Մերձավոր Արևելք. Իրանի և Իրաքի քրդերը ձգտում են խուսանավել ԱՄՆ-ի և Իսրայելի արկածախնդրություններում ներգրավվածությունից
Թրամփի վարչակազմը շարունակում է պատերազմն Իրանի դեմ, մինչդեռ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան՝ հարձակվում է Պարսից ծոցում և նրա սահմաններից դուրս գտնվող ամերիկյան օբյեկտների վրա: Հուլիսին և, հավանաբար, օգոստոսի սկզբին իրանական ուժերը կամ նրանց հետ կապված խմբավորումները գնդակոծել են Իրաքի հյուսիսում քուրդ ընդդիմադիրների ջոկատների բազաները:
Komala կուսակցության միջազգային կապերի պատասխանատու Քեյվան Ֆարամարզին հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում Իրաքյան Քուրդիստանում իրենց օբյեկտների վրա կատարված հարձակումների հետևանքով զոհվել է 10 մարտիկ: Թեև ոչ ոք չի ստանձնել հարվածների պատասխանատվությունը, Ֆարամարզին կասկածում է Իրանին. «Այս հարձակումները մասն են կազմում Իսլամական Հանրապետության կողմից իրականացվող այն քաղաքականության, որի նպատակն է հարվածներ հասցնել Իրանից դուրս բազավորված իրանական քրդական ընդդիմադիր կուսակցություններին»։
Իրանական մյուս քրդական խմբավորումները հայտնել են Իրաքում, ինչպես նաև հենց Իրանի տարածքում նման հարձակումների մասին, որոնք հաջորդել են իսրայելական ԶԼՄ-ների այն հաղորդագրություններին, թե Թուրքիան ճնշում է գործադրել ԱՄՆ-ի վրա՝ ստիպելով նրանց հրաժարվել իրանցի քուրդ զինյալներին սահմանով տեղափոխելու գործողությունից: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իսրայելն ու ԱՄՆ-ը ծրագրել են երկրի պառակտումը քրդական խմբավորումների օգնությամբ (ինչն ամբողջությամբ հաստատվում է փաստերով), և, որ «եթե որևէ սպառնալիք մեր ուղղությամբ հասնի Իրաքյան Քրդստանից, մենք անպայման կպատասխանենք»:
Ինչպես ավելի վաղ, Իրաքում իրանական քրդական խմբավորումները հերքում են իրենց մասնակցությունն Իրանում ռազմական գործողություններին կամ այն բանին, որ Թրամփն իրենց ցամաքային որևէ գործողություն է առաջարկել: «Մենք նման ծրագրի մասին տեղեկություն չունենք, և չկան հավաստի ապացույցներ, որոնք կհաստատեն այդ հայտարարությունները։ Նման հաղորդագրությունները, ամենայն հավանականությամբ, ԶԼՄ-ների շահարկումներ են և չեն արտացոլում գործերի իրական վիճակը»,- պնդում է Ֆարամարզին։
Նրա հետ համամիտ է նաև Քուրդիստանի ազատության կուսակցության (PAK) ներկայացուցիչ Հանա Յազդանպանահը․ «Մենք նույնպես նման մտադրություններ չունենք»։Նրա խոսքով՝ PAK-ը մասնակցել է բնակիչներին անվտանգության ծառայություններից պաշտպանելուն տարեսկզբին հակակառավարական ցույցերի ընթացքում, սակայն դիվերսիոն ակցիաներին մասնակցելու մասին ցանկացած պնդում իրականության հետ ոչ մի կապ չունի: «Ոչ Քուրդստանը, ոչ մենք՝ որպես Քուրդիստանի ազատության կուսակցություն, և ես կարող եմ նույնն ասել քրդական մյուս կուսակցությունների մասին, չեն մասնակցել որևէ նման գործողության, և մենք ոչ մի զենք կամ ռազմական տեխնիկա չենք ստացել»:
Այնուամենայնիվ, Թեհրանում այս խմբավորումները նախկինի պես դիտարկում են որպես լուրջ սպառնալիք:

Ըստ «Minority Rights Group International» կազմակերպության կայքում զետեղված տեղեկանքի՝ քրդերը կազմում են Իրանի բնակչության մոտ 10%-ը և բնակվում են հիմնականում արևմտյան Քուրդիստան, Քերմանշահ, Արևմտյան Ադրբեջան և Էլամ նահանգներում: Իրանական քրդական ընդդիմադիր մի քանի շարժումներ, որոնց Թեհրանը համարում է ահաբեկչական խմբավորումներ, տասնամյակներ շարունակ գործել են Իրաքի հյուսիսում գտնվող բազաներից: Դրանց թվում են Komala-ն, PAK-ը, Իրանի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը (PKDI), «Խաբատ»-ը և «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցությունը» (PJAK), որը կապված է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։
