Կովկաս-Մերձավոր Արևելք. Ադրբեջանը կրկին փորձում է հաշտեցնել Իսրայելին և Թուրքիային. Ալեքսանդր Գրիգորև
Վերջին շրջանում որոշ մերձավորարևելյան և այլ արտասահմանյան լրատվամիջոցներ նշում են պաշտոնական Բաքվի ջանքերի ակտիվացումը` ուղղված իսրայելա-թուրքական հարաբերությունների կայունացման ուղիների որոնմանը, որոնք նկատելիորեն սրվել են անցած շաբաթ:
Աղբյուրների տվյալներով` համապատասխան բանակցություններին ենթադրաբար մասնակցում է նաև Իլհամ Ալիևը:
Իսրայելա-թուրքական սյուժեի նկատմամբ նման սևեռուն ուշադրությունը կարող է պայմանավորված լինել երկու երկրների բաց առճակատման անցնելու ռիսկերի մեծ հավանականությամբ, առաջին հերթին՝ Սիրիայի տարածքում, ինչն անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի շահերի վրա` հաշվի առնելով նրա համար՝ ինչպես Թուրքիայի և Իսրայելի, այնպես էլ՝ հենց Սիրիայի ռազմավարական նշանակությունը, որտեղ որոշ ժամանակ բնական գազ է մատակարարվում Կասպից ծովի արևմտյան ափերից։
Բաքվի պաշտոնյաներից մեկը ստեղծված իրավիճակը մեկնաբանել է բավականին հուզականորեն՝ հռետորական հարց հնչեցնելով. «Դուք և Թուրքիան խելագարվե՞լ եք։ Դուք մեր ընկերն եք, և Թուրքիան էլ է մեր ընկերը։ Աստված մի արասցե, ի՞նչ ենք անելու, եթե սկսեք պատերազմել»։ Մտավախությունները միանգամայն հիմնավորված են` առաջին հերթին նկատի ունենալով օդում բախումների ռիսկերը։
Առկա տվյալների համաձայն՝ ներկայումս Բաքուն ձգտում է վերականգնել Թուրքիայի և Իսրայելի միջև բախումների կանխարգելման մեխանիզմը, որի շուրջ պայմանավորվածությունները նախնականորեն ձեռք էին բերվել 2025 թվականին՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Ի․ Քալընի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի այն ժամանակվա նախագահ Ց․ Հանեգբիի բանակցությունների արդյունքում։ Խորհրդատվական մեխանիզմը նույնիսկ որոշ ժամանակ գործել է, սակայն հետո, ըստ ամենայնի, ամեն ինչ մարել է, և ահա հիմա 2024-2025 թվականների մշակումները կարող են կրկին պահանջված լինել։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա հիմնական խնդիրը շարունակում է մնալ իսրայելական և թուրքական ավիացիայի բախումների կանխումը։
Բացի այդ, ըստ Axios-ի, որը վկայակոչում է երեք աղբյուրների, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին և Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար Մոսադ Ռոման Հոֆմանը հանդիպել են օգոստոսի 23-ին` նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունը, որն աճել է Աբու ադ Դուհուր բազայի շուրջ տեղի ունեցած միջադեպից հետո:
Չեն բացառվում նաև Արևմտյան Երուսաղեմի և Անկարայի միջև այլ ուղիներով ուղիղ երկխոսության հաստատման փորձերը, ինչը նույնպես կնպաստի ճգնաժամային երևույթների մեղմացմանը, որոնք արտացոլվում են նաև երկու երկրների առաջնորդների մակարդակով ռազմատենչ հռետորաբանության մեջ:
Կա նաև վարկած, որ Բաքվի միջնորդությունը (ինքնուրույն կամ Սպիտակ տան հետ համաձայնեցմամբ) ավելի պահանջված է դարձել, քանի որ Նեթանյահուի կառավարության վստահությունը նվազել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքի նկատմամբ: Մեկնաբանելով Իդլիբ նահանգում Աբու ադ Դուհուր ավիաբազային ՑԱԽԱԼ-ի վերջին հարվածները`Թրամփի այդ ուղեկիցը և ծագումով լիբանանցի քրիստոնյան հիշատակել է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների «օկուպացիայի» մասին, իսկ բազայի վրա հարձակումը, որտեղ վերջերս եղել էին թուրք սպաներ, անվանել է Նեթանյահուի փորձ՝ Անկարային «ծուղակը գցելու», որպեսզի հակամարտության հաջորդ սրացումն օգտագործվի «Լիկուդ» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Իսրայելցի մեկնաբանների ուշադրությունից չի վրիպել նաև այն, ինչն իրենք համարել են թուրքական սպառնալիքի սխալ գնահատում, ինչը հիմնավորվել է նաև Սպիտակ տան մոտեցումներում։ Իր հերթին, պաշտպանության նախարար Իսրայել Կացը նկատել է, որ Բարաքի գնահատականները «լի են անճշտություններով», իսկ Գոլանի բարձունքների կարգավիճակի նկարագրությունը հակասում է ոչ միայն Իսրայելի մոտեցմանը, այլև Սպիտակ տան արտաքին քաղաքական գծին»։
