Իրանը ձգտում է արագացնել «քրդական ճակատի» ակտիվացումը. Անդրեյ Արեշև

Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 17-ին հրթիռային հարված են հասցրել Քրդստանի աշխատավորների կուսակցության «Կոմալա» կենտրոնակայանին, որը գտնվում է Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավար շրջանի Սուլեյմանիա քաղաքի մոտակայքում:

Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Մի քանի հրթիռներ խոցել են Զիրգվեզ շրջանում գտնվող բազան, ևս մի քանի արկ ընկել են մոտակա վայրերում։ Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Մարսուր Բարզանիի գրասենյակում դատապարտել են «Իրանի Իսլամական Հանրապետության անհիմն հարձակումները Քուրդիստանի վրա»:

«Կոմալան» Իրանի ամենահին ընդդիմադիր խմբավորումներից մեկն է։ Հայտնվել է 1960-ականների վերջին՝ որպես ձախակողմյան քրդական շարժում այն նկատելի ուժ դարձավ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած անկարգությունների ժամանակ։ Իրանի տարածքում մի քանի տարվա ռազմական գործողություններից հետո «Կոմալան» հիմնական գործառնական կենտրոնը տեղափոխել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ ստեղծել է քաղաքական և ռազմական շտաբ, ինչպես նաև ճամբարներ:

Առաջին հայացքից՝ հուլիսի 17-ի դեպքերը կարող են թվալ միայն Թեհրանի կողմից իրեն թշնամական քրդական զինված խմբավորումների դեմ տարվող բազմամյա արշավի հերթական դրվագը: Սակայն միանգամայն իրազեկ Al Monitor պարբերականը մատնանշում է ավելի նշանակալից գործընթացներ, որոնք վկայում են Թեհրանի խորը մտահոգության մասին «քրդական հարցի» արդիականացման վերաբերյալ՝ վերսկսված ռազմական էսկալացիայի հետ մեկտեղ։

Կարդացեք նաև

Վերջին օրերին Թեհրանի և Վաշինգտոնի նոր դիմակայությունն ավելի ու ավելի է դուրս գալիս հենց Իրանի տարածքից՝ ներառյալ հարձակումներն ամերիկյան օբյեկտների վրա հարևան պետությունների տարածքներում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են «Էփշտեյնի կոալիցիայի» ագրեսիվ գործողություններում:

Իրանի ղեկավարությունը ոչ պակաս ուշադրություն է դարձնում նաև ներքին ապակայունացման ռիսկերի կանխմանը, առաջին հերթին՝ երկրի արևմտյան սահմանին: Քրդական էթնոաշխարհագրական արեալի՝ չորս պետությունների (Իրան, Իրաք, Թուրքիա և Սիրիա) միջև պատմականորեն բաժանված լինելու պատճառով, Իրանի համար արտաքին և ներքին քաղաքական օրակարգերը սերտորեն փոխկապակցված են:

Թեհրանում ավանդաբար Իրաքյան Քուրդիստանում տեղակայված զինված խմբավորումները («Կոմալա», Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն, Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն-PJAK և այլն) դիտարկում են որպես ռազմական գործոն, որը կարող է սահմանվել ներքին ալիքների կամ արտաքին հակամարտության ժամանակ: Իրանի իշխանությունները բազմիցս և ապացուցելիորեն մեղադրել են վերոնշյալ քրդական խմբավորումներին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ՝ այդպիսով բացատրելով Իրաքի հյուսիսում բազմիցս հրթիռային և անօդաչու հարվածները:

Այս մտավախություններն ուժեղացան ներկայիս հակամարտության սկսվելուց հետո։ Մարտի սկզբին իսրայելական և մի շարք այլ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ որոշ քրդական խմբավորումներ պատրաստ են ներխուժել Իրանի արևմտյան նահանգներ՝ հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում։