Չնայած այդ կազմակերպությունները տարբեր քաղաքական հայացքներ ունեն, նրանց մեծ մասը ելնում է Իրանում քրդական համայնքների ինքնապաշտպանության և հետագայում իրանական Քրդստանի «ազատագրման» անհրաժեշտությունից: Փետրվարի 22-ին՝ «էպիկական ցասում» գործողության ակտիվ նախապատրաստման շրջանում, հինգ կուսակցություններ հայտարարեցին կոալիցիա ստեղծելու մասին, որն ուղղված է «Իրանի Իսլամական Հանրապետության տապալման» համատեղ աշխատանքին:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծենում էր, թե իբր «շատ» զենք է ուղարկել Իրանում հակակառավարական ցուցարարներին, և, որ քրդերը «վերցրել են» այն, ինչը նրանք հերքեցին։ «Մենք դաշինք ենք ստեղծել, որպեսզի ուժեղացնենք և ակտիվացնենք պայքարն Արևելյան Քրդստանում և ամբողջ Իրանում՝ Իսլամական Հանրապետության դեմ։ Այս պայքարում մենք օգտագործում ենք դիմադրության բոլոր մատչելի մեթոդները»,- ասում է Յազդանպանահը՝ հավելելով, որ կոալիցիան «հայտարարել է ամերիկա-իրանական հակամարտությունում իր չեզոքության մասին և պահպանել այն»:
2019-ին PAK-ը հայտարարել էր իր շարքերում մոտ 1000 զինյալների առկայության մասին, իսկ «Քուրդիստանի ժողովրդավարական դաշինքը», Komala-ն և «Խաբատը», ինչպես ենթադրվում է, ունեն մոտավորապես նույն թվով զինված կողմնակիցներ: PJAK-ի պաշտոնյաները պարծենում էին 3000 զինյալների առկայությամբ, բայց նույնիսկ միասին վերցրած, այդ թվերը շատ ավելի քիչ են, քան ԻՀՊԿ-ի զինված ակտիվը և հարյուր-հազարավորները «Բասիջ» կամավորական կազմավորումներում: Այսպիսով, քրդական «կոալիցիան» ակնհայտորեն բավարար ուժ չունի Իրանի կառավարությունը տապալելու համար։ Ավելին, քրդական կուսակցություններն ավելի ու ավելի են հիասթափվում շարունակվող հակամարտությանն իրենց ռազմական մասնակցության մասին կրկնվող հաղորդագրություններից։
«Կողմերը մեծ զգուշությամբ են վերաբերվել պատերազմին։ Մենք պետք է դա լուրջ ընդունենք և ցույց տանք նրանց սեփական մտածողությունն իրենց հնարավորությունների և տվյալ պահին բացվող հնարավորության որակի վերաբերյալ: Դա, հավանաբար, հիասթափեցրեց ԱՄՆ-ի և Իսրայելի որոշ անխոհեմ պլանավորողների սպասելիքները, որոնք, կարծես, չեն գնահատել տեղական դինամիկան»,- ասում է Chatham House-ի աշխատակից Ուինտրոպ Ռոջերսը:
Ֆարամարզիի խոսքերով՝ Komala կուսակցության հիմնական դերը կայանում էր «ամբողջ Իրանում քաղաքացիական և բողոքի շարժումների կազմակերպման, աջակցման և ամրապնդման մեջ», և հենց դա էր մտահոգում կառավարությանը։ «Այս հարձակումներով Իսլամական Հանրապետությունը փորձում է թուլացնել այդ քաղաքական ու կազմակերպչական ներուժը և միաժամանակ սպառնալիքի ուղերձ հղել բոլոր ընդդիմադիր ուժերին»,- ասաց նա։
Սպիտակ տան առաջարկը՝ միանալու «Մոսադի» և ԿՀՎ-ի կողմից նախապատրաստվող արկածախնդրությանը, իրանական քրդերին դրեց դժվար կացության մեջ։ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը (ԻՔԴԿ)՝ Էրբիլի իշխող կուսակցությունը (Բարզանիի կլանը), կապված է Իրանի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության հետ, որը, որոշ տվյալներով, պետք է գլխավորեր զինված ելույթները։ Սակայն քուրդ առաջնորդները, մեղմ ասած, բավարար հիմքեր չունեին վստահելու Թրամփի վարչակազմին այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Սիրիայի քրդերի հետ, որոնց ԱՄՆ-ը լքեց հօգուտ Դամասկոսում աշ-Շարայի վարչակարգի։
Քրդական աղբյուրների տվյալներով՝ ամերիկա-իսրայելական պլանը նախատեսում էր նաև փեշմերգայի ջոկատների՝ Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի զինված ուժերի մասնակցությունն ապստամբությանը, քանի որ ամերիկացիները կասկածանքով էին վերաբերվում Իրանի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության հնարավորություններին, սակայն Էրբիլում չպաշտպանեցին այդ գաղափարը։