Այսպիսով, չի բացառվում, որ Թրամփի վստահելի մարդկանց շրջանակից «դիվանագիտությունից ռիելթորը», որը նախկինում իսրայելցիների դժգոհությունն էր առաջացրել «լիբանանյան հարցի» վերաբերյալ իր հայտարարություններով, վերջնականապես դուրս է եկել Իսրայելի վստահությունից` բացահայտորեն կանգնելով Անկարայի կողմը, ինչպես այնտեղ են համոզված։
Այս տրամաբանությունից ելնելով` այս բարդ իրավիճակում Սպիտակ տանը գոնե ժամանակավորապես անհրաժեշտ է կողմնակի խաղացող, որը կարող է պահպանել բանակցային գործընթացը, գոնե մինչև Թոմ Բարաքի իմիջի վերականգնումը, կամ մինչև նրան փոխարինող գտնվի։
Բաքվի ակտիվացման գործում, ըստ ամենայնի, ոչ պակաս դեր է խաղացել Նեթանյահուի կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հռչակագրային ճանաչումը, որն արժանացավ Արևմտյան Երուսաղեմի հասցեին հնչած քննադատությանը։ Որոշ փորձագետներ, որոնք, հայտնի է, այդքան պարզ ոչինչ չեն ասում, նույնիսկ սկսել են դատողություններ անել հարևան Իրանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին։
Ընդ որում, իսրայելական իշխանություններն իրենց այս հնչեղ քայլը որպես ազդանշան հղում էին բացառապես Թուրքիային, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանին։ Այնուհետև Նեթանյահուի կաբինետի անանուն աղբյուրները հայտնել են, որ նա ընդհանրապես «սառեցրել է» նշված բանաձևը, իսկ համապատասխան քվեարկությունը Քնեսեթի օրակարգից հանվել է Բաքվի ազդեցության ներքո։
Արդյունքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին Իսրայելում ավելի առաջ չգնաց, հռչակագրերից այն կողմ, թեև ընդունված էր ավելի բարձր մակարդակով, քան նախկինում։
Ընդ որում, չի կարելի բացառել, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացը ներառել է նաև թուրքական հիմնախնդիրը, այն է` Բաքվի կողմից ապագա փոխադարձ ջանքերը, որոնք ուղղված կլինեն երկկողմ թշնամանքի մեղմացմանը։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Արևմտյան Երուսաղեմի և Բաքվի միջև հարաբերությունները լրջորեն չեն փչացել, ինչը, ամենայն հավանականությամբ, փոխադարձ ռազմավարական նշանակության հետևանք է (նախ և առաջ՝ ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում), որը երկու մայրաքաղաքներում էլ լավ գիտակցում են։
Բացի այդ, իսրայելա-թուրքական իրադրության մեջ Ադրբեջանի ակտիվ ներգրավումը կարող է նշանակել Մերձավոր Արևելքի գործերում Բաքվի ներգրավվածության ուժեղացում` չբացառելով հակամարտությունների կարգավորման փորձերը` այս կամ այն չափով համաժամանակյա ԱՄՆ-ի համանման ջանքերի հետ, որի դիրքերը տարածաշրջանում ակնհայտորեն երերուն են:
Արդյունքում, նույնիսկ, եթե «Աբրահամյան համաձայնագրերին» Բաքվի միանալու նախագծից որոշվի ժամանակավորապես կամ վերջնականապես հրաժարվել, կարող են հաջորդել այլ նախաձեռնություններ, որոնք ուղղված են մերձավորարևելյան դասավորություններում Ադրբեջանի ավելի լայն ներգրավմանը` ի շահ՝ ինչպես մերձկասպյան երկրի աճող հավակնությունների, այնպես էլ՝ ամերիկյան արտաքին քաղաքականության:
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

