Արտոնություննե՞ր, թե՞ քաղաքական առևտուր. Հայաստանը՝ մտրակի ու բլիթի արանքում

Մինչ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ ընտրության հարցում, Եվրամիությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու գայթակղել Հայաստանին։

Ռուսաստանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումից ժամեր անց ԵՄ խորհուրդը շտապեց հավանություն տալ Հայաստանի հետ առևտրի ազատականացմանը։ Արդեն շուրջ 2 ամիս է, ինչ այդ հարցը ԵՄ խորհրդի օրակարգում էր, բայց չէին շտապում որոշում ընդունել, որքան էլ այդ ընթացքում Հայաստանը լուրջ կորուստներ էր կրում ու շարունակում է կրել՝ ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով։

Թե ինչո՞ւ հենց հիմա որոշեցին կայծակնային արագությամբ հավանություն տալ Հայաստանի հետ առևտրի ազատականացմանը, դժվար չէ հասկանալ։ Թեպետ խոսքը ոչ թե ընդհանրապես, այլ ժամանակավոր արտոնության մասին է։

ԵՄ խորհուրդը որոշել է Հայաստանին առևտրի ազատականացում տրամադրել 2 տարի ժամկետով։ Ի՞նչ կլինի 2 տարի հետո, ոչ մեկը չի կարող ասել։

Կարդացեք նաև

Դա նշանակում է, որ 2 տարի հետո Հայաստանը կարող է զրկվել այդ արտոնությունից։

Արդյո՞ք 2 տարին բավարար է ԵՄ շուկաներում ադապտացվելու համար։

Երկու տարում թե քանի՞ հայկական ապրանք տեղ կգրավի եվրոպական շուկաներում, հետո կերևա։ Մինչ այդ ակնհայտ է, որ մաքսատուրքից այս ազատումն ավելի շատ աջակցություն է լինելու իշխանություններին, քան արտադրողներին ու արտահանողներին։ Այսպես թե այնպես, ԵՄ երկրներ հայկական ապրանքների արտահանումն անցած տարվանից անուղղակիորեն ազատված է մաքսատուրքերից։ Արտահանման խթանման ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է ԵՄ 27 երկիր, ինչպես նաև Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա իրականացվող արտահանման մաքսատուրքերը։

Սուբսիդավորումը համարժեք է վճարվող մաքսատուրքերի ամբողջ գումարին։

Դա նշանակում է, որ հայկական ապրանքները, բացառությամբ մի քանիսի, որոնց համար արտոնություններ չեն տրամադրվում, եվրոպական շուկաներ են հասնում մաքսատուրքերով չծանրաբեռնված։  Այդ արտոնությունը պետական բյուջեի վրա տարեկան տասնյակ միլիոն դոլարներ է արժենում, բայց դրա տնտեսական արդյունքը մեծ չէ։ Անցած տարի, երբ կառավարությունը սուբսիդավորում էր այս ուղղությամբ իրականացվող արտահանումը, ԵՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացան ընդամենը 55 մլն դոլարով։

Կառավարությունը 40 միլիոն դոլարի սուբսիդավորում տրամադրեց պետական բյուջեից, որպեսզի արտահանումը ԵՄ 55 միլիոնով  ավելանա։

Ի՞նչ խոսք՝ «հրաշալի» արդյունք է։

Ու դեռ պետք է ճշտել, թե հայկական արտադրության հատկապես ո՞ր ապրանքների հաշվին է եղել արտահանման այդ «աննախադեպ» աճը։ Կարող է պարզվել, որ այն կապ չի ունեցել սուբսիդավորված ապրանքների հետ։

Այս տարի, իհարկե, ԵՄ երկրներ արտահանման բարձր աճեր են արձանագրվում։ Բայց դա էլ կառավարության տրամադրած սուբսիդավորման, առավել ևս՝ Եվրամիության պաշտոնյաների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ ցուցաբերած հոգատարության արդյունքը չէ։ ԵՄ արտահանումներն ավելացել են հիմնականում հումքային ապրանքների՝ պղնձի ու մոլիբդենի թանկացման, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման հաշվին։

Նշենք, որ հումքային ապրանքների արտահանումն այս տարի գրեթե կրկնապատկվել է՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը։ Դրա հիմնական մասը պղինձն ու մոլիբդենն է, որոնք մեծամասամբ գնում են եվրոպական տարբեր երկրներ։

