Ձեր երկրի վարչապետին չեմ ճանաչում, բայց կասեմ հետևյալը՝ էլեկտրոֆիզիոլոգիական չափումները կեղծել հնարավոր չէ. եվրոպական որևէ երկրի դատարանում նման պատկեր անհնար է տեսնել. գերմանացի բժշկի և փաստաբանի ահազանգը

«Դասեր» հաղորդաշարի հյուրերն են Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արա Ղազարյանը և Գագիկ Խաչատրյանի գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Նիլս Հանսեն-Ալգենտադտը:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Արա ՂազարյանՍա միանշանակ խոշտանգում է, նվաստացում, վատ վերաբերմունք քաղաքացու նկատմամբ: Չեմ կարող ասել՝ քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ չէ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, բայց այն, որ իրավաբանությունից դուրս է, միանշանակ է: Ես 7 տարի է՝ այս գործի վրա աշխատում եմ, չգիտեմ՝ էլ ինչ է հնարավոր անել էս գործով: Կուզեի տեսնել այն քննիչին, ում առջև Գագիկ Խաչատրյանը 7 ժամ աթոռների վրա պառկած է, բայց ինքը գրում է՝ պետք է կալանավորել, որովհետև ազատության մեջ կդիմի փախուստի:

Կարդացեք նաև

18 օրվա մեջ կարող էին պարզել, թե Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիայի՞ է դիմում, թե՞ ոչ: 18 օր ՔԿՀ-ում է, իրենց հոգածության ներքո:

Բժիշկները 4-5 տարի առաջ զգուշացնում էին՝ եթե պատշաճ բուժում չստանա, հաշմանդամություն կունենա, ստորին վերջույթները չեն աշխատի: Այդպես էլ եղավ: Հայաստանում չկա այնպիսի կալանավայր, որն առողջական այդպիսի վիճակով մարդուն այնպիսի պայմաններում պահի, որ նա չարժանանա նվաստացուցիչ վերաբերմունքի:

2023թ.-ի մայիսից, երբ առհասարակ փակեցին Գերմանիա գնալն ու բուժում ստանալը, Գագիկ Խաչատրյանի վիճակն առհասարակ վատացավ, ու նա չկարողացավ ներկայանալ դատական նիստերին, ու դրանք անդադար սկսեցին հետաձգվել։

Նիլս Հանսեն-Ալգենտադտ– Առաջին անգամ, երբ 2018թ. տեսա պարոն Խաչատրյանին, ողնաշարի պարանոցային մասի 1-ին մակարդակի խնդիր  ուներ և իդեալական թեկնածու էր իմպլանտի տեղադրման համար: Բայց ես այսօր դատարանում բոլորովին ուրիշ մարդու տեսա:

2021թ. ես նրա մոտ ախտորոշեցի ստենոզ, բայց քանի որ կորոնավիրուսի շրջան էր, որոշեցինք հետաձգել վիրահատությունը, բայց նա այդպես էլ չեկավ: 2024թ. ես եկա Հայաստան, այն ժամանակ նա, ճիշտ է, ուրիշների օգնությամբ, բայց կարողանում էր քայլել: Այսօր նա չի կարողանում քայլել, բռնելու ֆունկցիան ևս բացակայում է: 

Միելոպատիայի պարագայում վիրահատությունը ցուցվում է, երբ առկա է որոշ ֆունկցիաների կորուստ: Ընդ որում, որոշակի աստիճանից հետո կորուստները դառնում են անդառնալի: Իսկ եթե կան ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սրտի խնդիրներ, երկարատև կորոնավիրուսային հիվանդություն, վիճակը դառնում է անդառնալի: Երբ պացիենտը կորցնում է շարժունակությունը, պացիենտը ուղեկցող հիվանդությունների հախից չի կարողանում գալ: 

Ձեր երկրի վարչապետին ես չեմ ճանաչում, բայց կասեմ հետևյալը՝ եթե ցավը հնարավոր է կեղծել, ապա էլեկտրոֆիզիոլոգիական չափումները կեղծել հնարավոր չէ: Իմ հայ գործընկերներն ասում են՝ Խաչատրյանի մոտ արդեն կա պարեզ, իսկ դա հնարավոր չէ կեղծել: 