Պենտագոնի էմիսարները քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ուժերի հետ գործողությունների համակարգման հնարավորությունը և, թեև մանրամասները տարբեր կերպ են մեկնաբանվում, Իրանի ղեկավարության համար նման սպառնալիքի առկայությունը կարող է ոչ պակաս նշանակություն ունենալ, քան դրա իրական իրականացումը:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Թեհրանը ձգտում է ոչ միայն զրկել քրդական կազմակերպություններին գործողությունների օպերատիվ տարածությունից, այլև կանխել որոշ ազդակներ, որոնք, հնարավոր է, կարող են քրդերին տալ ամերիկացիները կամ իսրայելցիները: Չնայած միանգամից մի քանի տարածաշրջանային հակամարտություններում ներգրավվածությանը՝ Թեհրանը ոչ մի պարագայում բաց չի թողնի վերահսկողությունն էթնիկ փոքրամասնությունների հոծ բնակեցման սահմանամերձ շրջանների նկատմամբ։

Արտաքին աջակցության վրա հենված քրդական խմբավորումների կողմից հնարավոր մարտահրավերը կենտրոնական իշխանություններին լուրջ խնդիր կարող է ստեղծել։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, երկիրը համակած քաոսի խորապատկերին, Իրանի արևմտյան նահանգները պարբերաբար դառնում էին զինված ապստամբությունների թատերաբեմ։

Հետագա շրջանում քրդական շրջանները զգալի դեր խաղացին համազգային բողոքի մի քանի ալիքներում, հատկապես՝ «Մահսա Ամինիի անկարգությունների» ժամանակ 2022-2023 թվականներին։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գաղթական քրդական կազմակերպությունները փորձել են այդ ցույցերն օգտագործել իրենց շահերի համար՝ գործելով արտաքին հետաքրքրությունների հետ սերտ կապի մեջ:

Առկա փորձը շարունակում է որոշել Թեհրանի կողմից սպառնալիքների գնահատումը նաև այսօր: Իրանի ղեկավարության կարծիքով՝ զինված հակամարտությունը հակառակորդների համար հնարավորություններ է ստեղծում ոչ միայն ուղղակի ռազմական ճնշման միջոցով, այլև պետությունից ունեցած վաղեմի ու չբավարարված պահանջներով բնակչության շրջանում անկարգությունների խթանման հաշվին։

Քրդական խմբավորումների համար ավելի ու ավելի է բարդանում երկընտրանքը: Սակայն Թեհրանի վրա ճնշման ուժեղացումը կարող է ընկալվել՝ որպես իր մասին կրկին հայտարարելու հնարավորություն։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային դիմակայությունն այդ կազմակերպություններն ավելի խոցելի է դարձնում Իրանի կողմից ռազմական ճնշման ուժեղացումից առաջ, ինչն էլ, ըստ էության, ցույց տվեց կանխարգելիչ հարվածը «Կոմալա» կուսակցության ռազմակայանին։

Նույնիսկ, եթե քրդական կազմակերպությունները կարողանան խուսափել Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն հակամարտությանն անմիջական մասնակցությունից, Թեհրանը, միևնույն է, կարող է գալ այն եզրակացության, որ կանխարգելիչ գործողություններն անհրաժեշտ են ապագա սպառնալիքները կանխելու համար՝ դրա համար համապատասխան գործնական գործողություններ ձեռնարկելով:

Այսպես, ընդդիմադիր քրդական կուսակցությունների տվյալներով (որոնք, հնարավոր է, չափազանցված են և լրացուցիչ հաստատման կարիք ունեն, բայց այնուամենայնիվ), վերջին շաբաթներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հազարավոր զինծառայողներ և ծանր սպառազինություն է տեղափոխել Իրաքյան Քրդստանի հետ սահմանին մերձակա շրջաններ։

Համալրումների թվում են «Saberin» հատուկ նշանակության ուժերի 3000 մարտիկներ, ցամաքային և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, հրետանի, տանկեր (այդ թվում՝ «Զուլֆիկար» և արդիականացված Տ-72 մեքենաներ), «Էմադ» ու «Ֆաթեհ» հրթիռային արձակման կայանքներ և «Շահեդ», «Մոհաջեր» ու «Մերաջ» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրականացնում են հետախուզական թռիչքներ։