Պղինձն ու մոլիբդենն այն շատ սակավ ապրանքներից են, որոնք որևէ խնդիր չունեն ԵՄ շուկաներում իրացման առումով՝ կլինի մաքսատուրքո՞վ, թե՞ առանց մաքսատուրքերի։ Ինչ մնում է մյուս ապրանքներին, դեռ հարց է, թե ի՞նչ կտա դրանց մաքսատուրքերից ազատումը։

Խնդիրն այն է, որ ԵՄ շուկաներ հայկական ապրանքների արտահանման դժվարությունները կապված չեն միայն մաքսատուրքերի հետ։ Պատահական չէ, որ արտահանման մաքսատուրքերի այսօրվա սուբսիդավորման կամ, այլ կերպ՝ զրոյացման պայմաններում դրանք մեծ դժվարությամբ են մտնում, էլ չասենք՝ հաստատվում եվրոպական շուկաներում։

Դրա համար կան բազմաթիվ այլ խոչընդոտներ՝ սկսած լոգիստիկայից ու տեղափոխման դժվարություններից, վերջացրած հետագծելիությամբ, ստանդարտներով, որակով ու մրցունակությամբ։ Որքան էլ ԵՄ-ն հայկական ապրանքների համար արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանի ու ազատի մաքսատուրքերից, այս խնդիրները չեն լուծվելու։ Դրանց լուծումը ժամանակ է պահանջում, նույնիսկ տարիներ, բայց երբեմն տարիներն էլ բավարար չեն այդ խնդիրները լուծելու համար։

Երկու տարվա ժամանակավոր արտոնյալ ռեժիմը, որը ԵՄ-ն պատրաստվում է տրամադրել Հայաստանին, քիչ ժամանակ է եվրոպական շուկաներում հաստատվելու համար։ Հատկապես որ, այն նաև արտահանման ծավալների սահմանափակումներ կամ քվոտաներ է սահմանում։ Երբեմն այդ քվոտաները շատ ավելի փոքր են, քան այդ ապրանքների արտահանվող ծավալներն են։

Օրինակ՝ ծիրանի արտահանման քվոտան տարեկան ընդամենը 7 հազար տոննա է, երբ ծիրանի արտահանումը Հայաստանից հասնում է ընդհուպ 50 հազար տոննայի։ Սալորի դեպքում քվոտան համարժեք է դրա ընդհանուր արտահանման ընդամենը 10-13 տոկոսին, դեղձի դեպքում՝ 25-30 տոկոսին։ Այս քվոտաներից դուրս արտահանողները պարտավոր են լինելու վճարել մաքսատուրքեր։

Ահա այսպիսի արտոնյալ ռեժիմներ է Եվրամիությունը պատրաստվում տալ Հայաստանին։ Ու դրան զուգահեռ՝ նաև բավական խիստ պահանջներ է դնում՝ ոչ միայն արտահանման, այլև եվրոպական ապրանքների ներմուծումների առումով։ Եվրոպական ապրանքներն անխոչընդոտ պետք է մտնեն Հայաստան։ Ու դեռ հարց է՝ սրանից ավելի շատ իրե՞նք են շահում, թե՞ Հայաստանը։

Ինչևէ, ԵՄ շնորհած արտոնությունները գործողության մեջ դրվելուց առաջ, դեռ պետք է ընդունվեն նաև Եվրախորհրդարանի կողմից։ Քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։ Որոշ ժամանակ էլ պետք կլինի, որպեսզի վավերացվի ու մտնի ուժի մեջ։

Դա նշանակում է, որ ԵՄ առևտրային արտոնությունից Հայաստանը կկարողանա օգտվել լավագույն դեպքում հոկտեմբերից։ Բայց դրանից հետո էլ կշարունակի բաց մնալ այն հարցը, թե դա ինչքանո՞վ կլուծի ռուսական շուկայից զրկված հայկական ապրանքների արտահանման խնդիրները։ Պատմությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ի օժանդակությունները սովորաբար շատ ավելի քաղաքական են, քան դրանց տված տնտեսական արդյունքներն են։ Այս ամենն արվում է ավելի շատ նրա համար, որ ցույց տան, թե ի տարբերություն Ռուսաստանի, ԵՄ-ն ինչքան սրտացավ է Հայաստանի հանդեպ։

Կարևոր չէ, թե հայ արտադրողներից քանիսը կկարողանան օգտվել այդ արտոնություններից։ Առավել ևս, որ «արտոնությունների փաթեթը» նաև քիչ նախապայմաններ չի դնում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930