Իրաքի գծով թուրք փորձագետ Մեհմեթ Ալաչան հայտարարել է, որ Թեհրանի կողմից ռազմական ճնշման ուժեղացումը կարող է ակամայից դրդել ընդդիմադիր քրդական խմբակցություններին, ինչպիսիք են Իրանի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը, Komala-ն և Քուրդիստանի ազատության կուսակցությունը, մերձենալու Արևմուտքի, հատկապես Իսրայելի հետ: «Իրաքի Քուրդիստանի շրջանը, որի տարածքում այդ խմբավորումները տեղակայվել են երկար տարիներ, ամենամեծ կորուստները կկրի իրադարձությունների նման զարգացման դեպքում:
Բացի տարածաշրջանը Իրանի և Իսրայելի միջև մրցակցության նոր ճակատի վերածելու ռիսկից, այս սցենարը կարող է էլ ավելի թուլացնել հավասարակշռությունը Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև (Իրաքում)՝ մի կուսակցության, որը գլխավորում է Թալաբանի ընտանիքը։
Բացի այդ, դա կարող է Թեհրանին առիթ տալ անվտանգության ապահովման պատրվակով էլ ավելի ընդլայնելու իր ազդեցությունը տարածաշրջանում»։
Ալաչիի խոսքերով՝ Թուրքիան ձգտում էր նվազեցնել Իրանի ազդեցությունն Իրաքի հյուսիսում՝ կապեր հաստատելով ավանդաբար «ամերիկամետ/պրոիրանական» Քուրդիստանի հայրենասիրական միության (PUK) հետ, մասնավորապես՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ և Քուրդիստանի հայրենասիրական միության բարձրաստիճան ներկայացուցիչ Ղուբադ Թալաբանիի՝ Անկարա կատարած այցի ժամանակ։
Հուլիսի 1-ին Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել էր Սուլեյմանիա՝ և Քուրդիստանի հայրենասիրական միության ղեկավարության հետ բանակցություններ վարելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ Թուրքիայի խաղաղ ջանքերի վերսկսման և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Հայտնի են Անկարայի սերտ կապերը Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (Էրբիլ) հետ, մինչդեռ «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ հարաբերությունները վատթարացել են այն մեղադրանքների պատճառով, թե Քրդստանի աշխատավորական կուսակցությունն իբր ընդլայնել է իր գործունեությունը Սուլեյմանիայի շրջակայքում։
2023 թվականին Թուրքիան փակել էր իր օդային տարածքը Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանից մեկնող չվերթերի համար՝ վկայակոչելով Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը։ Արգելքը հանվել է 2025 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների զինաթափման խաղաղ նախաձեռնությունը մտավ ակտիվ փուլ։
«Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը և Քուրդիստանի հայրենասիրական կուսակցությունը, չնայած շատ հարցերում իրենց կատաղի մրցակցությանը, ընդհանուր դիրքորոշում են որդեգրել, ըստ որի՝ իրանական քրդական ընդդիմադիր խմբերը չպետք է մասնակցեն իրանական հակամարտությանը։ Թուրքիայի համար ամենակարևոր ասպեկտը խաղաղ գործընթացն է և անվտանգության նոր ճարտարապետությունը, որը նա ձգտում է ստեղծել Քրդստանի աշխատավորական կուսակցության ջախջախումից հետո:
Իրանի և Իսրայելի միջև մրցակցության տարածումը Իրաքյան Քուրդիստանի վրա և քրդական հարցի վերադարձը տարածաշրջանային իշխանության համար պայքարի կենտրոն ուղղակիորեն կխաթարեն Թուրքիայի երկարաժամկետ հաշվարկները անվտանգության ոլորտում»,- կարծում է Ալաչին։
Վերջերս «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասրուր Բարզանին հերքել է տարածաշրջանն Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու որևէ «ճնշում», ինչպես նաև հայտարարել է, որ Էրբիլի իշխանությունները չեն աջակցում Իսրայելի հետ հարաբերություններին, մինչդեռ Սիրիայի և Թուրքիայի հետ կապերը խորանում են և բնութագրվում են «փոխադարձ համագործակցությամբ»: Անշուշտ, դա այդպես է, սակայն այն ուժերը, որոնք ձգտում են հերթական անգամ վառել «քրդական հարցի» պատրույգը, հենց այնպես չեն հրաժարվի իրենց մտադրություններից։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

