանկ հաճույք է։ Միայն որոնողահետազոտական աշխատանքները մեծ գումարներ արժեն։ Այսինքն՝ միայն համոզվելու համար՝ ընդերքում բավարար քանակությամբ ոսկու կամ այլ պաշարներ կա՞ն, թե ոչ, ծախսվում են միլիոնավոր դոլարներ։ Ընդերքի հարստությունը արդյունահանելը հեշտ չէ, դրա համար ռեսուրսներ են պետք և մասնագիտական ունակություններ։ Ո՞վ պետք է կատարի այդ ծախսերը՝ ՀՀ կառավարությո՞ւնը։ Սա ծիծաղելի է, որովհետև կառավարությունը նման ռեսուրսներ չունի։ Միգուցե հայրենի օլիգարխնե՞րը։ Այսինքն՝ հայրենի օլիգարխի ընկերությունը կամ իրականում նրան պատկանող, սակայն օֆշորներում գրանցված ընկերությունը ավելի ցանկալի է, քան, ասենք, Lydian International-ը, որը բաց բաժնետիրական ընկերություն է, որի արժեթղթերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում և հասանելի են (այսինքնգ Հայաստանի քաղաքացիները նույնպես կարող են դառնալ այդ ընկերության փայատեր)։ Ի դեպ, Lydian International-ը (որին պատկանող Geoteam-ը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքը) դեռ չի հասցրել «հոշոտել» ընդերքը. այստեղ իրականացվում են որոնողահետախուզական աշխատանքներ, որի համար արդեն ներդրվել է մի քանի միլիոն դոլար։ Եվս մեկ հանգամանք։ Նշվում էր, որ հանքանյութի արտահանումից պետությունը չնչին գումարներ է ստանում։ Ախր չէ՞ որ սա ընդհանրապես բնապահպանական կազմակերպությունների խնդիրը չէ։
Լավ, ենթադրենք, նրանք դուրս են եկել իրենց առաքելության շրջանակներից և ցանկանում են առաջ մղել պետական շահը։ Արդյո՞ք հիմնավոր են նրանց փաստարկները։ Օրինակ՝ նույն Ամուլսարի հանքավայրը շահագործել պատրաստվող «Գեոթիմը» վստահեցնում է, որ 1 ունցիա ոսկուց ստացվող եկամուտների 24%-ը գնալու է ընկերությանը, 22%-ը` բյուջեին, մնացածով փակվելու են շահագործման և կապիտալ ծախսերը։ Սա վատ չէ։ Պարզապես հարկավոր է ստուգել` որքանով են հիմնավոր այդ հաշվարկները, իրականում որքան են կազմելու ծախսերը։ Եվ պետության հետ միասին վերահսկել, որ եկամուտների բաշխումն արդար լինի, հետևել, որ չխախտվեն նորմերն ու պահանջները։ Սակայն դժվար է հավատալ, որ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գոնե 10%-ը պատրաստ են այս տեսակ բաների։ Ինչպես նաև դժվար է հավատալ, որ ամբողջությամբ ծանոթացել են գոնե մեկ ընկերության բոլոր փաստաթղթերին ու իրական վիճակին, լուրջ ուսումնասիրություններ կատարել։ Չէ՞ որ դրա համար համապատասխան ռեսուրսներ են պետք և գիտելիքներգ
Իսկ ընդհանրապես, հանքերը պետականացնելու, ազգայնացնելու քայլերը կամ փորձերը, որպես կանոն, հանգեցնում են լիակատար ձախողման (օրինակ՝ Զամբիայի պարագայում)։ Հավելենք նաև, որ այդ մասին անգամ խոսակցությունները բացասաբար են ազդում այս ոլորտում ներդրումներ անել կատարող լուրջ ընկերությունների որոշման վրա։
Հատուկ նշենք, որ հանքարդյունաբերության վրա հիմնված մեր տնտեսության կառուցվածքը թերևս ամենից շատ մենք ենք քննադատել։ Ճիշտ այնպես, ինչպես շինարարության վրա հույս դնելը։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է պատերազմ սկսել շինարարության կամ հանքարդյունաբերության ոլորտի դեմ։ Դրանց դերի ու կշռի նվազումը պետք է լինի այլ ոլորտների զարգացման հաշվին։ Ինչ-որ բան չի կարելի զարգացնել՝ ինչ-որ բան վերացնելու ճանահարհով։