Ինձ թույլ չտվեցին զննել Գագիկ Խաչատրյանին, հեռվից եմ տեսել, հետևաբար՝ չեմ կարող ասել՝ ինչո՞ւ վատացավ նրա վիճակը դատարանում… ես նրան հեռվից տեսա, և նրա արտաքին տեսքը հեչ լավ չէր: 

Դժվար է այսօրվա եվրոպական որևէ երկրի դատարանում նման պատկեր տեսնել: Մեզ մոտ էլ են լինում դեպքեր, երբ տարիքով կամ շատ հիվանդ մարդիկ են հրավիրվում դատարաններ, բայց ամեն դեպքում մարդու նկատմամբ նորմալ վերաբերմունքը կարևոր է:

Այսօր էլ ինչ-որ մի պահի Գագիկ Խաչատրյանը վատ զգաց, բուժակները չափեցին ճնշումն ու շաքարը ու ասացին՝ չի մեռնում: Բայց միայն այն, որ մարդը տվյալ պահին չի մեռնում, չի նշանակում, որ նա  լավ է: Չի կարելի այդպես: Գագիկ Խաչատրյանի մոտ առկա է առողջական վիճակի խիստ վատթարացում: Մենք որ վիրահատում են պացիենտին, չենք վիրահատելու, որ նրա ֆունկցիաները վերականգնվեն, ինքը լավանա, այլ, որ հետագա վատթարացումը կանխվի: Այս պահին նրան խիստ ակտիվ ֆիզիոթերապիա է պետք: Ամենավատ բանը, որ այսօր նրա հետ կարող է լինել, ամբողջ օրը պառկած լինելն է: Չեմ կարծում, որ նա այս վիճակում կկարողանա վեր կենալ ու կանգնել ինքնուրույն: 

Ես շատ հիասթափված եմ, որ չկարողացա իմ պացիենտին տեսնել: Ոչ մի քաղաքական նկատառում ես չունեմ, բայց շատ տխուր է, երբ բժշկին թույլ չեն տալիս իր բուժառուին տեսնել:

Նոր ՄՌՏ-ի կարիք չկա, որովհետև մենք դրա արդյունքների հիման վրա չենք ասում, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, այլ նրա կլինիկակական վիճակի:

Հայաստանում այդ վիրահատությունն անել հնարավոր չէ, որովհետև չկան համապատասխան սարքավորումներ՝ նոր տեղադրված իմպլանտի հետ կապված: Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, բայց հարցը սարքավորումներն են: Բացի դրանից, վիրահատությունը մի փուլն է, կա նաև նախավիրահատական և հետվիրահատական փուլ, որը այստեղ հնարավոր չէ պատշաճ մակարդակով կազմակերպել:

Արա Ղազարյան– Բյուրոկրատիան այդպես չի աշխատում. իրենք երբեք չեն մերժում, ասում են՝ թուղթ բերեք, որ բժիշկը իրավունք ունի այստեղ զբաղվել բժշկական գործունեությամբ: Մենք այստեղ գործ ունենք անհասկանալի դանդաղկոտության հետ, որը բոլորովին համատեղելի չէ կալանավորված անձի առողջական վիճակի հետ: Կարելի է անընդհատ ինչ-որ պատճառներ բերել, բայց սա անհարկի դանդաղկոտություն է: Հենց այս հարցով ենք դիմել ՄԻԵԴ: Եվրոպական դատարան ենք դիմել հրատապ միջոց կիրառելու համար: Բայց այնպես չէ, որ ՄԻԵԴ-ից արագ են արձագանքում: Բայց լավ է, որ արձագանքեցին: Արդեն հաղորդակցություն կա, կառավարության հետ այս փուլում դատական վիճաբանությունների փուլում ենք, ու արդեն սպասում ենք ՄԻԵԴ-ի որոշմանը:

Գագիկ Խաչատրյանը երբեք չի խախտել խափանման միջոցի կամ բացակայելու ռեժիմները: Երբ օր են ասել, նա մի օր առաջ վերադարձել է Հայաստան ու նշված օրը ներկայացել է դատարան: 

Աստված մի արասցե, եթե Գագիկ Խաչատրյանի հետ մի բան պատահի, պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է և մասնավորապես՝ Կառավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930