Քրդական ընդդիմության առաջնորդների խոսքով՝ ուժերի կազմն ու սպառազինությունը դուրս են գալիս սահմանների անվտանգության ապահովման սովորական միջոցառումների շրջանակներից և վկայում են ավելի մասշտաբային ռազմական դիմակայության նախապատրաստման մասին։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն տեղադրել է դիտարկման և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, որոնք ընդունակ են շարքից հանել անօդաչու թռչող սարքերը, հետևել ռադիոլոկացիոն ազդանշաններին և խափանումներ ստեղծել արբանյակային կապի համար, որոնք իբր գործում են «ռուս սպաների և խորհրդականների անմիջական վերահսկողության ներքո»՝ հաշվի առնելով այն, որ «Թեհրանը վերջին երկու տարվա ընթացքում սարքավորումները գնել է Մոսկվայից»։

Հուլիսի սկզբին Իրանի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության 6 մարտիկներ սպանվել էին ԻՀՊԿ-ի դարանակալման հետևանքով Արևմտյան Ադրբեջան նահանգի Պիրանշեհր քաղաքի մոտակայքում:

Քրդական մեկ այլ խմբավորում՝ PJAK -ը, հայտարարել է, որ իր չորս մարտիկները սպանվել են Մեհաբադում հունիսի վերջին, իսկ Քուրդիստանի ազատության կուսակցությունը հայտնել է Էրբիլում իրանցի գործակալների ձեռքով իր ակտիվիստներից մեկի մահվան մասին: Բացի այդ, հունիսի կեսերից ԻՀՊԿ-ն ակտիվացրել է գործողությունները տեղի բնակիչների դեմ, որոնք ամռանն իրենց նախիրներն են քշում լեռնային սահմանամերձ տարածաշրջանով՝ լավագույն արոտավայրերը որոնելու համար:

«Կոմալա»-ի ներկայացուցիչ Ա Հոշնամակի խոսքով՝ ուժերի տեղակայման մասշտաբը վկայում է այն մասին, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում է ցամաքային գործողությունների, սակայն «քրդական մարտիկներն ընդունակ են հակահարված տալ իրանական ուժերին, եթե ԻՀՊԿ-ն հարձակումներ կամ ցամաքային հարձակողական գործողություն սկսի»։

«Չնայած մեր դեմ Իրանի շարունակվող հարձակումներին՝ Իրանի դեմ հանդես եկող քրդական կուսակցությունների դաշինքը դեռևս որոշում չի կայացրել Իրանի տարածք ներխուժելու և Իսլամական Հանրապետությանը դիմակայելու մասին։ Բայց հիմա մենք պետք է այդ որոշումը կայացնենք միասին և մշակենք դրա իրականացման համակարգված պլաններ։

Ներկայիս պատերազմը դրա համար լավագույն հնարավորությունն է ընձեռում»,- ասում է Քրդստանի ազատության կուսակցության մամուլի քարտուղար Խալիլ Նադրին՝ հավելելով, որ ԻՀՊԿ-ն լրացուցիչ ուժեր և սպառազինություն է տեղակայում նաև հարավային Խուզեստան նահանգում և Սիստան ու Բելուջիստանում։

Թեև նման պնդումներում, ամենայն հավանականությամբ, առկա է քարոզչության տարր, այդուհանդերձ ընթացիկ դինամիկան սպառնում է Քրդական ինքնավար մարզն էլ ավելի ներքաշել առճակատման մեջ, որից Էրբիլի իշխանությունները երկար ժամանակ ձգտում էին հեռու մնալ՝ փորձելով պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը Վաշինգտոնի, Բաղդադի և Թեհրանի հետ միաժամանակ շփումների միջոցով և ամեն կերպ հակվելով տարածաշրջանային տերությունների պայքարի դաշտ դառնալուն։

Տարածաշրջանի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի գաղտնալսման բացակայությունը, քրդական ընդդիմության օբյեկտներին հարվածող հանդերձանքը, իսկ այժմ՝ նաև միջազգային էներգետիկ կորպորացիաների կողմից նավթի արդյունահանման դադարեցումը լիովին ցույց են տալիս, թե որքան դժվար է դարձել պահպանել այդ հավասարակշռությունը։

Ի վերջո, Իրանի գործողություններն արտացոլում են անվտանգության ապահովման վաղուց ձևավորված ռազմավարությունը, այդ թվում՝ հենվելով մերձավոր հարևանների հետ իրավիճակային դաշինքների վրա։ Այսպես, վերջին հարցազրույցներից մեկում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է Թուրքիայի «արդյունավետ» դերն այն բանի կանխման գործում, ինչը նա անվանել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող քրդական ապստամբություն, որը պետք է սկսվեր Իրաքյան Քրդստանում:

Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ագրեսորների՝ «Իրանը մասնատելու» ծրագրերի մասին տեղեկություն ստանալուց հետո ինքը կապ է հաստատել Իրաքի վարչապետի, իրաքյան քրդերի առաջնորդների և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ նախազգուշացնելով նրանց, որ, «եթե մեր նկատմամբ փոքրագույն սպառնալիք առաջանա Իրաքյան Քուրդիստանի կողմից, մենք կդիմադրենք։ Եվ մենք, անշուշտ, կպատասխանենք»: Դրանից հետո, ըստ Արաղչիի, Թուրքիան «խոսել է ամերիկացիների հետ և շատ հաստատակամ դիրքորոշում ընդունել այս հարցում։ Ձեռնարկված մի շարք միջոցառումներ ձախողեցին այդ պլանը»։

Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Թրամփը պատմել էր, որ Էրդողանը դիտարկում էր Իրանի կողմից հակամարտության մեջ ներգրավվելու հնարավորությունը, սակայն, ի վերջո, ձեռնպահ մնաց այն բանից հետո, երբ Թրամփը կոչ արեց նրան չմիջամտել։ Իսկ իսրայելական «Kan» հեռուստառադիոընկերությունը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ մարտի սկզբին Թուրքիան սպառնացել է Իրանին օդային աջակցություն ցուցաբերել, եթե քրդական ուժերը ներխուժեն երկիր «Մոսադի» ցամաքային գործողությունների շրջանակներում։

Ակներև է՝ պոտենցիալ սպառնալիքների ի հայտ գալուն սպասելու փոխարեն, Իսլամական Հանրապետությունը ձգտում է չեզոքացնել դրանք, նույնիսկ նախքան նրանք կկարողանային սպառնալից հնչողություն ձեռք բերել: Հենց այս մոտեցումն է տասնամյակներ շարունակ թելադրում Թեհրանի քաղաքականությունը քրդական և այլ էթնո-կրոնական խմբավորումների նկատմամբ, սակայն ընդհանուր համատեքստը լրջորեն փոխվում է։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Իրանը միաժամանակ անմիջական առճակատում է վարում Միացյալ Նահանգների հետ՝ բախվելով աճող ռազմական ճնշումների և վախենալով ներքին ապակայունացումից, ինչպես դա տեղի է ունեցել պատմության բեկումնային պահերին: Այս պայմաններում «քրդական հարցը» դադարում է լինել զուտ սահմանային խնդիր՝ դառնալով տարածաշրջանային և արտաքին խաղացողների ավելի լայն ռազմավարության մաս։

Չնայած քրդական ընդդիմադիր կազմակերպություններն առայժմ հրապարակավ չեն հայտարարել ներկայիս հակամարտությունից օգտվելու մտադրության մասին, իսկ հնարավոր անդրսահմանային գործողությունների մասին շատ հաղորդագրություններ ենթադրություններ են մնում, Թեհրանը գործում է հենց կանխարգելիչ գործողությունների տրամաբանությունից ելնելով՝ ձգտելով թույլ չտալ քրդաբնակ գավառների վերածումը «երկրորդ ճակատի», որի ի հայտ գալն Իրանի իշխանությունների համար խիստ անցանկալի կլիներ:

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

eadaily.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031