Իսկ կատեգորիկ և առանց լուրջ վերլուծության, ինքնանպատակ քննադատությունը ոչ մի արդյունք չի կարող տալ։ 1990-ականներին, երբ մեր երկրում ծառեր էին կտրումգ ցրտից չմահանալու համար, ծառ կտրողը կարող էր պարզապես ծեծել իրեն խանգարողին: Որովհետև որքան էլ բնությունը սիրես, սեփական երեխային ավելի շատ ես սիրում ու թույլ չես տա, որ նա մրսի: Եթե ինչ-որ մեկը բռնում է ճարահատյալ վիճակից ծառ կտրողի ձեռքը, ապա պետք է փոխարենը նրան ապահովի տաքանալու այլ միջոցով: Այսօր Հայաստանի տնտեսությունը, ցավոք, կախված է հանքարդյունաբերության ոլորտից: Եթե ոմանք առաջարկում են միանգամից, առանց լուրջ մտածելու, զանգվածաբար այս ոլորտի «հերն անիծել», ուրեմն պետք է շատ լուրջ ու հիմնավորված այլընտրանք ներկայացնել։ Մեղրն ու հատապտուղները լուրջ այլընտրանք չեն կարող լինել։ Դրանք մաքսիմում կարող են ապահովել գեղագիտական մասը։
Ինչ վերաբերում է «օտարների (հիմնականում՝ Արևմուտքի) կողմից Հայաստանի ընդերքի հոշոտման» թեզին, ապա դա կրկնակի աբսուրդ է, քանի որ այս թեզի հեղինակների եկամտի հիմնական աղբյուրը նույն արևմուտքից ստացվող դրամաշնորհներն են։ Իսկ դրանք գոյանում են Հայաստանում և այլ երկրներում մասնաճյուղ ունեցող օտարերկրյա ընկերությունների վճարած հարկերից։ Այսինքն՝ որքան էլ տարօրինակ հնչի, «օտարի թալանից» ամենից շատ օգտվում են դրամաշնորհ ստացողները։
Ի դեպ, բնապահպանական կառույցները բացասական ենթատեքստում հիշատակում են նաև Դրմբոնի (ԼՂՀ) պղնձի և ոսկու հանքը։ Ինքս եղել եմ Դրմբոնում, տեսել եմ, որ բնակիչները, աշխատում են, եկամուտ են ստանում, գոհ են։ Ու միայն միամիտը կարող է մտածել, որ այդտեղ աճող յուրաքանչյուր ծառի համար դրմբոնցու սիրտը ավելի քիչ է ցավում, քան երևանյան ինչ-որ հ/կ-ի նախագահի սիրտը։ Պարզապես մարդիկ գոյատևելու խնդիր ունեն՝ այն էլ պատերազմական իրավիճակում։
Կարճ ասած` չի կարելի կուրորեն և ինքնանպատակ պայքարել մի ոլորտի դեմ, որից կախված է տնտեսությունը։ Դա նշանակում է` պայքարել հանուն ավելի մեծ արտագաղթի և աղքատության խորացման։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեր բոլոր բնապահապանները պետության վատն են ուզում։ Ամենևին, նրանց մեջ շատ են հայրենասեր և նվիրյալ երիտասարդները։ Որոնք, սակայն, երբեմն ընկնում են ծայրահեղության մեջ։ Այսինքն՝ նրանք ինչ-որ առումով մոլորության մեջ են։ Սակայն այն կազմակերպությունները, որոնք շռայլորեն փողեր են բաշխում տարբեր անհասկանալի կառույցներին, հաստատ մոլորության մեջ չեն։ Նրանք լուծում են կոնկրետ խնդիրներ։ Օրինակ՝ արևմտյան երկրներից մեկը պետական միջոցներից «բոլ-բոլ» ֆինանսավորում է բնապահպանական շարժումները Հայաստանում, մյուս կողմից՝ այդ երկրի ընկերությունները միլիարդավոր դոլարների ներդրումներ են անում Ադրբեջանի նավթագազային ոլորտում։ Սա դավադրությունների տեսություն չէ, սա քաղաքականություն է։ Ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքականություն։
Ի դեպ, ՀՀ բնապահպանական շարժումները կամա թե ակամա հայտնվել են նաև ներքաղաքական զարգացումների կենտրոնում։ Որքան էլ տարօրինակ հնչի, բնապահպանական շարժումներն այսօր որոշ առումով իրենց գործողություններով անգնահատելի ծառայություն են մատուցում ՀՀ իշխանություններինգ մոռացության մատնելով շատ լուրջ խնդիրներ։ Փակ շուկայի արտաքին տեսքը պահպանելը կամ Կոմիտաս 5-ում բարձրահարկ շինություն թույլ չտալը կարևոր հարցեր են։ Սակայն ոչ ավելի կարևոր, քան 120 հազար մարդու արտագաղթը, զրոյական տնտեսական աճը, գնաճն ու աղքատության խորացումը կամ Հայաստանի առաջ կանգնած մյուս մարտահրավերները։ Այսօր հանրապետության ոչ մի «թեժ կետ» այս հարցերին չի վերաբերում։ Ոչ մի բողոքի ակցիա՝ կառավարության տոտալ ձախողման դեմ։ Իսկ գազի գնի թանկացումը շատ սահուն մոռացվեց, ինչպես օֆշորի թեման, Վերահսկիչ պալատի և մյուս թեմաները։ Ի վերջո, բնապահպանական ակցիաները ինչ-որ տեղ հարուստի «կայֆեր» են, որոնք տպավորություն են ստեղծում, որ երկրում ամենակարևոր պրոբլեմը պատմամշակութային արժեքի արտաքին տեսքի պահպանումն է։ Մենք հո բոլորս գիտենք, որ դա այդպես չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս